Ներկայիս Թուրքիայի Կարս քաղաքից արևելք գտնվում է միջնադարյան եկեղեցիների միայնակ համալիր. ութանկյուն աշտարակները, փլված պատերն ու ընկած սյուները տարածված են լայնարձակ մարգագետիններով: Կիրճում, որտեղ թափվում է Ախուրյան գետը, որը բաժանում է Թուրքիայի և Հայաստանի ժամանակակից պետության սահմանը, գտնվում է մի կամուրջ, գրում է National Geographic-ը` հայոց միջնադարյան մայրաքաղաք Անիի մասին ծավալուն հոդվածում:
Ավերակներն այն ամենն են, ինչ մնացել է Անիից` Հայաստանի միջնադարյան մայրաքաղաքից, որը պատկանում էր այն թագավորությանը, որտեղ 300-ական թվականներին առաջինն են ընդունել քրիստոնեությունը, որպես պետական կրոն: Անին Հայաստանի մայրաքաղաքն է դարձել 10-րդ դարում` տուն դառնալով 100 000 մարդու համար և այնքան հարուստ էր կրոնական շենքերով, որ շուտով հայտնի դարձավ որպես 1001 եկեղեցիների քաղաք:
16-րդ դարում Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնելուց հետո Անին հեռավոր հուշ էր մնացել մինչև 1800-ական թվականները, երբ եվրոպացի ճանապարհորդները սկսեցին այցելել այստեղ: Անիի ավերակները գտնվում են Օսմանյան, Պարսկական և Ռուսական կայսրությունների աշխարհաքաղաքական հատման գծում: Այստեղ այցելելը ռիսկային էր, քանի որ քաղաքական լարվածությունն էր աճում: Չնայած դրան ճանապարհորդները, գիտնականներն այցելել են Անի: Նրանց թվում էր օրինակ շոտլանդացի դիվանագետ և ճանապարհորդ Ռոբերտ Կեր Պորտերը, որն այստեղ է եղել 1817թ., 1839 թվականին էլ Անին հիացրել է բրիտանական բանակի կապիտան Ռիչարդ Վիլբրեհեմը: «Քրիստոնեության խորհրդանիշն այստեղ ամենուր է»,-գրել է նա:
Հոդվածագիրը նշում է, որ Հայաստանի միջնադարյան թագավորության սահմանները շատ ավելի ընդարձակ են եղել, քան ներկայիս պետության սահմաններն են: Իսկ տարածքը տարբեր ժամանակներում եղել է պարսիկների, սելևկյանների, պարթևների ու հռոմեացիների իշխանության ներքո: Կայսրությունները հզորացել և անկում են ապրել, բայց այստեղ միշտ հաղթել է հայկական ինքնությունը:
Կարդացեք նաև
Անիի ավերակները միշտ էլ կարևոր նշանակություն են ունեցել հայերի համար, իսկ Հայոց ցեղասպանությունից հետո այն ընկալվում է որպես հայի կորուստների ու ապշեցուցիչ դիմացկունության հզոր խորհրդանիշ:
Հոդվածագիրը հիշեցնում է նաև, որ 2016 թվականին Անին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ