Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը «Մեդիա կենտրոնի» հետ ուղիղ եթերի ընթացքում, ասաց, որ իրենք չեն կապում Արցախում կորոնավիրուսի դեպքերի գրանցումը չեն կապում մարտի 31-ին Արցախում անցկացրած համապետական ընտրությունների հետ։
«Մենք համարում ենք, որ այն բերովի է եղել Արցախի Հանրապետություն։ Եվ տվյալ քաղաքացին, որը Քաշաթաղի շրջանի Միրիկ համայնքից է եղել, ինքը Արտաշատի շրջանի գյուղ Շահումյանից է ամսի 30-ին Արցախ մուտք գործել»,- ասաց նա։
Արայիկ Բաղրյանը ընդգծեց, որ այս պահին համատարած թեստավորումը իրատեսական չեն համարում. «Բայց այս պահի դրությամբ վարակի տարածումը կառավարելի ենք համարում։ Եթե ընդհանուր առմամբ վերցնենք, հինգ հաստատված դեպքերից երեքը մեկ ընտանիքի հետ է կապված։ Այսինքն՝ բերովի դեպքի հետ ենք կապում։ Շրջանակը պարզած է, և համապատասխան աշխատանքներ են իրականացվում։ Այսօրվա երկու հաստատված դեպքերից մեկը Շահումյանի շրջանից է։ Այս պահին իրականացվում են համապատասխան աշխատանքները շրջանակները պարզելու համար»։
Նախարարի խոսքերով՝ Արցախում անհրաժեշտ բժշկական պարագաները կան, բայց մինչ օրս բոլոր նմուշառումները ուղարկում են Հայաստան, որտեղ էլ թեստավորումն իրականացնում են։
Կարդացեք նաև
Անդրադառնալով ապրիլի 14-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին՝ Արայիկ Բաղրյանն ասաց. «Կարող եմ բոլորին հավաստիացնել, որ ինչպես առաջին փուլի ժամանակ, այնպես էլ երկրորդ փուլի ժամանակ բնակիչների առողջության հետ կապված հնարավորինս վարակը տարածելու և վարակից զերծ մնալու հետ, բոլոր քաղաքացիներին տրամադրվելու են պաշտպանիչ դիմակներ, բոլոր քաղաքացիներին տրամադրվելու են անհատական գրիչներ։ Երկրորդ փուլում այդ կանոններն ավելի են խստացվելու, և ավելի են հետևողական լինելու, որպեսզի ընտրողները, որոնք ընտրատեղամասերում սպասում են իրենց դիմակներին և ձեռնոցներին, ինչպես նաև գրիչները ստանալուն, որպեսզի կուտակումներ չառաջանան»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ