Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել էր՝ դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չի լինի, անգամ եթե արտակարգ դրությունը հանվի: Այսօր հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում Թորոսյանը երկար ժամանակ ասածը փորձեց հստակեցնել՝ առնվազն 1-2 տարի:
Հարցին՝ արդյոք նախկինում արված որեւէ հայտարարության համար զղջացել է, նախարարը պատասխանեց. «Ես չեմ վարանում իմ սխալներն ընդունել, եթե այդպիսիք եղել են: Ինքս ուղղում եմ ինձ, օրինակ՝ դիմակների մասին: Եվ ընդհանրապես, ստերիլ պետական պաշտոնյաններ ունենալու պահանջը այդքան էլ ճիշտ չէ, եթե կա նոր հիվանդություն, եւ նրա մասին բազմաթիվ բաներ հայտնի չեն, ես հնարավոր է անեմ մի հայտարարություն մեկ ամիս առաջ եւ հետո պարզվի, որ ինչ-որ բան է հայտնաբերվել եւ հայտարարությունն արդեն հավաստի չէ, եւ ես չեմ վարանի ասել, որ այդպես էլ եղել է»:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ օրական հազար թեստ պետք է արվի: Այսօր նախարարը մանրամասնեց, թե ինչ չափորոշիչներով են արվելու՝ նախկինում եւ մինչ օրս գործող չափանիշները պահպանվում են, նոր չափանիշներն են՝ թոքաբորբ ախտորոշմամբ հիվանդներին, որեւէ բուժհիմնարկում աշխատող այն բուժաշխատողներին, որոնք ունեն սուր-շնչառական վարակին բնորոշ ախտանիշներ, հաստատված վարակով մորից ծնված նորածիներին, եւ մանկաբարձական ստացիոնար ընդունվող ջերմություն եւ գրիպանման ախտանշաններ ունեցող ծննդկաններ կամ հղիներ:
«Վարակի առկայությունը բավարար չէ ասելու՝ տաք եղանակին այն տարածվում է, թե՝ ոչ: Մենք էլ հետեւում ենք վիճակագրությանը, եւ տեսնում ենք, որ առնվազն շատ տաք կլիմա ունեցող երկրներում վարակի տարածման տեմպն այնպիսին չէ, ինչպիսն ցուրտ կլիմա ունեցող երկրներում»,-ասաց Թորոսյանը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսը լինելով ռեսպերատոր վարակ, հնարավոր է ամռանն ավելի քիչ տարածում ունենա, դեպքերն ավելի քիչ լինեն, բայց դա չի նշանակում, որ աշնանը կամ ձմռանը կրկին բռնկումներ չեն լինի:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ