Մինչ օրս արվել է մոտ 6500 թեստ, այս քանակի թեստավորում կատարվել է ըստ ցուցումի, միջազգային կազմակերպությունների տրված չափանիշերով, դրանք այսօրվանից ընդլայնվել են, եւ ՀՀ-ում արդեն ավելի շատ թեստավորում կարվի՝ ելնելով համաճարակաբանական վիճակից, հիվանդացության տարածմամբ: Այս մասին այսօր հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ինչպես ավելի վաղ ասել էր նախարարը, եւ այսօր էլ կրկնեց, թեստավորումը հասցնելու են օրական 1000-ի:
Նա ներկայացրեց, թե ինչ բարդ եւ երկարատեւ գործընթաց է թեստավորումը. «Վիրուսների թեստավորումն ամենաբարդ բժշկական հետազոտություններից մեկն է: Այն բազմափուլ է, եւ բազմաթիվ մարդիկ են մասնակցում, երբ նմուշը լաբորատորիայում է, հետազոտությունը տեւում է մոտ հինգ: Լաբորատորիան պետք է համապատասխանի կենսանվտանգության բարձր պահանջներին, որպեսզի վիրուսի տարածում լաբորատորից չլինի՝ բուժաշխատողների վրա, հետո նրանից այլ պացիենտների եւ այլն: Այդպիսի լաբորատորիաները շատ չեն, ունենք 6 նման լաբորատորիա: Կա նաեւ նման երկու մասնավոր լաբորատորիա, որոնք այսօրվանից ներգրավվել են այդ գործընթացում: Հաջորդ փուլը համապատասխան մասնագետներն են, նմուշի տեղափոխման լոգիստիկ շղթան պետք է պատշաճ լինի: Դա սովորական մատից արյուն վերցնել չէ: Կան երկրներ, որտեղ 48 ժամ է տեւում գործընթացը, մենք 10 կամ 24 ժամում ենք անում: Մեր բուժաշխատողները 24 ժամյա ռեժիմով են աշխատում, դա նույնպես կարող է մեծացնել սխալվելու հավանականությունը: Փորձելու ենք գիշերը չանենք հետազոտություն, որպեսզի չսխալվենք»:
Հարցին՝ ՌԴ-ից ՀՀ մեր հայրենակիցների տեղափոխման դանդաղումը որքանով է պայմանավորված կարանտինային պայմանների բացակայությամբ, Թորոսյանը պատասխանեց՝ պարետատունն ու ԱԳՆ-ն զբաղվում են այդ գործով պատշաճ ու ժամանակին, իրավիճակին համահունչ:
«Վիրուսի շրջանառությունը, կարելի է ասել, տարածված է, հաստատված դեպքերի աղբյուրները բազմազան են: Իրավիճակը տարբեր կերպ կարելի է բնութագրել: Եթե խոսքը պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու մասին է, ապա այն հսկողության տակ է, նույնիսկ ռեզերվ ունենք, որ ավելի մեծ թվով պացիենտների սպասարկել, բայց դա չի նշանակում, որ զգոնությունը պետք է կորցնել: Դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի, սա ներքուստ բոլորս պետք է ընդունենք, նույնիսկ եթե արտակարգ դրության ռեժիմը հանվի, դա չի նշանակում ամեն ինչ պետք է վերադառնա նախկին ռիթմին, սկսած՝ վարքագծից ու սոցիալական տարածությունը պահելուց: Չպետք է թվերով պայմանավորել իրավիճակը: Թվերը լավ են, որովհետեւ առողջապահական համակարգն ի զորու է զբաղվել, բայց չպետք է թույլ տանք, որ գա մի օր առանձնացված հիվանդանոցները, կամ ընդհանրապես այլ հիվանդանոցներ տեղ չունենան ծանր պացիենտներին ընդունելու, եւ ստիպված այլ, ոչ հիվանդանոցային պայմաններում բուժենք, ինչը հղի է անցանկալի հետեւանքներով հատկապես մեր տարեց քաղաքացիների համար: Միջին տարիքը 75 տարեկան է, բայց ասենք Իտալիայում՝ 80-ին մոտ է, Իրանում՝ մի քիչ ավելի երիտասարդ»:
Կարդացեք նաև
Լրագրողի ճշտող հարցին, ճի՞շտ այն տեղեկությունը, որ Հանրապետական հիվանդանոցի ծննդատանը կորոնավիրուսով հիվանդացության դեպք է արձանագրվել, նախարարը պատասխանեց՝ ՀՀ բոլոր հիվանդանոցները հրահանգավորված է կորոնավիրուսային կասկածելի կամ հաստատված դեպքերով պացիենտների վարման կարգի վերաբերյալ, եւ կան բուժհաստատություններ, որոնք նշանակված են նման պացիենտներով զբաղվելու համար. «Ծննդատների մասով կարող եմ ասել, որ կա ծննդատուն, որտեղ կա հատուկ պայմաններ հղիների վարելու, պաթոլոգիաները վարելու եւ ծննդալուծումը կազմակերպելու համար: Հարցի ենթատեքստը չեմ հասկանում, ՀՀ ցանկացած հիվանդանոցում կարող է լինել կորոնավիրուսի վարակ հաստատված դեպք, որի մանրամասներին ծանոթանալուց հետո որոշում ենք՝ տեղափոխել մասնագիտացված կենտրոն կամ հաշվի առնելով առանձնահատկությունները, հղի է, երեխա է, պահել հիվանդանոցում, բայց ապահովելով հակահամաճարակային պայմանները»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ