Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրդողանը լավ գիտեր, որ ՀՀ-ն իրենից օգնություն չէր էլ խնդրելու»

Ապրիլ 11,2020 14:00

Թուրքիայի նախագահը պոպուլիստական հայտարարություն է արել

Հայաստանյան ԶԼՄ-ներում ապրիլի 8-ին տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքի հարցում օժանդակություն ցուցաբերել. այդ մասին Էրդողանը հայտնել էր Պոլսի հայոց պատրիարք Տ. Սահակ արք. Մաշալյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Պատրիարքարանը հեռախոսազրույցի մասին հայտարարություն էր տարածել: Թուրքիայի նախագահն անդրադարձել էր նաեւ Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան վերադառնալու խնդրին, նաեւ՝ շնորհակալություն հայտնել Թուրքիայի հայ համայնքին՝ «Մենք մեզ բավարար ենք Թուրքիա» ֆոնդին դրամական օգնություն ցուցաբերելու համար։ Թեմայի շուրջ «Առավոտ»-ը զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ:

-Պարոն Իսպիրյան, նախ, ինչպիսի՞ տեսք ունի Էրդողանի նշյալ հայտարարությունը՝ պատրիարքարանի հաղորդագրությունում, եւ ի՞նչ իրադարձություններ էին հաջորդել դրան: 

-Մոտ մեկ շաբաթ է, ինչ Թուրքիայի նախագահը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված խնդիրներն անապահով բնակչության համար լուծելու նպատակով առաջարկել է լուծում՝ բացի այդ խավին տրվող պետական աջակցությունից, այն քաղաքացիները, որոնք հնարավորություն ունեն օգնելու, գումար փոխանցեն «Մենք մեզ բավարարում ենք Թուրքիա» ֆոնդին: Հենց Էրդողանն է հիմնադրել այդ ֆոնդը, որպեսզի քաղաքացիներն իրենց միջոցներով օգնեն անապահովներին: Բնականաբար, Թուրքիայի հայ համայնքն արձագանքեց, եւ 500 000 լիրա՝ 100 000 դոլարից քիչ պակաս, հանձնվեց այդ ֆոնդին: Սա առաջին փաստն էր: Իսկ ապրիլի 8-ին Էրդողանն անձամբ զանգել է Պոլսո հայոց պատրիարքին,  շնորհակալություն հայտնել, որ հայ համայնքը քաղաքացիական բարձր գիտակցությամբ օգնել է իր մյուս քաղաքացիներին: Հենց այդ հեռախոսազանգի ժամանակ էլ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել օգնելու այն հայաստանցիներին, ովքեր աշխատում են Թուրքիայում, վերադառնալ ՀՀ: Քանի որ տեղաշարժման սահմանափակումներ կան, Էրդողանն ասել է, որ դյուրացնելու է տեղաշարժման խնդիրները: Մեր ԱԳՆ-ն էլ զբաղվում է այդ հարցով. այն անձինք, որոնք գալու ցանկություն են հայտնել, գալիս են: Հայաստանյան հանրության շրջանում առավել մեծ արձագանք գտան Էրդողանի՝ օգնելու մասին ասածները: Նա բառացի ասել է, որ պատրաստակամություն է հայտնել ՀՀ-ին դեղորայքով օգնելու: Ի դեպ, սրա մասին մենք իմացել ենք Պոլսո հայոց պատրիարքարանի տարածած հաղորդագրությունից:

-Ձեր գնահատմամբ, ի՞նչ ուղերձներ կան Թուրքիայի նախագահի՝ դեղորայքով օգնելու պատրաստակամության մասին հայտարարությունում:

-Նա զանգել էր շնորհակալություն հայտնելու, որ Թուրքիայի հայ համայնքն օգնել է մյուս քաղաքացիներին: Սա Էրդողանի համար կարեւոր էր այն առումով, որ ինքն էր ստեղծել այդ ֆոնդը, եւ որքան այն շատ օգնություն ստանար, այնքան դա կլիներ Էրդողանի հեղինակությունը: Նա պարզապես շնորհակալական զանգ էր կատարել Պոլսո հայոց պատրիարքին, եւ զանգը շատ հարմար առիթ էր՝ իր  հեղինակությունը սեփական երկրում եւ աշխարհում բարձրացնելու համար: Ինչ վերաբերում է օգնության առաջարկին, ապա նախ շեշտեմ՝ ՀՀ-ն չի դիմել որեւէ պետության՝ դեղորայքի հարցով օգնության համար: Էրդողանը պարզապես պոպուլիստական հայտարարությամբ հանդես եկավ՝ լավ իմանալով, որ ՀՀ-ն օգնություն չէր խնդրելու իրենից, մանավանդ՝ դեղորայքի հարցում: Էրդողանը փորձեց իրեն ցույց տալ իբրեւ թե այսպես կոչված «մարդասեր»:

-Հարց է առաջանում, թե Թուրքիայի ղեկավարն ինչո՞ւ է հայոց պատրիարքարանին առաջարկել «օգնությունը», եւ ոչ, ասենք, ՀՀ կառավարությանը:

-Հայտնի է, որ ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան: Բայց եթե Էրդողանը լրջորեն ուզենար հայտարարել այդ մասին, եւ ոչ թե PR քայլ իրականացներ, կարող էր դիմել, օրինակ, Ստամբուլում մեր ԱԳՆ ներկայացուցչին՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության հայաստանյան ներկայացուցչի գրասենյակին: Ուստի Էրդողանի ասածներին որպես լուրջ քայլի կամ քաղաքական ուղերձի վերաբերվելն այնքան էլ իրատեսական չէ:

-Հանրության որոշ շրջանակներում համոզմունք է հնչում, որ ՀՀ կառավարությունն, այնուամենայնիվ, պետք է արձագանքի Էրդողանի առաջարկին: Ձե՞ր կարծիքն ինչպիսին է:

-Էրդողանն ուղիղ կերպով չի դիմել մեր իշխանությանը, ուստի վերջինս պարտավորվածություն չունի ուղիղ կերպով պատասխանելու: Եթե կարիք կա, օրինակ, Պոլսո հայոց պատրիարքի միջոցով կարող են շնորհակալություն ասել:

-Մի նկատառում ես: Հայտնի է, որ կորոնավիրուսի բուժման պարագայում դեղորայք չկա: Այս դեպքում ի՞նչ դեղորայքային օգնության մասին էր խոսքը:

-Կրկին հաշվի առնենք, որ այդ մասին տեղեկացրել է Պոլսո հայոց պատրիարքարանը՝ իր հաղորդագրությունում: Գուցե Էրդողանը պատրիարքի հետ զրույցում նկատի է ունեցել, օրինակ, դեղամիջոցներ, սարքեր, բժշկական պարագաներ՝ դիմակներ, բայց սա երկրորդական հարց է, թեեւ ես նույնպես ձեր հարցադրումը նկատի ունեցել եմ:

Զրուցեց

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
10.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930