Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի տարածումը կանխարգելելու նպատակով և առաջնորդվելով 2020 թվականի գարնանը որակավորման քննություններ կազմակերպելու անհրաժեշտությամբ, ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը 08.04.2020թ. կայացած կայացված 7/6-Լ որոշմամբ փոփոխել և լրացրել է Որակավորման քննության ընդունման և հանձնման կարգը և հաստատել վերջինիս հավելվածը հանդիսացող «Արտակարգ դեպքերում որակավորման քննության ընդունման և հանձնման կարգ»-ը:
«Արտակարգ դեպքերում որակավորման քննության ընդունման և հանձնման կարգ»-ը կիրառվելու է բացառապես կամավորության սկզբունքով և վերջինիս համապատասխան որակավորման քննություն կազմակերպվելու է ՀՀ փաստաբանական դպրոցի միայն այն շրջանավարտների համար, ովքեր կհայտնեն նման ցանկություն:
Որակավորման քննությունը կազմակերպվելու է հեռավար հաղորդակցման միջոցների օգտագործմամբ: Հավակնորդը որակավորման քննությունը հանձնելու է Ժամանակացույցում նշված քննության օրը և առանձին ծանուցմամբ նշված ժամին, իր բնակության կամ այլ վայրից՝ լրացնելով Հանձնաժողովի կողմից իրեն տրամադրված 1 (մեկ) թեստային առաջադրանք:
Որակավորման քննության նոր ձևաչափի շրջանակներում հավակնորդները հանձնելու են թեստային առաջադրանք, որը կազմված է լինելու 10 (տասը) հարցից՝
Կարդացեք նաև
- 4 հարցը՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքից (առաջին բաղադրիչ).
- 6 հարցը՝ ըստ հավակնորդի մասնագիտական ուղղվածության՝ քաղաքացիաիրավական, վարչաիրավական կամ քրեաիրավական (երկրորդ բաղադրիչ):
Թեստի յուրաքանչյուր հարց կունենա 4 (չորս) այլընտրանքային պատասխան, որոնցից միայն մեկն է ճիշտ պատասխան, իսկ մյուսները՝ սխալ են կամ ճիշտ պատասխանի համեմատությամբ` ոչ լիարժեք, որոնք նույնպես որակվելու են որպես սխալ պատասխաններ:
Թեստային հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է 2 (երկու) միավոր, իսկ սխալ պատասխանին միավոր չի տրամադրվում:
Որակավորման քննությունը հանձնած է համարվում այն հավակնորդը, ով ստացել է առնվազն 12 (տասներկու) միավոր (այսուհետ՝ անցողիկ միավոր), այդ թվում՝
- առաջին բաղադրիչից ստացել է առնվազն 4 (չորս) միավոր, և
- երկրորդ բաղադրիչից ստացել է առնվազն 8 (ութ) միավոր:
Փաստաբանների պալատ