Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանն այսօր անդրադառնալով ապրանքային շուկայի ուսումնասիրություններին եւ այն դժգոհություններին, որ արտակարգ դրության օրերին գնաճ է տեղի ունեցել, ասաց՝ համեմատական վերլուծություն են կատարել 2018 թվականի հետ, բայց սա արել են, ոչ թե այս օրերի թանկացումն արդարացնելու, այլ գների դինամիկան հասկանալու համար։
Ըստ այդմ, 2018-ին շաքարավազը եղել է 380 դրամ, կարագը 4650-4700 դրամ, նույնիսկ հասել է 4800-5000 դրամի, ձուն 60-70 դրամ է եղել։
«Եթե համեմատեք նույնիսկ 2020-ի գների բարձրացման հետ, կտեսնեք, որ գները բավականին նվազ են։ Սա նշանակում է, որ իսկապես մրցակցությունն աշխատում է, բայց լինում են տնտեսվարողներ, որոնք չարաշահում են իրենց դիրքը»,-ասաց Գեւորգյանը։
Ձվի շուկային անդրադառնալով, հանձնաժողովի նախագահն ասաց՝ ձվի գնի դեմպինգի՝ ինքնարժեքից ցածր վաճառքի հետ կապված հանձնաժողովում վարույթ էր հարուցվել դեմպինգի վերաբերյալ, փոքր ու միջին ձու արտադրողներից բազմաթիվ բողոքներ էին ստացել. «Հիմա, երբ ձվի գինն արդեն 46, 47, 36 դրամ է, իսկ մեր հաշվարկով ինքնարժեքը պետք է լիներ 36 դրամ, այսինքն՝ անոմալ վիճակը սկսում է վերանալ»։
Կարդացեք նաև
Գեւորգյանը վստահեցրեց՝ հանձնաժողովում կարագի, շաքարի, ձվի, բենզինի, դիզելի շուկաների հետ կապված վարույթներ են հարուցվել, մի քանի վարույթ էլ կհարուցվի ձեթի, հավի մսի, հավի բդի ապրանքային շուկաների հետ կապված:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ