Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ. Դեռեւս որոշում չկա «Յուքոմ» եւ «Վեոն Արմենիա» ընկերությունների միավորման հայտի վերաբերյալ

Ապրիլ 10,2020 20:20

«Յուքոմ» եւ «Վեոն Արմենիա» ընկերությունների միավորման հայտը, որն անցյալ տարեվերջին էր ներկայացվել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, դեռ ուսումնասիրվում է, մոտ 600 անուն փաստաթուղթ է ուսումնասիրվել, դեռ որեւէ որոշում չի կայացվել:

Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում։

Երեկ գիշեր հայտնի դարձավ, որ «Յուքոմ» ընկերության 500 աշխատակից աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել: Այս առնչությամբ ՏՄՊՊՀ նախագահն ասաց՝ այդ իրադարձությունները կապ չունեն հանձնաժողովում տեղի ունեցող ուսումնասիրությունների հետ, բայց աշխատակիցների աշխատանքից ազատվելը մտահոգիչ է. «Եթե ընկերությունները միանում են եւ արդյունքում ունենում ենք կենտրոնացվածության բարձրացում, այստեղ պետությունը պետք է կարգավորման հստակ սխեմաներ ունենա, որպեսզի նմանատիպ երեւույթներ, եթե հանկարծ ապագայում լինեն, ապա հեռահաղորդակցության ոլորտի աշխատանքները մնան անխափան»:

Նա ասաց, որ մարտի 19-ին կապված հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության հետ, բոլոր նիստերը, այդ թվում այս երկու օպերատորների հարցով, կասեցվել են՝ լայնածավալ աշխատանքներից եւ մարդկանց հետ շփումներից խուսափելու համար. «Հանձնաժողովը դեռեւս չի ավարտել ուսումնասիրությունը, որեւէ որոշում չկա նշված երկու ընկերությունների միաձուլումը թույլ տալու, թույլ չտալու կամ որեւէ պայմանով թույլ տալու մասին: Վարույթը սկսելուն պես գործընթացը կշարունակենք»:

Այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հայտնում է. «Ի պատասխան «Յուքոմ» ՓԲ ընկերության կողմից «Վեոն Արմենիա» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ լուրերի հայտնում է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 14֊րդ հոդվածի 7֊րդ կետի պահանջներին համապատասխան համաձայնություն չի տվել գործընթացին եւ հարցը գտնվում է քննարկման փուլում, իրականացվում են ուսումնասիրություններ եւ վերլուծություններ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930