Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տպավորություն է, որ Էրդողանին PR-ենք անում. Հովհաննես Իգիթյան

Ապրիլ 10,2020 21:21

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն էր հայտնել Հայաստանին դեղորայքի հարցում օժանդակություն ցուցաբերել։ Այս մասին Էրդողանը հայտնել էր Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք․ Մաշալյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: Հարցը Հայաստանում շատ քննարկվեց`տարբեր տեսանկյուններից: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իր համար զարմանալի է այս հարցի շուրջ առաջացած մեծ աղմուկը: Պաշտոնական որեւէ աղբյուրում Հովհաննես Իգիթյանը հիշատակում չի գտել Էրդողանի`Հայաստանին ուղղված առաջարկի մասին:

«Մենք պետք է հասկանանք, որ Պոլսի պատրիարքարանը տեղում  ունի հատուկ կարգավիճակ: Ի՞նչ են հեռախոսով խոսել իրականում, ոչ ոք չի կարող ասել, մենք միայն գիտենք պատրիարքի ֆեյսբուքյան անձնական էջի գրառումը: Սա Հայաստանում քննարկել… որոշ թերթեր էլ գրել են Էրդողանը դեղորայք է առաջարկել Հայաստանին: Ոչ: Նման բան չի եղել: Այն պահին, երբ կունենանք պաշտոնական հայտարարություն, մենք, իհարկե, կուսումնասիրենք այն, կքննարկենք»,- ասաց մեր զրուցակիցը`հավելելով, որ իրենց լուրջ համարող հայաստանյան լրատվամիջոցներն այս հարցը չպետք է քննարկեն. «Եթե բան ունեն ասելու, կարող են գնալ Սահակ արք․ Մաշալյանի ֆեյսբուքյան էջ եւ մեկնաբանություններում իրենց կարծիքը հայտնեն: Մենք դատարկ տեղը խնդիր ենք ստեղծում եւ հասնում է այն մակարդակի, որ իրենց քաղաքագետ կամ քաղաքական գործիչ համարող մարդկանց հարցազրույցներ ենք լսում, որտեղ զարմանք է հայտնվում, որ ՀՀ իշխանությունները պաշտոնապես չեն արձագանքում Էրդողանին: Այնինչ, նման պաշտոնական հայտարարություն չկա»:

Այս ամենից, մեր զրուցակիցը տպավորություն ունի, որ Էրդողանի համար «PR ենք սարքել աշխարհով մեկ», քանի որ միջազգային կազմակերպություններում կամ Եվրոպական իշխանություններում, իր կարծիքով, չեն կարդացել եւ չէին կարող կարդալ Սահակ արք․ Մաշալյանի ֆեյսբուքյան էջը: Մինչդեռ, հայաստանյան մամուլից, ըստ նրա, այսօր այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիայի նախագահն այս բարդ իրավիճակում պատրաստ է Հայաստանին օգնության ձեռք մեկնել. «Ամբողջ աշխարհը մտածում է, որ Էրդողանն ունենալով իր անձնական խնդիրները, բայց փորձում է օգնել նաեւ այլ երկրներին, առավել եւս Հայաստանին, ինչը իրականությանը չի համապատասխանում»:

Որոշ դեպքերում, Հովհաննես Իգիթյանը նաեւ վտանգավոր է համարում Թուրքիայի համար նման դրական իմիջի ստեղծումը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930