Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյանը չգիտի` ո՞ւմ էր ուղղված Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակումը

Ապրիլ 10,2020 20:35

«Ես չգիտեմ, այդ հայտարարությունն ասեմ, թե հոդվածը ո՞ւմ էր ուղղված»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը`պատասխանելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի`օրերս հրապարակված հոդվածին:  Դիտարկմանը`հանրությանն էր ուղղված, Հովհաննես Իգիթյանը հակադարձեց. «Երեւի թե ուղղված է այն մարդկանց, ով որ կարդում է»: Ապա մեր զրուցակիցը հավելեց, որ իրեն մի քանի անգամ դիմել են մեկնաբանելու համար. «Բայց ես չեմ կարծում, որ ես պետք է Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածները մեկնաբանեմ»:

«Սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, որն ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում»,- իր առաջարկների 4-րդ կետով ամրագրել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սրան հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը բավական կոշտ արձագանքեց`ասելով, որ իր տպավորությամբ առաջին նախագահը գործարք է առաջարկում` հանձնաժողովի աշխատանքները սառեցնել, ինչի դիմաց երկրորդ եւ երրորդ նախագահների վերահսկողության տակ գտնվող մամուլի միջոցները եւ գործիչները դադարեն քննադատել գործող կառավարությանը:

Հովհաննես Իգիթյանն այս մասով համաձայն է Անդրանիկ Քոչարյանի հետ. «Նա միայն իր աշխատանքի հետ կապված մասով կարծիք հայտնեց`գտնելով, որ հանձնաժողովի գործունեությունը պետք է շարունակվի, կորոնավիրուսի հետ կապված այս իրավիճակը որեւէ ձեւով չի խոչընդոտում հանձնաժողովին աշխատելուն, Սերժ Սարգսյանին կամ այլ մարդկանց լսելուն»:

Առհասարակ, առաջին նախագահի հնչեցրած առաջարկների մասով, մեր զրուցակիցն ասում է. «Կառավարությունն աշխատում է եւ ես չտեսա որեւէ նոր բան Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածում, որը կարող է լրացնել այն գործողությունները, որոնք արվում են թե Հայաստանում, թե Արցախում»:

Մեր հաջորդ դիտարկմանը`շատերի համար ուշագրավ էր, որ Տեր-Պետրոսյանն իր հիշատակումներում Նիկոլ Փաշինյանի անունը չէր հնչեցրել, մինչդեռ Տիգրան Ավինյանի եւ Արսեն Թորոսյանի գործունեությունն ընդգծել էր, Հովհաննես Իգիթյանն արձագանքեց. «Գիտեք ինչ, ես այդպես մանրամասն չեմ ուսումնասիրել: Առաջին նախագահը որոշեց, որ այս իրավիճակում պետք է հոդված գրել եւ այն ուղղված է այն մարդկանց ով որ կարդացել է, ում համար այն կարող է ուղենիշ լինի: Բայց չեմ կարծում, որ դա մենք պետք է պետական մակարդակում քննարկենք կամ հետեւություններ անենք, փորձենք գտնել որեւէ տողատակ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930