Լրահոս
Օրվա լրահոսը

Զորյան ինստիտուտը Հայաստանում

Ապրիլ 11,2020 12:30

2019 թվականը Զորյան ինստիտուտի պատմության մեջ այսուհետ հիշվելու է որպես շրջադարձային եւ բացառիկ տարեթիվ, քանզի շուրջ չորս տասնամյակ հայրենանվեր գործունեություն ծավալող մեծահամբավ գիտական այս կենտրոնն իր դռներն է բացում հայրենիքում: Զորյան ինստիտուտը հիմնադրվել է 1982 թվականին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում եւ 1984 թվականին՝ Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում: Զորյան ինստիտուտը ստեղծվել է ազգի պատմությունն աշխարհին անաչառ ներկայացնելու, ինքնության պահպանման, ժամանակակից մարտահրավերներին համարժեք արձագանքելու եւ որպես ազգ ապագայի տեսլական ունենալու նպատակով: Զորյան ինստիտուտը հիմնադրման օրվանից ի վեր ունի քննադատական մտածողության եւ անկողմնակալ ու համապարփակ գիտական ուսումնասիրությունների հետազոտական կենտրոն լինելու առաքելություն:

Զորյան ինստիտուտը գործունեություն է ծավալում հիմնականում մարդու իրավունքների եւ ցեղասպանության ուսումնասիրության, սփյուռքագիտության եւ հայրենիք-սփյուռք հարաբերությունների  ուսումնասիրության ոլորտներում: Արժանահիշատակ է այն փաստը, որ Զորյան ինստիտուտում վերոբերյալ գիտական ուղղություններով հետազոտությունները կատարվում են միջգիտակարգային եւ համեմատական հիմունքներով՝ ներառելով այլ ազգերի եւ էթնիկ խմբերի խնդիրները եւս: Գործունեության առանցքում ունենալով հայկական հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման գաղափարը առհասարակ եւ մասնավորապես գիտնականների ու քաղաքականություն մշակողների շրջանում` Զորյան ինստիտուտի պատասխանատուները նախապատվություն են տալիս համեմատական ուսումնասիրություններին` համամարդկային տեսանկյունից:

Անցած 38 տարիների ընթացքում Զորյան ինստիտուտը կազմակերպել եւ իրականացրել է հարյուրավոր դասախոսություններ եւ սեմինարներ, ավելի քան 20 միջազգային գիտաժողով եւ 7 սիմպոզիում Եվրոպայում, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում, Հայաստանում եւ այլուր, 9 լեզվով 50-ից ավելի հրատարակություն՝ հիմնված արխիվային բնօրինակ հետազոտությունների վրա, հրատարակել է ավելի քան 500 մասնագիտական եզրակացության ենթարկված գիտահետազոտական աշխատանք: Նշվածն ամբողջացնում են հրատարակվող երկու միջազգային պարբերականները՝ «Սփյուռք. անդրազգային հետազոտությունների հանդեսը» եւ «Ցեղասպանագիտության միջազգային հանդեսը», ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բացառիկ արխիվը, որն ընդգրկում է 800 վերապրողի բանավոր պատմության տեսաձայնագրություններ:

2002 թվականից ի վեր  Զորյան ինստիտուտի մի բաժին, որը հայտնի է  «Ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրության միջազգային ինստիտուտ» անվամբ, իրականացնում է Ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրության համալսարանական ծրագիր՝ Տորոնտոյի համալսարանի հետ համագործակցությամբ: Ինստիտուտի կազմակերպած դասընթացներին մինչ այժմ մասնակցել է 400-ից ավելի ուսանող աշխարհի 40 երկրից:  Համալսարանական այս ծրագրին ամեն տարի մասնակցում են ուսանողներ նաեւ Թուրքիայից: Սա սեմինարի ձեւաչափով անցկացվող հետբուհական մակարդակի ծրագիր է, որտեղ դասախոսում են ոլորտի լավագույն մասնագետները: Դասընթացի ժամանակ ուսանողները կարդում են հատուկ ընտրված գրականություն մարդու իրավունքների, ցեղասպանության տեսության, Հայոց ցեղասպանության եւ աշխարհում տեղի ունեցած մյուս ցեղասպանությունների վերաբերյալ՝ Հայոց ցեղասպանությունն ընդունելով որպես օրինակ: 18 տարվա ընթացքում Զորյան ինստիտուտը կրթաթոշակ է տրամադրել 46 ուսանողի Հայաստանից: Հատկանշական է, որ այս դասընթացի արդյունքում թուրք ուսանողների գերակշիռ մեծամասնությունը, ծանոթանալով իրական պատմական փաստերին,  ընդունեց Հայոց ցեղասպանության փաստը:

Թեեւ Զորյան ինստիտուտը Հայաստանում պաշտոնապես իր մասնաճյուղը բացում է միայն այսօր, սակայն լայնածավալ աշխատանքներ հայրենիքում իրականացնում է Հայաստանի անկախացումից ի վեր: Միայն 2018 թվականին Զորյան ինստիտուտի ջանքերով հայրենիքում կազմակերպվել է երկու մեծ միջոցառում: 2018 թվականի հոկտեմբերի 5-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համագործակցությամբ Զորյան ինստիտուտը կազմակերպել է անցումային արդարադատությանը նվիրված միջազգային սիմպոզիում: Զորյան ինստիտուտը ակտիվ մասնակցություն է ցուցաբերել նաեւ 2018 թվականի դեկտեմբերի 9-11-ը Երեւանում տեղի ունեցած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումին:

2019 թվականը եւս հագեցած էր հայրենիքում իրականացրած աշխատանքների առումով: Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ Զորյան ինստիտուտի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի՝ «Բանավոր պատմության կենտրոնի» պաշտոնական բացման արարողությունը՝ ՀԱՀ-ՀԲԸՄ Փափազյան գրադարանում: Զորյան ինստիտուտն այս կենտրոնին է հանձնել իր՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանավոր պատմության հայտնի արխիվի պատճենները՝ ՀԱՀ-ի հետ կնքած պայմանագրի համաձայն: Արխիվը ներկայացնում է 800 վերապրողի բանավոր պատմություն տեսաձայնագրությամբ՝ ընդհանուր երեք հազար ժամ տեւողությամբ: Համալսարանի ուսանողները կիրականացնեն «Բանավոր պատմության կենտրոնի» արխիվային տեսաձայնագրությունների վերտառությունը, իսկ Ամերիկայի Զրոյան ինստիտուտի աշխատակիցները կապահովեն դրանց անգլերեն թարգմանությունը՝ ոչ հայախոս հետազոտողներին հասանելի դարձնելու համար: Այս բացառիկ հավաքածուն արժեքավոր նշանակություն ունի ուսանողների, հետազոտողների, կինոգործիչների եւ  հատկապես գիտնականների համար:

2019 թվականի նոյեմբերի 14-15-ին Զորյան ինստիտուտը, Հայաստանի ամերիկյան համալսարանը եւ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամը կազմակերպեցին «Հայաստանի վերափոխումը` համեմատական համատեքստում. ժողովրդավարացման վերամեկնա՞րկ» թեմայով գիտաժողովը՝ նվիրված 2018թ. Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, դրա արդյունքներին եւ սպասելիքներին: Գիտաժողովը համախմբել էր 22 միջազգային գիտնականների եւ մասնագետների, ովքեր մասնակցեցին հինգ տարբեր պանելային քննարկումների՝ վերլուծելով 2018թ. հայաստանյան թավշյա հեղափոխության տարբեր ասպեկտները ու դրա հետեւանքները:

Զորյան ինստիտուտը հիմնադրման օրվանից ի վեր մշտապես փորձել է իր ավանդն ու նպաստը ներդնել հայրենիքի զարգացման գործում: Այսօր արդեն Հայաստանում բացելով իր պաշտոնական ներկայացուցչությունը՝ Զորյան ինստիտուտը մտադիր է դարձնել այն մտքի եւ վերլուծության ակտիվ կենտրոն:

Զորյան ինստիտուտի նախագահ Գուրգեն Սարգսեան. «Զորյան ինստիտուտը մոտ 40 տարի անց հայրենիքում հաստատելու վերաբերյալ պետք է ասեմ, որ Հայաստանի Զորյան ինստիտուտը միտված է դառնալու մտածելու, հետազոտություններ կատարելու մի վայր, օգնելու հասկանալ այն ուժերն ու գործոնները, որոնք ազդում եւ ձեւավորում են մեր հավաքական կյանքը, ինքնությունն ու իրականությունը: Հայաստանի Զորյան ինստիտուտի նպատակն է կրթել եւ բարձրացնել իրազեկվածության մակարդակը քաղաքացիական հասարակության շրջանում այն մարտահրավերների վերաբերյալ, որոնց բախվում են մարդկությունն ու հայերը՝ որպես դրա մի մաս, այս մշտապես փոքրացող աշխարհում»:

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյան. «Սփյուռքյան իրականության մեջ եւ առհասարակ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, Ցեղասպանության ճանաչման եւ ցեղասպանագիտության զարգացման գործում անգնահատելի վաստակ ունի Զորյան ինստիտուտը: Մինչեւ Հայաստանի անկախության հռչակումը Զորյան ինստիտուտը ստանձնել էր նաեւ սեփական պետության գործառույթներից մեկը, այն է՝ համընդհանուր մարդու իրավունքների ճանաչում եւ պաշտպանություն, ցեղասպանության ժխտողականության մերժում եւ գիտական-ակադեմիական գործիքակազմով արդարության վերականգնում»: ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, տնտեսագիտության դոկտոր Աբել Գյոզի Ագաբեկյան. «Մենք դրական ենք գնահատում Զորյան ինստիտուտի՝ Երեւանում գրասենյակ բացելու որոշումը: Այսօր մեր ընդհանուր շահերը կապված են Հայաստանի սոցիալ-տնտեսական հաջող զարգացման եւ նոր կրթական ծրագրերի մշակման հետ: Անշուշտ, մենք լիովին աջակցում ենք Զորյան ինստիտուտին՝ հայ ժողովրդի ցեղասպանության ուսումնասիրության, գիտական աշխատանքների հրապարակման եւ այս թեմայով գեղարվեստական գրականության ստեղծման եւ ֆիլմերի արտադրության գործունեության մեջ: Հատկապես կարեւոր է Զորյան ինստիտուտի աշխատանքը՝ ուղղված աշխարհում նոր ցեղասպանությունների կանխարգելմանը: Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ երկրների կողմից՝ ներառյալ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա եւ Կանադա, հաստատումն է Զորյան ինստիտուտի առաքելության կարեւորության»:

Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր Արմեն Դարբինյան. «Հայաստանում մենք կարիքը ունենք հավաքական հայ մտքի առավել ներկայացվածության, ազգի ինտելեկտուալ եւ հետազոտական կարողությունների ժողովման, իսկ միջազգային հարթակներում՝ ժողովրդի եւ պետության շահերի միասնական ներկայացման եւ պաշտպանության: Սփյուռքի եւ Հայաստանյան ծագում ունեցող հայ մտավորականությունը պիտի միտված լինի ընդհանուր հարթակներ ստեղծելուն, համատեղ ուսումնասիրություններ, գիտաժողովներ, հրատարակություններ կազմակերպելուն եւ անցկացնելուն: Զորյան ինստիտուտի ցայժմ գործունեությունը վառ օրինակ է՝ նշված մոտեցումների իրագործման, իսկ Հայաստանյան մասնաճյուղի հիմնադրումը՝ շատ տեղին եւ անհրաժեշտ որոշում: Վստահ եմ, որ այն կնպաստի մեր ընդհանրական ջանքերի մեկտեղմանը եւ կբերի առավել նշանակալի արդյունքների:

Բարի՛ երթ»:

Հայաստանի ամերիկյան hամալսարանի նախագահ Կարին Մարկիդես. «Շնորհավորում ենք Զորյան ինստիտուտին իրենց տեղական գրասենյակը հիմնելու առթիվ՝ բերելով իրենց միջազգային փորձը Հայաստան: Հիմնվելով նախկինում ունեցած մեր համագործակցության վրա՝ ցանկանում ենք շարունակել աշխատել մեր առաքելությանը համահունչ նոր նախաձեռնությունների ուղղությամբ, որոնք կունենան համակարգային ազդեցություն մեր համայնքների վրա: Մաղթում ենք Զորյան ինստիտուտին հաջողություն իրենց գործունեության մեջ եւ առաջարկում ենք մեր աջակցությունը իրենց հետագա ջանքերում»:

https://zoryaninstitute.org/  Զորյան ինստիտուտի պաշտոնական կայքէջը

https://www.genocidestudies.org/ghrup  Ցեղասպանագիտության եւ մարդու իրավունքների համալսարանական ծրագրի պաշտոնական կայքէջը

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 «Առավոտ» օրաթերթ
10.04.2020

Գլխավոր լուսանկարում՝ ձախից աջ՝ Մեյգան Ռեյդ՝ Զորյան ինստիտուտի հասարակայնության հետ կապերի համակարգող, Արմեն Տեր-Կյուրեղյան՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախկին նախագահ, Գուրգեն Սարգսեան՝ Զորյան ինստիտուտի նախագահ, Սաթենիկ (Բելլա) Ավագյան՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի գրադարան տնօրեն, Կարին Մարկիդես՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ, Արմեն Եգանյան՝ Զորյան ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ, Մարի Հովհաննիսյան՝ Հայաստանի Զորյան ինստիտուտի գործադիր տնօրեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930