Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ժողովրդավարական երկրների կողմից ֆաշիստական ռեժիմի տապալումը ազատագրական պայքար մղելու բարենպաստ պայմաններ ստեղծեց Ասիայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։ Գաղութատիրական համակարգերն անկում էին ապրում, և բնակչությունն իրավունք էր ստանում իր ձայնն ավելի լսելի դարձնելու։ Վերոնշյալ զարգացումները ուղիղ կերպով ազդեցին նաև քրդական հարցի վրա[1]։
Քրդերը էթնիկ խմբեր են, որոնք բնակվում են Մերձավոր Արևելքում՝ ավելի խոշոր բնակչությունը Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում և Իրանում։ Քրդերի մեծամասնությունը սուննի մուսուլմաններ են, որոնք ունեն իրենց լեզուն և մշակույթը։ Օսմանյան կայսրության տապալումից հետո, քրդական պատմության կարևոր կետը եղել է ինքնորոշման իրավունքը։ Ասիայի հարավ-արևմտյան աշխարհագրական հատվածը, որն ավելի հայտնի է ոչ պաշտոնական Քրդստան անվամբ` առանձին պետություն չէ, այլ միավորում է մի քանի տարածաշրջանային պետությունների տարածքները։ Քրդական սփյուռքի ծագումը ի հայտ է եկել 1920թ. Սևրի պայմանագրի կնքումից հետո, որը «Քրդստանը» բաժանեց Իրաքի, Սիրիայի և Քուվեյթի։ Քրդերին խոստացան տրամադրել անկախ «Քրդստանի պետություն», սակայն, 1923թ. Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը տապալեց թուրքական միապետությունը։ Նա մերժեց անկախ քրդական պետությունը և այդ ժամանակից ի վեր Թուրքիայի քրդերի հանդեպ սկսվեց հալածանքը և ժխտողական քաղաքականությունը։ Թուրքիայի կառավարությունը նաև մերժեց քրդերենն ու քրդական ինքնությունը՝ փոխարենը անվանելով նրանց «լեռնային թուրքեր» և պարտադրելով թուրքականը[2]:
Թուրքիայի Հանրապետության ստեղծումից հետո, այդ տարածքում ապրող քրդերի թիվը պաշտոնական տվյալների համաձայն հասնում էր 900.000-ի, մինչդեռ ծագումով թուրքերի թիվը 13-14 մլն էր։ Սակայն կար ևս մեկ կարևոր կետ. ոչ բոլոր քրդերն ունեին բավական քաջություն հայտնելու իրենց քրդական ծագման մասին, իսկ նրանց մի հատվածն արդեն ընդունել էին թուրքական ինքնությունը։ Այդ իսկ պատճառով երբեմն դժվար է դառնում նշել Թուրքիայի Հանրապետության ստեղծումից ի վեր այդ տարածքում բնակվող քրդերի հստակ թիվը[3]։
Այսօր Մերձավոր Արևելքում մոտ 30-40 մլն քուրդ է բնակվում, հիմնականում Իրաքյան Քրդստանում, որը գտնվում է Իրաքի հյուսիսային հատվածում։ Թուրքիայում բնակվում են 10-20 մլն քուրդ, այսինքն ընդհանուր բնակչության մոտ 15-25%-ը, այն դեպքում, երբ Իրաքում բնակվող 7 մլն-ը կազմում է ընդհանուր բնակչության 25%-ը։ Քրդերի մոտ 8 մլն-ը բնակվում է Իրանում, իսկ Սիրիայում՝ մոտ 2 մլն, ինչն այդ պետությունների ընդհանուր բնակչության թվի 10%-ն է կազմում։ 1923-1929թթ․ գոյություն ուներ նաև, այսպես կոչված, «Կարմիր Քրդստանը», որի տարածքները գտնվում էին Հայաստանի և Արցախի միջև: Քրդերի մեծամասնությունը բնակվում են Իրաքյան Քրդստանից դուրս, իսկ Թուրքիայի 2-րդ մայրաքաղաք՝ Ստամբուլը, ամենամեծ քրդաբնակ քաղաքն է հանդիսանում Դիարբեքիր (նախկին Տիգրանակերտ) քաղաքից հետո։ Գոյություն ունի քրդական մեծ սփյուռք Եվրոպայում՝ հատկապես Գերմանիայում և Շվեդիայում[4]:
Կարդացեք նաև
Քրդական հիմնական քաղաքական ուժերն ի հայտ են եկել 1960-1970-ական թթ.` համախմբվելով հակագաղութացման գաղափարի շուրջ։ 1978թ. Դիարբեքիրում հիմնադրվեց Քրդական բանվորական կուսակցությունը (ՔԲԿ/ Partiya Karkêren Kurdistane-PKK), որի հիմնադիր-ղեկավարն էր Աբդուլլահ Օջալանը։ Կուսակցությունը իր աջակցությունը հայտնեց իր եղբայրներին՝ ազատ, անկախ և միասնական Քրդստանի ստեղծման գործընթացում։ Շուտով՝ Մերձավոր Արևելյան տարբեր երկրներում սկսեցին ի հայտ գալ քրդական այլ կուսակցություններ և խմբավորումներ՝ «Ժողովրդավարական միություն» (ԺՄ/ Partiya Yekîtiya Demokrat-PYD)՝ Սիրիայում՝ Սալիհ Մուսլիմ Մուհամեդի գլխավորությամբ, «Քրդստանում ազատ կյանքի կուսակցություն» (ՔԱԿԿ/ Partiya Jiyana Azad a Kurdistanê-PJAK)` Իրանում՝ Հաջի Ահմադիի գլխավորությամբ և Իրաքում հիմնադրված «Քրդական ժողովրդավարական լուծում կուսակցությունը» (ՔԺԼԿ/Partî Çareserî Dîmukratî Kurdistan-PCDK)` Դիյար Գարիփի և Նեջիբե Օմերի գլխավորությամբ[5]։
Թուրքիայի քաղաքական պատմության մեջ 1984թ. կարելի է որակել որպես բեկումնային կետ։ Հենց այս ժամանակաշրջանից քրդական խնդիրը նորովի տեղ զբաղեցրեց Թուրքիայի քաղաքական օրակարգում։ ԹՀ կառավարության առաջնահերթ խնդիր էր դառնում տարածքային անսասանության ապահովումը, քանի որ քրդական պարտիզանական ջոկատները՝ ի դեմս քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) սկսեցին նոր թափ հավաքել[6]։
ՔԲԿ-ի պատմությունը կարելի է բաժանել մի քանի փուլի. 1973-1977թթ. գաղափարական միավորման ժամանակաշրջանն էր, իսկ 1977-1979՝ կուսակցական կառուցման։ 1979-1984թթ. թաքնված պատերազմական տարիներն էին, իսկ 1984-1999 նրանք ակտիվ պատերազմում էին թուրքական իշխանությունների դեմ։ Սկսած խմբավորման ղեկավար Աբդուլլահ Օջալանի՝ Քենիայում առևանգումից (1999թ, փետրվարի 15) մինչև 2004թ., կուսակցությունը մեծ ճգնաժամի մեջ էր գտնվում։ 2004-ից սկսած ՔԲԿ-ն վերակազմավորվեց և վերադարձավ իր բնականոն գործունեությանը, որի ղեկավարումը ստանձնեց կուսակցության համահիմնադիր Մուրաթ Քարայըլանը[7]։
1978 թ. սկսած, ՔԲԿ-ն բացահայտ զինված պայքար է մղում կառավարության դեմ՝ նպատակ ունենալով Թուրքիայի հարավարևելյան և Իրաքի հյուսիսարևմտյան մասերում ստեղծել քրդական պետություն։ Այդ կուսակցությունը առաջ է քաշում քրդական պետության ստեղծման «դաշնային» սկզբունքը, որը ենթադրում է թուրք-քրդական, իրանա-քրդական, սիրիա-քրդական դաշնության ստեղծումը։ Դա նշանակում է քրդական պետության ստեղծման պահանջ՝ այսպես կոչված «էթնիկական Քրդստանի» շրջանակներում, ինչն, իհարկե, չի կարող ընդունելի լինել Թուրքիայի, Իրանի, Իրաքի և Սիրիայի կողմից։ Կուսակցության հիմնադրումը ծառայելու էր մեկ նպատակի՝ Մերձավոր Արևելքում հիմնել ազատ, անկախ, կոմունիստական գաղափարներ դավանող Քրդստան[8]։
ՔԲԿ-ի կարծիքով` թուրքական, սիրիական, իրանական և իրաքյան գաղութացման դեմ միայն երկարատև պայքարի միջոցով կարելի է հասնել ցանկալի արդյունքի, և իրենց ձևավորման ժամանակահատվածից ի վեր, խմբավորումը սկսեց հաստատվել Թուրքիայի գյուղական հատվածներում և դրա սահմաններից դուրս՝ խորշելու 1980թ. տեղի ունեցած ռազմական հեղաշրջման հետևանքներից։ Արդեն 1990-ականների սկզբին, ՔԲԿ-ն ուներ 10.000 ակտիվ պարտիզանական ջոկատներ և վերահսկողություն էր սահմանել Թուրքիայի հարավ-արևելյան ողջ տարածքում[9]։
«Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ/Adalet ve kalkınma partisi-AK Parti) 2002թ. գալով իշխանության, կարծես թե, իր օրակարգում ուներ արմատական փոփոխությունների մի մեծ փաթեթ, որը սկսվեց քրդերենի ընդունումից և քրդական դպրոցների վերաբացումից, ինչը, մասնավորապես, կապված էր այդ ժամանակահատվածում Թուրքիայի ԵՄ անդամագրվելու մեծ ցանկությամբ, որի հայտը ներկայացրել էին դեռ հեռավոր 1957թ.։ 2005թ., այն ժամանակ դեռ վարչապետ Ռեջեփ Էրդողանը՝ հանրության առջև ելույթ ունենալով ընդունեց Թուրքիայում քրդական խնդրի առկայությունը։ Այն բողոքի մեծ ալիք բարձրացրեց ազգայնականների՝ հատկապես «գորշ գայլեր» (Bozkurtlar) կուսակցության կողմից, և որոշ փորձագետների կարծիքով, հենց վերոնշյալ կուսակցության պատճառով տապալվեց թուրք-քրդական խնդրի քաղաքական լուծման հնարավոր տարբերակը։ Բարեփոխումների փաթեթի մեջ էր ներառված նաև 1990-ականների սկզբին քրդամետ գործունեություն ծավալելու մեղադրանքով բանտարկված մի քանի լրագրողների և քաղաքական գործիչների ազատ արձակումը։ ԵՄ-ն Թուրքիայի անդամակցության առաջին նախապայմանն էր համարում հենց քրդական խնդրի շուտափույթ լուծումը, ի նպաստ որի հանդես է եկել մի շարք արտահայտություններով՝ կոչ անելով թուրքական կողմին զերծ մնալ զինված հարձակումներից և խնդիրը լուծել բացառապես ժողովրդավարական, մարդասիրական և քաղաքական համատեքստում[10]։
Սակայն, Թուրքիային չհաջողվեց հավատարիմ մնալ եվրոպական սկզբունքներին, ինչի արդյունքում էլ ԵՄ անդամակցության գործընթացները սառեցվեցին 2013-ին։ Կարող ենք ասել, որ այդ ժամանակվանից Թուրքիան սկսեց ավելի կոշտ քաղաքականություն վարել թե՛ արտաքին, և թե՛ ներքին դաշտում՝ վերականգնելով քրդերի դեմ նախկին ճնշումները։ Բայց այսուհետ ԱԶԿ-ն ոչ միայն վերահսկելու է Թուրքիայի տարածաշրջանի քրդերին, այլ նաև ոտնձգություններ է կատարելու Սիրիայի տարածքային ամբողջականության նկատմամբ՝ որակելով Սիրիայի հյուսիս և հյուսիս-արևմտյան հատվածում բնակվող քրդերին որպես «վտանգ» և անհրաժեշտ է համարելու այդ տարածաշրջանում թուրք զինյալների ներկայությունը։ 2018թ․հունվարից ի վեր սկսվեց «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը (Zeytin Dalı Harekatı), որը, ըստ ԹՀ նախագահ Էրդողանի` «հայտարարված պատերազմ է ահաբեկչության դեմ»։ Իրականում, միշտ էլ եղել է վտանգը տարածաշրջանի քրդերի միավորման, և, ըստ էության, այս դեպքում ևս ԹՀ կառավարությունը նման քայլով՝ առաջ ընկնելով, պաշտպանել է սեփական տարածքային ամբողջականությունը։ 2016թ․ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը և 2017թ․Իրաքում անցկացված քրդական հանրաքվեն երկու մեծ ահազանգ էին ԱԶԿ-ի համար, ինչով էլ, շատ անգամ, արդարացնում են սեփական կոշտ քաղաքականությունը։
Ներկայիս քրդամետ ժողովրդադեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ/HDP-Halkların Demokratik Partisi) իր գործունեությունը սկսել է 2013թ., (ԱԶԿ կառավարման օրոք), բայց մինչև այդ գործել է տարբեր այլ անվանումների ներքո և ի սկզբանե եղել է Աբդուլլահ Օջալանի նախագիծը. Թուրքիայում ստեղծել քաղաքական կուսակցություն, որը կկարողանա երկրի գլխավոր ամբիոնից բարձրաձայնել քրդերի խնդիրների մասին[11]։ Կուսակցությունը բազմիցս տարբեր ձևերով ճնշումների է ենթարկվել՝ սկսած նրա անդամների ձերբակալումից, ընդհուպ մինչև Թուրքիայում ահաբեկչական համարվող ՔԲԿ-ի հետ համագործակցության մեջ մեղադրանքների։ 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո, բազում ԺԴԿ-ականներ ձերբակալվեցին, որոնք մեղադրվեցին Ֆեթթուլահ Գյուլենին սատարելու և հեղաշրջմանը մասնակցություն ունենալու մեջ։ 2016թ. հետո ԱԶԿ-ի կոշտ քաղաքականությունը դեպի ԺԴԿ-ն կրկնապատկվեց[12]։
2016թ․նոյեմբերի 4-ին ձերբակալվեց ԺԴԿ համաղեկավար Սելահաթթին Դեմիրթաշը, որը մեղադրվում էր Թուրքիայում ահաբեկչական համարվող ՔԲԿ-ի հետ համագործակցության մեջ, որոնք պատրաստվում էին գործողություններ սկսել ԱԶԿ-ի և նախագահ Էրդողանի դեմ, որը հրաժարվել էր իր երկրի տարածքները տրամադրել որպես միջանցք՝ օգնելու իրաքյան քրդերին Քոբանիի մարտերում (2014թ․, հոկտեմբեր)։ Մերժումից հետո ՔԲԿ-ն սկսեց պայքարը ԱԶԿ-ի և Էրդողանի դեմ[13]։
Դեմիրթաշի ձերբակալումը նոր լարվածության պատճառ դարձավ քրդերի և թուրքերի միջև և առավել ևս մեծ լարվածություն մտցրեց քաղաքական դաշտում, թեպետ նրա ձերբակալումից մեկ տարի առաջ՝ 2015թ․փետրվարի 28-ին, Թուրքիայի հայտնի «Դոլմաբահչե» պալատում տեղի ունեցավ քրդական խնդրին վերաբերվող համաձայնագրի կնքում ԱԶԿ-ի և ԺԴԿ-ի միջև, որը հայտնի դարձավ «դոլմաբահչեյի համաձայնագիրը» անվանմամբ։ Ըստ համաձայնագրի` Ա․ Օջալանը պետք է հանդես գար հայտարարությամբ և կոչ աներ ՔԲԿ զինյալներին վայր դնել իրենց զենքերը։ ԺԴԿ ներկայացուցիչները հրավիրեցին ՔԲԿ վերնախավին պատմական համագումարի, որի ընթացքում պետք է գային համաձայնության և վերջ դնեին ռազմական բախումներին[14]։
Համաձայնագրի կնքումից 5 ամիս հետո Էրդողանը՝ Ստամբուլում գտնվող Աթաշեհիր մզկիթում ուրբաթօրյա աղոթքից հետո, հանդես եկավ ելույթով՝ ասելով, որ նա չի ընդունում «դոլմաբահչեյի համաձայնագիրը»։ Նա քամահրանքով արտահայտվեց համաձայնագրի վերաբերյալ՝ ասելով, որ պետությանը վերաբերվող հարցերը պետք է որոշի միայն ազգային ժողովը (Milli Meclis), այլ ոչ թե Դոլմաբահչեյում կնքված ինչ-որ համաձայնագիր՝ ավելացնելով նաև, որ Թուրքիայի կառավարությունը ոչ մի երկխոսություն չի կարող ունենալ ՔԲԿ-ի հետ սերտ կապեր ունեցող կուսակցության հետ[15]։
Մահիր Ունալի խոսքով, Էրդողանը քաջատեղյակ էր հանդիպմանը քննարկված դրույթների մասին և ամենևին դեմ չէր դրանց կյանքի կոչմանը, սակայն ուղղությունը փոխվեց 2015թ․հունիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո[16], որտեղ ԱԶԿ-ն պարտություն տարավ այլ տարիների համեմատ՝ չկարողանալով խորհրդարանական մեծամասնություն կազմավորել (անհրաժեշտ քանակը՝ 276)[17]։ Փոխարենը ԺԴԿ-ն հատեց 10%-ի շեմը՝ իր ներկայացուցչությունն ապահովելով թուրքական խորհրդարանում[18]։ Նույն թվականի նոյեմբեր ամսին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որտեղ արդեն ԱԶԿ-ն «ցնցող հաղթանակ» տարավ իր քաղաքական մրցակիցների նկատմամբ՝ հավաքելով ձայների 49․4%[19]:
Ակնհայտորեն կարող ենք փաստել, որ քաղաքական դաշտում թուրք-քրդական հարաբերությունները էլ ավելի լարված ու անկանխատեսելի փուլ թևակոխեցին 2015թ․հետո։ 2016թ․հուլիսին տեղի ունեցած դեպքերը ավելի արագացրեցին այդ գործընթացը, ինչից հետո նաև ձերբակալվեց Դեմիրթաշը, ով այլևս չէր խանգարելու Էրդողանին։ 2018թ․հունիսի 24-ին տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Դեմիրթաշն իր թեկնածությունն էր դրել ԺԴԿ-ից, ում քարոզարշավով զբաղվում էին կուսակից ընկերները, իսկ նա բանտախցից երբեմն հանդես էր գալիս կոչերով։
Ներկայումս, երբ Թուրքիայի քրդերին միավորող երկու քաղաքական և հասարակական գործիչները իրենց պատիժն են կրում բանտախցում, իսկ անօրինական զինված ջոկատների ըմբոստությունները մշտապես ճնշվում են, Թուրքիային անհրաժեշտ է կարողանալ պահպանել սեփական սահմանների անսասանությունը՝ թույլ չտալով որևէ տեղաշարժ, հատկապես՝ հարավ-արևելյան հատվածում (Սիրիայի հետ շփման գոտում)։ Տեսնելով Իրաքում տեղի ունեցող գործընթացները, Թուրքիայի կառավարությունը այլ քաղաքականություն է որդեգրել, որը թույլ չի տա նույն գործընթացների կրկնությունն իր երկրում։ 2017թ. սեպտեմբերին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած հանրաքվեն շատ լուրջ ազդակ էր Թուրքիայի համար։
Կար վախ, որ նույն անջատողական գործընթացները կսկսվեն նաև երկրի հարավ-արևելյան սահմանում՝ միավորվելով իրենց մյուս եղբայրների և քույրերի հետ, որոնք բնակվում են Սիրիայի հյուսիսային և հյուսիս-արևմտյան հատվածում։ Ինչպես արդեն նշել էինք, 2018թ. սկզբին Էրդողանը որոշեց կանխել դեռ չսկսված շարժումը՝ մոտ 2000 զորք ուղարկելով Սիրիայի Իդլիբ նահանգ՝ պատերազմելու ընդդեմ ահաբեկչության։ Ռազմական գործողությունը ստացավ «Ձիթենու ճյուղ» անվանումը։ Էրդողանն այն որակեց որպես սեփական անվտանգության ապահովում՝ խախտելով Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ոտնահարելով միջազգային օրենքը։ Թեպետ, այդ քայլի համար լուրջ քննադատության չարժանացավ միջազգային կառույցների և առաջնահերթ՝ Սիրիայի կառավարության կողմից։ Գուցե այդ ներխուժումը ձեռնտու էր նաև Սիրիայի կառավարությանը, քանի որ քրդական խնդիրը նրանց օրակարգում ևս առկա է, իսկ ողջ քաղաքացիական պատերազմի թոհուբոհի մեջ անհնար է լուծել այդ խնդիրը ևս։
Եվ խնդրի լուծումը Թուրքիան վերցրեց իր ձեռքը, նաև հայտարարելով, որ հարկը եղած դեպքում կհասնեն նույնիսկ մինչև Իրաք՝ տարածաշրջանից մաքրելու բոլոր ՔԲԿ-ականներին և ահաբեկիչներին[20]։
Սիրիայում քրդերի հանդեպ Թուրքիան վերջին 5 տարիների ընթացքում 3 ռազմական գործողություն է իրականացրել․2016թ․ «Եփրատի վահան», 2018թ․ «Ձիթենու ճյուղ», 2019թ․ «Խաղաղության ակունք»։ Բոլոր այս ապօրինի ներխուժումները Սիրիայի տարածք, Թուրքիան որակել է որպես «պայքար ահաբեկչության դեմ»։ Խախտելով Սիրիայի տարածքային ամբողջականությունը, Թուրքիան, որպես «անվտանգության երաշխիք» պահանջեց ստեղծել իր սահմանից 30-40 կիլոմետր խորությամբ ձգվող անվտանգության գոտի, որը պետք է պահպանեին թուրք ուժայինները։
Սույն գոտու շուրջ բանակցությունները վարվում էին ԱՄՆ-ի հետ, որը, իբրև, տարածաշրջանում քրդերի անվտանգության երաշխավորը պետք է լիներ։ Ակնհայտ է, որ այդ տարածքների հանդեպ Թուրքիան բոլորովին այլ մոտեցում ունի։ Ուսումնասիրելով վերջին շրջանում Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը, որը երբեմն պայմանավորված է նախագահ Էրդողանի անձնական շահերի հետ, ակնհայտ է դառնում, որ Թուրքիան շարունակում է իր ծավալապաշտական քաղաքականությունը։ Պահանջելով, որ տարածքը վերահսկվի թուրք ուժայինների կողմից, Թուրքիան այդպիսով հնարավորություն է ստանում ամբողջովին վերահսկողության տակ վերցնելու «անվտանգության գոտին»։
Տարածաշրջանային նման բարդ իրողության մեջ քրդական խնդիրը «գործիք» է դարձել այն պետությունների ղեկավարների ձեռքերում, որտեղ քրդերը բնակչության զգալի տոկոսն են կազմում։ Վերոնշյալ փաստն անդրադառնում է ոչ միայն այդ պետությունների միջպետական հարաբերությունների, այլ նաև քրդական համայնքների հարաբերությունների վրա։ Սույն հոդվածում խոսեցինք, որ տարբեր պետություններում հաստատված քրդական համայնքները ֆինանսավորվում են տարբեր պետությունների կողմից և շատ անգամ նրանց շահերն ու նպատակները ևս տարբեր են լինում։ Քանի դեռ չկա ներքին համաձայնություն քրդերի միջև, ցավոք, հարցը կմնա անլուծում, իսկ տարածաշրջանային և համաշխարհային գերտերությունները կշարունակեն օգտագործել «քրդական հարցը»՝ առաջ տանելու սեփական շահերը։
[1] Uzun A., “Living Freedom” The Evolution of the Kurdish Conflict in Turkey and the Efforts to Resolve It, Berghof Foundation Operations GmbH, № 11, 2014, pp. 13-14.
[2] Maillard L., Stern K., Kurdish Separatists Movement in the Middle East, Eight Annual Session of the Gaucho Model United Nations Conference, United Nations Security Council (UNSC), 2017, 7 p.
[3] Hazir M., A Sociological Approach to Turkey’s Kurdish Problem, International Journal of Multidisciplinary Thought, 2013, pp. 311-319.
[4] Jongerden J., Akkaya A.H., Kurds and the PKK, he Wiley Blackwell Encyclopedia of Race, Ethnicity, and Nationalism, 2016, 5 p.
[5] Söner A.B., Aslan Ö., Kıyıcı H., Pkk’s Regıonal Franchise of Terror, International Center for Terrorism and Security Studies, 2017, p. 8.
[6] Beriker-Atiyas N., The Kurdish Conflict in Turkey: Issues, Parties and Prospects, Security Dialogue, 1997, 439-451 pp.
[7] Տե՛ս նույն տեղում։
[8] Bilgin F., Sarıhan A., Understanding Turkey’s Kurdish Question, Lexington books, 2013, p. 90.
[9] Jongerden J., Akkaya A.H., Kurds and the PKK, Wiley Blackwell Encyclopedia of Race, Ethnicity, and Nationalism, 2016, 5 p.
[10] Вертяев К., Курдский опрос в западной Азии в начале XXI века, Институт Ближнего Востока, Москва, 2006, сс. 153-165.
[11] Coşkun V., 7 Haziran Seçimine Doğru Halkların Demokratik Partisi (HDP), SETA, 2015, 27 p.
[12] Stockholm Center of Freedom, Kurdish political movement under crackdown in Turkey. The case of the HDP, 2018, 39 pp.
[13] Տե՛ս նույն տեղում։
[14] Dolmabahçe anlaşması, 01 March, 2015 http://www.cumhuriyet.com.tr/haber/turkiye/224047/Dolmabahce_anlasmasi.html
[15] Erdoğan’s denial of ‘Dolmabahçe Agreement’ sparks row, July 20, 2015 http://www.hurriyetdailynews.com/erdogans-denial-of-dolmabahce-agreement-sparks-row-85656 (02.10.2019)
[16] Տե՛ս նույն տեղում։
[17] Göksu O., Aslan P., Siyasal İletişim Düzleminde AK Parti’nin 2015 Seçim Kampanyasının Analizi: Teması, Stratejisi ve Mesajları (The Analysis of AK Party’s 2015 Election Campaign in The Political Communication Plane: Theme, Strategy and Messages), Eğitim Yayınevi, 2015, 86 pp.
[18] Erdoğan’s denial of ‘Dolmabahçe Agreement’ sparks row, July 20, 2015 http://www.hurriyetdailynews.com/erdogans-denial-of-dolmabahce-agreement-sparks-row-85656 (02.10.2019)
[19] Reaction to Turkish Election Results, 01 November, 2015,
https://www.bbc.com/news/live/world-europe-34693676 (02.10.2019)
[20] Irak’tan Erdoğan’a Sincar tepkisi, 21 Mart, 2018,
https://www.dw.com/tr/iraktan-erdo%C4%9Fana-sincar-tepkisi/a-43069057 (02.10.2019)
Ռուբինա ԼԱԼԱՅԱՆ