Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է ապրանքային շուկայում ուսումնասիրությունները, խոշոր տնտեսվարողների մոտ առկա պաշարների հետ կապված անհանգստացնող երեւույթներ չկան, պարենային ապրանքները բավարար են ցանցերում եւ մատակարարների եւ արտադրողների մոտ: Այսօր այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:
Ինչ վերաբերում է գնաճին, Գեւորգյանն ասաց՝ վերջին 2 օրերին գների նվազման լավ դինամիկա է նկատվում. «Սակայն դա չի նշանակում, որ գները եկել են փետրվարի 26-ի գներին, երբ սկսել ենք ուսումնասիրությունը: Նարնջի գների որոշակի բարձրացում կա, մանդարինի մասով՝ մոտ 60 դրամի նվազում կա, բայց էլի հեռու է փետրվարի գներից, բայց սա կապված է բեռնափոխադրումների խնդիրների հետ: Տեղական արտադրության ապրանքների գները, բնականաբար, նվազում են, որովհետեւ կախված է սեզոնից, օրինակ՝ լոլիկը, վարունգը»:
Ալյուրի գինը ապրիլի 5-ի դրությամբ նվազել է 5 դրամով, եւ ինչպես Գեւորգյանն ասաց, 285 դրամ է դարձել, նախնական գինը եղել է 275: Հացի գինը խոշոր առեւտրային ցանցերում չի փոխվել.«Գների բարձրացումը միանգամից չի եղել, սա փաստում է, որ գները բարձրացել են ոչ թե կորոնավիրուսի համավարակի պատճառով, այլ որոշակի ժամանակ անց ալյուրը թանկացել է մարտի 14-ից սկսած՝ 5 դրամով, այս գինը պահպանվել է մինչեւ մարտի 26-ը: Սա կարող է կապված լինել թե արտարժույթի գնի հետ, եւ թե բեռնափոխադրումների հետ կապված՝ տարբեր երկրներում կարանտինային պայմաններով»:
Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ Վանաձորում հացը թանկացել է, հանձնաժողովի նախագահն ասաց՝ Վանաձորում հացն ամենաէժանն է՝ համեմատ այլ քաղաքների. «Հացի թանկացումը կապված է որոշ խնդիրների հետ, մի փոքր հատվածը՝ ալյուրի գնի, մի հատվածը՝ հացի փաթեթավորման հետ, բայց հիմնական պատճառը սպառման ծավալների նվազումն է՝ կապված դպրոցների եւ մանկապարտեզների փակ լինելը: Գնի փոփոխություն է եղել հացի 1-2 տեսակ մատնաքաշի դեպքում: Այս օրերին մարդիկ իրենց բնակարաններում հաց են պատրաստում, բայց լավաշի գինը նվազել է: Միակ մտահոգիչ հանգամանքն է՝ հացի գների բարձրացումն ու նվազումը տեղի է ունեցել համատարած, այսինքն` տնտեսվարող սուբյեկտները որոշակի համագործակցության եզրեր են ցույց տվել»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ