ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենը, պատասխանատվություն կրելով ընկերության գործառույթների պատշաճ կատարման համար, ծառայության նկատմամբ առերևույթ դրսևորել է անբարեխիղճ վերաբերմունք և իր պարտականությունները կատարել է ոչ պատշաճ:
Մասնավորապես՝ պարզվել է, որ նա, ՀՀ կառավարության 216-Ն որոշման 5-րդ և 7-Ն որոշման 6-րդ կետերի համաձայն, պարտավոր լինելով պետության կարիքների համար ձեռք բերված սերմացուները պահպանել ՀՀ-ում գտնվող նմանատիպ սերմացուներ պահեստավորելու համար նախատեսված պահեստներում, պետական կարիքների համար 2017-2018թթ. ձեռք բերված և չիրացված սերմացուների խմբաքանակները պահեստավորել է տեխնիկական և սանիտարական տեսակետից հատիկապահեստների հիմնական պահանջներին չբավարարող պահեստներում, որի հետևանքով պետությանը պատճառվել է 36.486.610 ՀՀ դրամի վնաս:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի (պաշտոնեական անփութություն) 2-րդ մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին