Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶԼՄ-ների ոլորտը ոստիկանության զբաղվելու բանը չէ: Այս վատ նախադեպերը կներառվեն միջազգային զեկույցներում»

Ապրիլ 11,2020 14:30

Ըստ Աշոտ Մելիքյանի՝ միջազգային կազմակերպությունները միեւնույն ժամանակ  հաշվի կառնեն այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները վերնայեցին որոշումը՝ ընդունելով իրենց սխալը:

«Այս քայլերը պետք է արտառոց դեպք համարել եւ թույլ չտալ, որ ապագայում կրկնվեն»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումներին, որոնք նախատեսվել էին կառավարության որոշմամբ՝ մարտի 16-ին, այսպիսի կարծիք հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը:

Հիշեցնենք՝ այդ որոշմամբ արգելվում էին հրապարակումները, որոնք չէին արտացոլում պաշտոնական տվյալները եւ դիրքորոշումը՝ կապված համավարակի հետ: Որոշմանը նաեւ հետեւեցին լրատվամիջոցներին պատասխանատվության կանչելու քայլեր: Խնդիրն արժանացավ լրագրողական կազմակերպությունների քննադատությանը, որոնք հայտարարություն տարածեցին եւ պահանջեցին ուժը կորցրած ճանաչել կառավարության որոշումը: Բոլոր այս քայլերի ձեռնարկումից հետո ՀՀ կառավարությունը որոշ փոփոխություններ մտցրեց որոշման մեջ: Այս իրադարձությունների պատճառով BBC-ի «Կորոնավիրուսը` ԶԼՄ-ների եւ ընդդիմության վրա ճնշումներ գործադրելու պատրվակ» հրապարակման մեջ Հայաստանը համեմատվեց Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ:

Աշոտ Մելիքյանը կատարվածի առնչությամբ ասաց. «Հայաստանում մենք նույնպես ականատես եղանք շատ անհիմն եւ կոշտ սահմանափակումների, եւ մեծ հաշվով, իհարկե, այդ սահմանափակումները հարիր չէին ժողովրդավարական հասարակությանը եւ հետհեղափոխական Հայաստանին: Եվ դա խորը մտահոգություն առաջացրեց մեզ մոտ, դրա համար էր, որ 11 լրագրողական եւ իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում նաեւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, հանդես եկանք եւ պահանջեցինք կառավարությանը չեղյալ համարել արտակարգ դրության որոշման մեջ այն 4 կետերը, որոնք վերաբերում էին ԶԼՄ-ներին»:

Աշոտ Մելիքյանն այնքան էլ համամիտ չէ BBC-ի այն գնահատականին, որ Հայաստանին համեմատել են Ադրբեջանի, Թուրքիայի, Բելառուսի եւ այլ երկրների հետ այն պատճառով, որ այնտեղ սահմանափակումներն անդառնալի բնույթ էին կրում, եւ խոսքի ազատության վիճակն անհամեմատ ավելի ցածր է առօրյա ժամանակահատվածում, քան Հայաստանում: Այնուհետեւ շարունակեց. «Այն սահմանափակումները, որոնք այնտեղ կիրառվում են, սովորաբար անդառնալի բնույթ են կրում: Մինչդեռ մեզ մոտ, երբ մենք հանդես եկանք հայտարարությամբ, նաեւ հայտարարությունից հետո քննարկումներ տեղի ունեցան, որից հետո այդ սահմանափակումների մի մասը չեղարկվեցին, մյուս մասն ուղղակի վերանայվեցին եւ շատ ավելի մեղմ ու ողջամիտ բնույթ կրեցին: Բայց, այդուհանդերձ, այս ժամանակահատվածը մեզ համար մտահոգիչ էր նաեւ այն պատճառով, որ դրա իրականացումը կատարում էր ոստիկանությունը, նա էր ապահովում այդ դրույթները, մինչդեռ առհասարակ ԶԼՄ-ների ոլորտը ոստիկանության զբաղվելու բանը չէ, եւ մենք տեսնում էինք, որ չափանիշների բացակայության պայմաններում ուղղակի կամայականորեն պահանջներ էին ներկայացվում ԶԼՄ-ներին, որպեսզի նրանք հեռացնեն այս կամ այն հրապարակումը: Սա ուղղակի անթույլատրելի էր եւ ուղղակի պետք է հույս հայտնել, որ նման մոտեցումներ այլեւս ՀՀ-ում չեն կիրառվի»:

Ըստ նրա՝ սա շատ մտահոգիչ եւ վատ նախադեպ էր. «Փառք Աստծո, որ իշխանություններն այսպիսի կամք դրսեւորեցին, ընդունեցին իրենց սխալը կամ չեղարկեցին, կամ վերանայեցին այդ դրույթները»:

Աշոտ Մելիքյանն ասաց, որ բոլոր այդ դեպքերը, երբ ոստիկանությունից զանգում էին խմբագրություններ կամ առանձին լրագրողների եւ պարտադրում հանել իրենց հրապարակումները, դրանք կոմիտեն արձանագրել է իր զեկույցներում, եւ շուտով կհրապարակվի առաջին եռամսյակային զեկույցը, որտեղ այդ դեպքերն արտացոլվում են՝ որպես ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների օրինակներ:

Մեր հարցին՝ այս նախադեպերը կարո՞ղ են մեծ ազդեցություն ունենալ ընդհանուր տարվա կտրվածքով մամուլի, խոսքի ազատության զեկույցներում Հայաստանի վարկանիշի վրա, Աշոտ Մելիքյանը պատասխանեց. «Ես գիտեմ, որ միջազգային կազմակերպություններն արձանագրել են այդ դեպքերը, եւ մեծ հաշվով, իհարկե, դրանք տեղ կգտնեն զեկույցներում: Չի բացառվում, որ նաեւ վարկանիշի վրա ազդի խոսքի ազատության տեսանկյունից, եւ դրա հետ մեկտեղ նրանք հաշվի կառնեն այն հանգամանքը, որ իշխանությունները վերնայեցին՝ ընդունելով իրենց սխալը: Սա, անշուշտ, մեղմացուցիչ հանգամանք է, որը եւս հաշվի կառնվի: Այստեղ մի կարեւոր հանգամանք կա, որ այդ սահմանափակումները կիրառվել են արտակարգ դրության պայմաններում եւ ոչ թե առօրյա կյանքում: Սա նույնպես մեղմացուցիչ հանգամանք է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 «Առավոտ» օրաթերթ
10.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930