ԱԺ-ում երեկ օրակարգում դրված էր երկրորդ ընթերցմամբ ՀՀ կառավարության կողմից ներկայացված նախագիծը` Քրեական օրենսգրքում եւ Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու վերաբերյալ: Հիմնական զեկուցողը արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն էր, հարակից զեկուցողը` պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
«Նախագիծը սպասարկում է որոշակի փոքրամասնությունների, ներառյալ ռասիզմի միավորմամբ շահերը, որոնց միջոցով իրականացվել է թավշյա հեղափոխություն: Նախագիծն առանձնանում է իրավական անգրագիտությամբ, իրավական կամայականություններով, ինչը ակնհայտորեն կխանգարի կոռուպցիայի դեմ պայքարին, քանի որ ՀՀ քաղաքացիները կվախենան բարձրաստիճան պաշտոնյաներին քննադատել: Նախագիծը սպառնում է Հայաստանի անվտանգությանը»: Հայաստանի 20 կազմակերպությունների ստորագրությամբ «Առավոտը» ստացել է նամակ, որն, ի դեպ, ուղարկվել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին, պատգամավորներին:
Նամակագիրները գրել են. «Ինչպես նշված է Կ-437 նշաններով սկսվող նախագծի հիմնավորման մեջ, «Վճռաբեկ դատարանն իր 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԱՐԴ/0179/01/11 որոշման մեջ արձանագրել է, որ բռնությունը` որպես քրեորեն հետապնդելի արարք, դիտավորությամբ, անձի կամքին հակառակ կամ առանց նրա կամքը հաշվի առնելու կատարված ցանկացած արարք է, որի արդյունքում անձը զրկվել է կյանքից, կամ սահմանափակվել է նրա ազատությունը, կամ նրա առողջությանը վնաս է պատճառվել, կամ նրան պատճառվել է ֆիզիկական ցավ, ֆիզիկական կամ հոգեկան տառապանք»:
Այսինքն` հոգեկան տառապանք պատճառելը նույնպես համարվում է բռնություն: Ըստ այդմ, Կ-437 նշաններով սկսվող նախագիծը Կ-437-30.12.2019-ՊԻ-011/0 վտանգավոր նախագիծ է, քանի որ ցանկացած մարդ, ցանկացած սոցիալական խումբ կառավարությանը քննադատելուց հետո, ըստ կառավարության տրամաբանության, հայտարարելու է, թե քննադատելն իրեն հոգեկան տառապանք է պատճառել: Ակնհայտ է, որ «անձի կամքին հակառակ կամ առանց նրա կամքը հաշվի առնելու կատարված ցանկացած արարք» շատ լայն հասկացողություն է, որի մեջ իհարկե մտնում է ցանկացած քննադատություն, որը, իհարկե, «հոգեկան տառապանք է պատճառում»:
Կարդացեք նաև
Հասարակական կազմակերպությունների գնահատմամբ, նախագիծը ղեկավարվում է դրսից, եւ դա անհրաժեշտ է «համաշխարհային անդրկուլիսին, որպեսզի չկարողանան իրեն քննադատել: Դրանով իսկ կառավարությունը ցանկանում է լավացնել իր շատ արագ ընկնող վարկանիշը»:
Հասարակական կազմակերպությունները կոչ են անում հակաժողովրդական Կ-437 նախագիծը կասեցնել, եւ առհասարակ՝ այդ նշաններով սկսվող նախագծերը, որոնք ուղղված են խոսքի ազատության դեմ. «Ստացվում է, որ եթե այս նախագիծը դառնա օրենք, քննադատելը կառավարությանը կամ կոռուպցիոներներին, կամ ցանկացած պաշտոնյայի դառնալու է շատ վտանգավոր. կառավարությունը քննադատության համար սկսելու է իր քաղաքական հակառակորդներին այս պատրվակով քրեորեն հետապնդել»: Ըստ ԱԺ-ին դիմած կազմակերպությունների` նախագիծն անհրաժեշտ է, որպեսզի առանց խոչընդոտների անցկացնեն հակաժողովրդական ռեֆորմները` չիպավորում, նույնականացում, շահագործեն մեր երկիրը: «Այն նաեւ ձեռնտու է այն խմբերին, որոնք ֆինանսավորվում են դրսից եւ որոնք մեծ դեր են կատարել այս նախագիծը ընդունելու համար ու նաեւ կատարել են թավշյա հեղափոխությունը: Նաեւ դա ձեռնտու է տարբեր տեսակի խմբերին, հակաժողովրդական Ստամբուլյան կոնվենցիայի շահառուներին, որոնք ցանկանում են քանդել հայ ժողովրդի ավանդույթները եւ այդ թվում՝ հայ ընտանիքը: Այս նախագծի ՀՀ օրենք դառնալու հետեւանքով աճելու են բոլոր տեսակի ապօրինությունները, քանի որ ՀՀ հպարտ քաղաքացիները դառնալու են ՀՀ հպարտ, բայց վախկոտ քաղաքացիներ: Դա նաեւ նշանակում է, որ իշխանությունները պարտվում են ինտելեկտուալ պայքարում իրենց հակառակորդներին եւ դրա համար ուզում են այս հակաժողովրդական նախագծի միջոցով լռեցնել բոլորին: Եվ իզուր չեն այս հակասահմանադրական նախագծի հեղինակները ցիտում տարբեր երկրներին, քանի որ հենց այդ երկրներում, մասնավորապես՝ ԵՄ-ում, իշխանությունը վաղուց գրավել են արտաքին դեստրուկտիվ կառույցները: Այս նախագիծը գրաքննություն է եւ այլախոհների հետապնդում: Իրականում ատելության խոսքը հենց այս նախագիծն է, որով կառավարությունը պլանավորում է ոչնչացնել իր քաղաքական հակառակորդներին»:
Կազմակերպությունները կոչ են անում այս Կ-437 նշաններով սկսվող Կ-437- 30.12.2019-ՊԻ-011/0 եւ Կ-4371 -30.12.2019-ՊԻ-011/0 նախագծերի դեմ քվեարկել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. Այդ կազմակերպություններն էին` Ընդդեմ բիոմետրիկ փաստաթղթերի, Հայ Արիական Միաբանություն, Հայ Ազգայնականների համախմբման խորհուրդ, «Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորման խորհուրդ, «Համայնքների Ռազմավարական Ծրագրերի Կենտրոն», «Քրիստոնյաներ ընդդեմ մարդկանց համարակալման միավորում», «Մխիթարիչ» հ/կ, «Նոյն Արարատյան», «Գոյ» Հիմնադրամ, «Նախնյաց հետքերով» ՄՀԿ, Երեւանի աշխարհաքաղաքական ակումբ,
Համահայկական ծնողական կոմիտե, «Առողջ միջավայր» հ/կ, «Ֆենիքս» հ/կ,
«Առողջ հանրություն» հ/կ, «Հայկանդուխտ» Ավանդապաշտ-ժողովրդավարական կուսակցություն, «Երեւանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնություն, Հայի ուժ, «Տեխարմտեխ», հ/կ նախագահ` Անահիտ Օհանյան,
եւ «Իրավագիտակից հայորդիներ» նախաձեռնություն:
Ստորագրահավաքը շարունակվում է
Հրապարակումը պատրաստ էր, երբ տեղեկացանք, որ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանին կանչել են ԱԱԾ` ՖԲ-ում արված` իր քննադատական գրառման համար:
«Առավոտ» օրաթերթ
10.04.2020