Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մաֆիան սպասում է ԵՄ գումարներին». Հոդվածը մեծ արձագանք գտավ Իտալիայում

Ապրիլ 10,2020 23:45

Իտալիա-Եմ հարաբերությունները շարունակում են որոշակի լարվածություն պահպանել

Չնայած նախորդ օրերին տեղի ունեցած մի շարք հանդիպումներին և ԵՄ որոշ երկրների ղեկավարների կողմից հնչեցված հայտարարություններին, որտեղ նրանք հաստատակամություն էին հայտնում կանգնելու Իտալիայի կողքին և աջակցելու ճգնաժամի հաղթահարման այս դժվար գործում, Իտալիա-Եմ հարաբերությունները շարունակում են որոշակի լարվածություն պահպանել:

Օրեր առաջ Եվրոխումբը համաձայնության եկավ 500 միլիարդ եվրո եվրոպական երկրներին տրամադրելու հարցում՝ ելնելով կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակից: Միևնույն ժամանակ չստացվեց վերջնական համաձայնության գալ Recovery Fund փաթեթի շուրջ:

Վարչապետ Ջուզեպե Կոնտեի առաջարկը՝ կապված եվրոբոնդերի հետ, քննարկման այս փուլում չընդունվեց: Կոնտեն բազմիցս նշել էր, որ Եվրոպան կարիք ունի եվրոբոնդերի, որպեսզի չկորցնի իր մրցունակությունը աշխարհում: Նա նշում էր, որ անհրաժեշտ են նոր ֆինանսական գործիքներ այս արտակարգ իրավիճակին դիմակայելու համար:

Այս հարցի քննարկման շուրջ համաձայնության չստացվեց գալ մի քանի երկրների, այդ թվում Գերմանիայի և Հոլանդիայի ներկայացուցիչների՝ փաթեթին դեմ լինելու արդյունքում: Մեկնաբանելով հանդիպման արդյունքները՝ Եվրոխմբի նախագահ Մարիո Չենտենոն նշում է, որ այս թեմայի հետ գործ ունենալիս անհրաժեշտ է լինել համբերատար, և քննարկման համար ժամանակ է անհրաժեշտ, իսկ Իտալիայի ֆինանսների նախարար Ռոբերտո Գուալտիերին ասում է. «Որոշ երկրներ դեմ են առաջարկին, բայց մենք կարողացել ենք այն քննարկման դնել: Կռիվ կտանք նաև Եվրոպայի խորհրդում և կլինենք շատ վճռական»:

Պետք է նշել, որ այս թեման շարունակում է մնալ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Այն նաև զգայուն թեմա է իտալական հասարակության համար և զարմանալի չէ, որ արտահայտված յուրաքանչյուր միտք անմիջապես արձագանք է ստանում:

Օրեր առաջ գերմանական հայտնի թերթերից Die Welt-ը գրել էր մի հոդված, որտեղ հարց էր բարձրացնում, թե ինչպիսի օգնություն է ակնկալվում ԵՄ-ի կողմից, և թե արդյոք այդ օգնությունը պետք է լինի առանց սահմանների և առանց վերահսկման: Թերթը անդրադառնում էր Իտալիայի շուրջ գոյություն ունեցող կարծրատիպերից մեկին՝ մաֆիային և նշում, որ «մաֆիան սպասում է ԵՄ գումարներին», ապա ավելացնում. «Իտալացիները պետք է բնականաբար վերահսկվեն Բրյուսելի կողմից և ցույց տան, որ կարողանում են ճիշտ տնօրինել այդ գումարը»:

Այս հոդվածը մեծ արձագանք գտավ Իտալիայում և քննադատության արժանացավ քաղաքական և հասարակական գործիչների կողմից: Իտալիայի Արտաքին գործերի նախարար Դի Մաիոն RAI 1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշում է. «Այն, որ օտարերկրյա մի օրաթերթ ասում է, որ մաֆիան սպասում է այն գումարներին, որ Իտալիան խնդրում է Բրյուսելից, ամոթալի և անընդունելի պնդում է»: Նա հույս է հայտնում, որ Բեռլինը այն խիստ քննադատության կարժանացնի: Նախարարը այս թեմային անդրադարձել է նաև ֆեյսբուքի իր էջում՝ գրելով. «Սա խաղ չէ, սա խաղ չէ երկու կամ ավելի երկրների միջև: Մարդիկ մահանում են, և Եվրոպան պարտավոր է արձագանքել»:

Չի ուշացել նաև Lega կուսակցության առաջնորդ Matteo Salvini-ի արձագանքը, որը թվիթերի իր էջում գրել է .«Ամաչե՛ք և ողողե՛ք ձեր բերանը, երբ խոսում եք Իտալիայի մասին»:

Արտակարգ իրավիճակով պայմանավորված տնտեսական և սոցիալական դժվարությունների հաղթահարման, Եվրոպական միության աջակցության, ինչպես նաև Recovery Fund փաթեթի մասին Իտալիայի վարչապետը խոսել է մի շարք միջազգային հեռուստաընկերությունների հետ:

BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Կոնտեն ասում է. «Սա մի մեծ մարտահրավեր է, մարտահրավեր Եվրոպայի կյանքում, եվրոպական պատմության համար: Մենք դասագրքեր ու տնտեսագիտության գրքերի էջեր չենք գրում, մենք գրում ենք պատմության գրքի էջերը, սա մի կարևոր հանդիպում է Պատմության հետ, որից բացակայել չենք կարող ոչ ես և ոչ էլ եվրոպական մյուս առաջնորդները»: Ապա՝ խոսում է նաև Եվրոպական միության հնարավոր ձախողման մասին, եթե այն չկարողանա հաղթահարել այս մարտահրավերը միասնական ուժերով:

Ժամեր առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Իտալիայի վարչապետը նշեց, որ ամբողջ Եվրոպան գտնվում է խիստ ծանր դրության մեջ և ըստ նախնական հաշվարկների մոտ հազար հինգ հարյուր միլիարդ եվրո է անհրաժեշտ Եվրոպայում տիրող այս արտակարգ իրավիճակին դիմակայելու համար՝ այն բնորոշելով որպես հետպատերազմյան շրջանի ամենածանր ժամանակահատվածը: Իր խոսքում Կոնտեն կարևորեց Իտալիայի ֆինանսների նախարարի կատարած աշխատանքը, ապա մեկ անգամ ևս վերահաստատեց եվրոբոնդերի կարևորությունը՝ նշելով, որ այն պետք է անմիջապես հասանելի դառնա ԵՄ երկրներին:

Անի Վարդանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930