Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գեներացվում է չարությունը, անհանդուրժողականությունը, քննադատությունը, խախտվում է անձնական կյանքի անձեռնմխելիությունը»

Ապրիլ 11,2020 13:00

Կորոնավիրուսը  կհաղթահարվի, արտակարգ դրության օրերը կանցնեն, բայց, այնուամենայնիվ, կմնա մի շատ կարեւոր խնդիր. հայ մարդու՝ համացանցում լատինատառ կամ կյուրեղատառ գրառումներ կատարելու համառ սովորությունը: Շատ օգտատերեր պարզապես չեն կարդում, կամ պարզապես չտեսնելու են տալիս այդ տեսակ գրառումները, բայց շատերի համար դա գրավոր հարաբերվելու կենցաղավարության մաս է դարձել: Արդյոք կգա՞ մի օր, որ համացանցում ընդհանրապես չեն լինի լատինատառ կամ կյուրեղատառ հայերեն գրողներ: Ինչպե՞ս պետք է պայքարել նրանց դեմ: Էլ չենք խոսում սոցցանցերում գերիշխող ատելության, անհանդուրժողականության, չարության մասին։

«Վերջին 20 տարիների ընթացքում աշխարհը ենթարկվում է սրընթաց փոփոխությունների, որոնք կարելի է բնութագրել որպես տեխնոլոգիական հեղափոխություն: Հայաստանը բացառություն չէ եւ ունի իր առանձնահատկությունները, որոնք ունեն  թե՛ դրական եւ թե՛ բացասական դրսեւորումներ»,- նշեց «Առավոտի» զրուցակիցը՝ Էթիկայի դպրոցի տնօրեն Գեւորգ Մկրտչյանը՝ անդրադառնալով սոցցանցերում հաղորդակցման նորմերի բացասական դրսեւորումներին, որոնք իրենց անմիջական ազդեցությունն են թողնում հասարակական եւ պետական հարաբերությունների բոլոր մակարդակներում: «Մենք` հայերս, պատմական բոլոր ժամանակներում, պահպանելով մեր ազգայինը, միեւնույն ժամանակ բաց ենք եղել նորարարություններին ու մեծ ներդրում ունեցել եւ ունենում ենք համաշխարհային այդ գործընթացներում: Մեր իրականությունում տեսնում ենք, որ մարդկային հաղորդակցման ավանդական ձեւերին զուգահեռում եւ նույնիսկ փոխարինելու է գալիս վիրտուալ շփումը: Այստեղ հարցը կայանում է նրանում, որ այդ զարգացումները իրենց հետ նոր մարտահրավերներ են բերում, որոնց դիմակայելու, մարդկային եւ ազգային արժեքները պահպանելու համար մեծ գործ ունեն անելու թե՛ պետությունը եւ թե՛ հասարակությունը»,- հայտնեց Գեւորգ Մկրտչյանը, ապա փաստեց, որ այսօր սոցցանցերում ձեւավորվել  կամ ինչ-որ առումով որոշ ուժերի, անհատների կողմից պարտադրված է բացասական մշակույթ:

Մեր առօրյայի անբաժանելի մասն է դարձել սոցցանցերից օգտվելը: Այն միտված է ինչպես հաղորդակցմանը, այնպես էլ ինֆորմացիայի ստացմանը, հատուկ ուշադրության է արժանի քաղաքական քոնթենթը՝ ոչ միայն տեղեկանալու, թե ինչ գործընթացներ են ընթանում, այլ նաեւ, այս կամ այն ուժին հարելով, իրենց համակրանքի կամ հակակրանքի տարածումը։ Իսկ բիզնես զարգացման տեսանկյունից սոցցանցերի  նշանակությունը ակնհայտ է: Ըստ մեր զրուցակցի՝  «Հետեւելով սոցցանցերում հաղորդակցման մշակույթին, տեսնում ենք, թե ինչպես են գեներացվում չարությունը, անհանդուրժողականությունը, քննադատությունը, խախտվում է անձնական կյանքի անձեռնմխելիությունը, արվում են անպատասխանատու հայտարարություններ (ասում են… ո՞վ է ասում, ինչի՞ հիմքով է ասում), հնչեցվում են հերյուրանքներ, որոնք առաջացնում են հասարակության մեջ պառակտում»։ Գեւորգ Մկրտչյանը նշեց, որ ինքն անկուսակցական է եւ իր գաղփարներով՝ պետականամետ: Եվ նշում է այդ մասին, քանի որ ասելիքը միտված է բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից: Հատկանշական մի փաստ էլ է նա արձանագրում. «Հայաստանում ձեւավորված սոցցանցերի բացասական մշակույթն իր անդրադարձն է ունենում նաեւ Արցախի եւ աշխարհասփյուռ հայության վրա»:

«Ե՞րբ պետք է դրսեւորենք, ձեւավորենք ազգային-պետական մտածողություն, որ երկրի նախագահի (ՀՀ չորս նախագահների), վարչապետի, Ամենայն Հայոց Հայրապետի եւ այլ պետական ու ազգային ընտրանու մաս կազմող անձանց հասցեներին ոչ պարկեշտ մեկնաբանություններ անելիս գիտակեցենք, որ այդ այրերը ներկայացնում են մեր ազգի կարեւոր ինստիտուտները: Ասվածը չի նշանակում զերծ մնալ առողջ եւ կառուցողական քննադատությունից, բայց պետք է միշտ պահենք բարոյականության, քաղաքավարության եւ օրենքի կողմից պարտադրվող կանոնները»,- համոզված է նա: Անդրադառնալով սոցցանցերում տարբեր հրապարակումների տակ մեկնաբանություններին՝ նա օրինակ բերեց Facbook սոցիալական հարթակում ինչպես իրական օգտատերերի, այնպես էլ «ֆեյք» (կեղծ) կոչված օգտատերերի կողմից գեներացվող ատելությունը:

«Վերը նշված հարցը շատ ծավալուն է եւ կարիք ունի բազմակողմանի ուսումնասիրությունների: Այն արդիական է ու, կարծում եմ, այս մտահոգությունները բոլորինս են: Այս հարցերը պետք է լինեն թե՛ պետության եւ թե՛ հասարակության ուշադրության կենտրոնում: Վստա՛հ եմ` լուծումներ կան: Սթափվել է պետք եւ գիտակցել` մեզ առջեւում բազում մարտահրավերներ են սպասվում, որոնց դիմակայելու ուղին` ազգային մեր արժեքների, ՀՀ պետականության եւ համահայկական ներուժի միասնությունն է»,- ասաց Գեւորգ Մկրտչյանը:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930