Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվա-Երեւան թռիչքները ձգձգվում են. կառավարությունը մեկուսացման, կացարանների հարցն է դեռ լուծում

Ապրիլ 10,2020 22:22

Հայաստանի կառավարությունը փորձում է համապատասխան կացարանի հարց լուծել, որպեսզի կազմակերպի ՌԴ-ից Հայաստան վերադարձող մեր հայրենակիցների մեկուսացումը`համապատասխան ժամկետով: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարետատան մամուլի հարցերով համակարգող, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը:

Երկու օր առաջ Aravot.am-ն անդրադարձել էր Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Երեւանի թռիչքների սպասող մեր հայրենակիցների խնդրին: Aravot.am-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում թռիչքի սպասող մեր քաղաքացիներից տեղեկություն էին փոխանցել, որ «Աերոֆլոտ» եւ «S7» ավիաընկերությունները պատրաստ են Երեւան-Մոսկվա թռիչքներ իրականացնել, մինչդեռ ՀՀ կառավարությունում ձգձգում են համաձայնությունները: Խոսքը 2000-ից ավելի ՀՀ քաղաքացիների մասին է:

Վարչապետի խոսնակն անուղղակի հաստատեց` Մոսկվա-Երեւան թռիչքները ձգձգվում են ՀՀ կառավարության պատճառով: Միայն ձեւակերպման հետ համամիտ չէ. «Ոչ թե ձգձգում է, ճիշտ հասկացեք, այս պահին հատկացված հյուրանոցները, որ կան, որտեղ մեր քաղաքացիները մնում են, այնպես չէ, որ բոլորը զբաղված են: Բայց որպեսզի կարողանանք այդ քանակով մարդ ընդունել, պետք է վստահ լինենք, որ բոլորի համար ունենք անհրաժեշտ սենյակների թիվ-քանակը, որպեսզի իրենց տեղավորենք: Դա կազմակերպման փուլում է»:

Թե ե՞րբ կավարտվեն այս կազմակերպչական աշխատանքները, մեր զրուցակիցը դժվարացավ հստակ ժամկետներ ասել: Մանե Գեւորգյանը նաեւ հավաստիացրեց, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում հավաքված բոլոր մեր քաղաքացիները հյուրանոցում են եւ իրենց թռիչքի կազմակերպումը դեպի Երեւան ընթացքի մեջ է. «Այստեղ հարցն ուղղակի այն է, որ երբ վերադառնան, պետք է մնան մեկուսացման մեջ: Հիմա դիտարկում ենք վայրեր, որտեղ իրենց համար կկարողանանք ապահովել մեկուսացումը`անհրաժեշտ ժամանակահատվածով»:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է 1500 ՀՀ քաղաքացիների հետ: Քաղաքացիների խնդրանքով հրապարակվել է 127 քաղաքացու անուն ներառող ցուցակ, որում ներառված են այն քաղաքացիները, ովքեր մնում են հյուրանոցներում, օդանավակայանում կամ ժամանել են ՌԴ այլ շրջաններից: «Մեր քաղաքացիների՝ Հայաստան վերադառնալու հնարավորությունները գնահատվում են և ուղենշվում համապատասխան քայլերը՝ հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները»,- ասաց Աննա Նաղդալյանը` հավելելով, որ դեսպանության համակարգմամբ լուծվել է 450-ից ավելի ՀՀ քաղաքացիների աշխատանքի հարցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930