Սկիզբը՝ այստեղ:
Վերհիշելով «Գույք պարտքի դիմաց» աղմկահարույց եւ Քոչարյանի գովաբանած պայմանագիրը
Այսպիսով, «Գազպրոմ Արմենիան» դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին մատակարարվող բնական գազի սակագների վերանայման հայտով, որով առաջարկվել է բոլոր սպառողների համար սահմանել մեկ սակագին՝ 283 դոլար հազար խորանարդ մետրի համար: Գործող սակագինը այս պահին միջինը 255 դոլար է։ «Գազպրոմի» առաջարկը մոտ 35 տոկոս թանկացում է ենթադրում սոցիալապես անապահով խավի՝ նպաստ ստացողների, ինչպես նաեւ ջերմոցների եւ վերամշակող ոչ մեծ ընկերությունների համար, եւ աննշան մոտ 2 տոկոս էժանացում՝ նպաստառուների ցուցակներում չգտնվող բնակիչների համար: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիայի» հայտը քննելու համար 80 օր ունի:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր հայտով առաջարկել է բոլոր սպառողների համար սահմանել գազի միասնական գին՝ ընդհանուր առմամբ գազի գործող միջին սակագինը թանկացնելով շուրջ 11 տոկոսով։ ՀՀ իշխանությունները տարբեր մակարդակներով այս օրերին անդրադառնում են այս թեմային: «Հայկական ժամանակ»-ն օրերս ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվել էր, թե տվյալ պարագայում ինչ սցենարներ են սպասվում, արդյոք հակասություն չկա իր կողմից «Գազպրոմ» ՀԲԸ-ին՝ սահմանին գազի գնի նվազեցման հարցով դիմելու եւ «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից թանկացման հայտ ներկայացնելու միջեւ։ «Նշեմ, որ ներկայումս գործում են հինգ սպառողական խմբեր, որոնց համար սահմանված են տարբեր սակագներ։ Այս հինգ սպառողական խմբերի համար սահմանված սակագների միջին կշռութայինն այս պահին կազմում է 255 դոլար, հայտով առաջարկվում է այն սահմանել 283 դոլար։ Ըստ հայտով ներկայացված առաջարկի՝ գազը որոշ խմբի համար կէժանանա, որոշների համար կթանկանա»,- նշել էր Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ այս բոլոր հաշվարկները բխում են սահմանին 165 դոլար գնին գումարած ընկերության մարժան (խմբ. առք ու վաճառքի գների տարբերություն), որի չափը պետք է քննարկվի եւ հաստատվի ՀԾԿՀ-ի կողմից, եթե հիմնավորված համարվի: Փոխվարչապետն ընդգծել է՝ ելնելով հիմնավորումների արդյունքում ձեւավորված միջին գնից՝ ՀԾԿՀ-ի կողմից սահմանվելու է տարբեր սպառողական խմբերի սակագները: Նրա խոսքով՝ սահմանի գնի ցանկացած չափի նվազեցում ինքնաշխատ կերպով եւ համապատասխան չափով կնվազեցնի սակագինը։ «Օրինակ բերեմ՝ եթե ՀԾԿՀ-ն համարի, որ հայտը հիմնավոր է, եւ միջին սակագինը 255 դոլարից պետք է ավելանա մինչեւ 283 դոլար, այսինքն՝ թանկանա 28 դոլարով, եւ միեւնույն ժամանակ, եթե մեզ հաջողվի սահմանի գինը 165 դոլարից նվազեցնել մինչեւ մոտ 142 դոլար, այսինքն՝ մոտ 23 դոլարով (ակնկալվող 28 դոլար թանկացումն առանց ԱԱՀ), ապա սակագինը չի փոխվի: Կարծում եմ, որ մենք պետք է ջանքեր գործադրենք սահմանի գնի նվազեցման ուղղությամբ, իսկ ՀԾԿՀ-ն սահմանված ժամկետում բծախնդրորեն կգնահատի հայցվող հավելյալ մարժայի չափի հիմնավորվածությունը»,- նշել էր փոխվարչապետը։
Կարդացեք նաև
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարծիքով, սպառողների համար հուլիսի 1-ից գազի գինը բարձրացնելու վերաբերյալ «Գազպրոմ Արմենիայի» հայտը անպատեհ ժամանակ էր արված: «Կարծում եմ, որ կորոնավիրուսի պանդեմիան պետք է ստիպեր «Գազպրոմի» մեր գործընկերներին վերանայել առաջարկ անելու ժամկետները։ Չեմ գտնում, որ սա լավագույն ժամանակն է այս առաջարկը անելու։ Շատ մանրամասն ծանոթ չեմ խնդրին, բայց գնահատականս էդպիսին է։ Վստահ եմ, որ վայրկյան առ վայրկյան Կառավարության մեր գործընկերները, պատասխանատուները բանակցում են «Գազպրոմի» հետ՝ օպտիմալություն գտնելու համար», -նշել էր Միրզոյանը։
Քաղաքական ուժերը համարում են, որ եթե հայտը բավարարվի, դա աղետալի ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, առավելեւս հիմա, երբ ավելի տրամաբանական կլիներ, եթե գազի գինն էժանանար, այլ ոչ թե թանկանար, քանի որ համաշխարհային շուկայում նավթի եւ գազի գնի անկում է արձանագրվել։
Այժմ ՀՀ կառավարությանը սպասում են «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ բանակցություններ: Բայց բոլորի համար, սակայն, պարզ է, որ սա քաղաքական հարց է, առավելեւս այսօր՝ հայ-ռուսական հարաբերություններում կարեւորագույն հարցերից մեկն է:
Ապրիլի 6-ին ֆեյսբուքյան եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Ցավոք սրտի, գազի գինը մշտապես կամ շատ հաճախ եղել է քաղաքական շահարկումների կամ քաղաքական մանիպուլյացիաների առարկա, առաջին հերթին՝ Հայաստանի կառավարությանը»։ Նրա խոսքով՝ սա նախորդ կառավարությունների վարած անհեռանկար, ոչ տնտեսական քաղաքականության հետեւանքն է. «Մենք այսօր գազի համակարգի արդյունավետ շահագործման խնդիր ունենք։ Եվ այդ խնդիրները պետք է անպայման լուծենք, եթե ուզում ենք արդյունավետ գազային համակարգ ունենալ»։
Նիկոլ Փաշինյանը, հիշեցնելով, որ Հայաստանի կառավարությունը առաջարկել է «Գազպրոմ» ընկերությանը բանակցություններ սկսել գազի գինը նվազելու ուղղությամբ, նշել էր. «Այսօր ես հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ հարցը նույնպես քննարկել ենք Ռուսաստանի նախագահի հետ։ Եվ ես ասել եմ՝ հաշվի առնելով այս ճգնաժամային իրավիճակը եւ հումանիտար առումով, եւ տնտեսական առումով, ես ակնկալում եմ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մենք կկարողանանք այդ թեման քննարկել եւ գալ ընդհանուր հայտարարի, եւ Ռուսաստանի նախագահը նաեւ կմիջամտի այս գործընթացին, որպեսզի կարողանանք «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հայտի հետ կապված որոշումներ կայացնել։ Որովհետեւ, իսկապես, այս ճգնաժամային իրավիճակում մեր հանրության կողմից եւ կառավարության կողմից էլ չի ընկալվում, որ կարելի է այդպիսի որոշում կայացնել»։
Իհարկե, այսօրվա իշխանությունը ռուսական կողմին կարեւոր, ռազմավարական համակարգեր վաճառելու որոշումը նախկիններից է ժառանգել, սակայն այսօր ի պաշտոնե գործող իշխանությունն է պատասխանատվություն կրելու հայ-ռուսական հետագա բանակցությունների արդյունքների համար, եւ այստեղ պետք է միանշանակ արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները վնասել գազի գների պատճառով նույնպես անհեռատես քաղաքականություն կլինի:
Այս ամենի հետ միասին, անշուշտ, չպետք է մոռանալ պատմությունը, թե ինչպես է ստացվել, որ Հայաստանն այսօր, այսպես ասած՝ ստիպված է ենթարկվել ռուսական քաղաքականությանը:
1997 թվականից, երբ ստեղծվեց «ՀայՌուսգազարդը», Հայաստանին էր պատկանում այդ ընկերության բաժնետոմսերի 45 տոկոսը, մնացյալ 45 տոկոսը պատկանում էր «Գազպրոմին», իսկ 10 տոկոսը ռուսական մեկ այլ՝ «Իտերա» ընկերությանը: «Իտերան» վաճառեց իր բաժնեմասը «Գազպրոմին»: Իր բաժնեմասը «Գազպրոմին» վաճառեց նաեւ Հայաստանի կառավարությունը: Այդ գործընթացը սկսվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին:
Մասնավորապես, 2003թ. Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրեցին «Գույք պարտքի դիմաց» աղմկահարույց պայմանագիրը, որով Հայաստանը ՌԴ-ին 100 մլն դոլար պարտքի դիմաց հանձնեց մի շարք էներգետիկ եւ ռազմավարական նշանակության այլ օբյեկտներ: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի կողմից այդ պայմանագիրը համարվեց Հայաստանի համար հաջողված ու շահավետ գործարքներից մեկը:
Ռուսաստանին՝ Հայաստանի կարեւոր ռազմավարական նշանակության օբյեկտների հանձնման գործընթացն, ի դեպ, շարունակվեց նաեւ Քոչարյանի հետագա իշխանավարման ընթացքում նույնպես: Այսպես, 2005թ., երբ նոր էր կառուցվում Իրան-Հայաստան գազամուղը, ռուս պաշտոնյաները չէին թաքցնում իրենց անհանգստությունը, նշելով, թե այն կարող է լուրջ սպառնալիք դառնալ Ռուսաստանի ռազմավարական շահերի համար, որ այդ գազամուղի միջոցով Իրանը կարող է Հայաստանի տարածքով գազ արտահանել Եվրոպա:
Այս դեպքում էլ Հայաստանի իշխանությունը հերթական զիջումն արեց. հայ-իրանական սահմանի վրա գազամուղի տրամագիծը կրճատվեց՝ հասնելով 715 մմ-ի, այն դեպքում, երբ գազամուղի իրանական հատվածում այն 1,5մ է։ Այնուհետեւ, «Գազպրոմը» մի քանի տարվա ընթացքում ձեռք բերեց նաեւ Իրան-Հայաստան գազամուղի բաժնետոմսերը եւ դարձավ նրա միակ սեփականատերը, իսկ Հայաստանը զրկվեց իր տարածքով գազը՝ Եվրոպա փոխադրելու հնարավորությունից։
Բացի էներգետիկ ռազմավարական նշանակության օբյեկտներից, Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանին փոխանցեց նաեւ այլ օբյեկտներ: Նույնիսկ իր հեռանալուց առաջ՝ 2008թ. փետրվարին, նա 30 տարով Ռուսաստանին հանձնեց Հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարումը:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 10.04.2020
Իրան- Հայաստան գազամուղը հասնում էր մինչև Ագարակ։ Իսկ Ագարակ -Արարատ հատվածը կառուցելա հենց Հայռուսգազարդը։
Ասենք լավ 3-4անգամ ավելի շատ ներդրում արվեր ու 1,5մետր տրամագծով գար հասներ Արարատ։
Բա Արարատ -Եվրոպա հատվածը ով էր կառուցելու՞ Էլ չեմ ասում որ անգամ 1,5մետրանոց խողավակը տարեկան 6-7միլիարդ խմ թողունակություն էր նշանակում, որը Իրանի ու Եվրոպայի համար ուղղակի ծիծաղելի թիվա։ Եթե Իրանն ու Եվրոպան ուզենաին գազի առևտուր անեին իրենք կկառուցեին շատ ավելի մեծ ասենք 25-30միլիարդ խմ թողունակությամբ գազամուղ ու գազպրոմը ոչինչ չէր կարող անել, ասենք հանգիստ Թուրքիայի տարածքով դուրս կգաին Եվրոպա։ Հայաստանի հույսին չէին մնացել։
Էս 15տարիա ինչ որ միֆեր եք հորինել, որոնց ջախջախելու համար անգամ մասնագետ պետք չէ լինել, մի փոքր թվաբանություն, աշխարհագրություն իմանալը լրիվ բավարարա։
Մյուս հարցն էլ կա, իսկ ինչնա խանգարում Փաշինյանին նոր Իրան-Հայաստան գազամուղ կառուցել։ Եթե Քոչարյանը սխալ էր դուք ճիշտ կառուցեք բազմաչարչար 1,5մետր տրամագծով դեպի Եվրոպա տրանզիտի համար նախատեսված գազամուղը։ Հիմա պիտի շատ ավելի հեշտ լինի կառուցել, երկիրը շատ ավելի հարուստ է։ Քոչարյանը ժառանգելա մոտ 300միլիոն դոլլար բյուջե ունեցող երկիր։ Փաշինյանը ժառանգելա 2,5միլիարդ բյուջե եթե իրեն հավատանք 1,1միլիարդ էլ ինքնա ավելացրել ասյինքն ունենք 3,6միլիարդ տարեկան բյուջե։ Խնդրում եմ մոտակա ասուլիսին Փաշինյանից հարցրեք ինչու չի կառուցում նոր Իրան Հայաստան գազամուղը։ Հինը կծառայի երկրի ներքին պահանջարկը բավարարելուն իսկ նորը կլինի դեպի Եվրոպա տրանզիտ անող, ու նաեվ մրցակից գազպրոմի գազամուղին։