Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի կամավորներից մեկը՝ ռենտգենոլոգ Շանթ Ուռուտյանն իր ֆեյբուքյան էջում հրաշալի նորություն էր հրապարակել բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոնի առողջական վիճակի մասին։ Նա գրել էր, որ 14 օր անց կրկնակի թեստավորումը տվել է բացասական արդյունք, ու որ՝ գյումրեցի բռնցքամարտիկն այսօր, հավանաբար, կվերադառնա տուն։
Գյումրու քաղաքապետարանի սպորտբաժնի պետ Մեխակ Ղազարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մշտապես կապի մեջ է եղել չեմպիոնի հետ, տեղյակ է, որ նա արդեն առողջ է։
«Փառք Աստծո, արդեն առողջ է, խոսեցի հետն, ասաց՝ գնամ, հասնեմ տուն՝ կզանգեմ, դեռ չի զանգել, երևի դեռ դուրս չի գրվել հիվանդանոցից։ Ամեն օր խոսում էի հետը, մի քիչ ձանձրացել էր, բայց գոնե լավ է՝ կապի միջոցներ կան, թեթև անցան օրերը։
Չեմ կարող նկարագրել գյումրեցիների, սպորտասեր հասարակության անհանգստությունը․ չի եղել այդպիսի մի օր, որ չզանգեն ու մեր չեմպիոնի առողջական վիճակից չհարցնեն։ Էս երկու օրն է, որ հեռախոսազանգեր շատ չունեմ, որովհետև զանգողին ուրախացրել եմ՝ ասելով՝ մեր չեմպիոնն արդեն առողջ է, հանգստացրել եմ մեր ժողովրդին։
Կարդացեք նաև
Նա հիվանդացող տեսակներից չէ, ուղղակի քաշ էր գցել, հիվանդացել էր, սպորտսմենները, որ քաշ են գցում, իմունիտետն ընկնում է»,-ասաց Մեխակ Ղազարյանը։
Ի դեպ, շիրակցի պաշտոնյաները, կորոնավիրուսով վարակման հավանականության մասին խոսելիս, նշում են, որ Եվրոպայի չեմպիոնի հետ շփված ախուրյանցի բռնցքամարտիկը չի վարակվել։
Հիշեցնենք, որ Գյումրվա պարծանքը վարակվել էր Լոնդոնում, որտեղ Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մասնակցում էր օլիմպիական վարկանիշային մրցաշարին։
Բռնցքամարտի ֆեդերացիան ևս հայտարարություն էր տարածել՝ նշելով․ «Կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության անդամ չհանդիսացող եւ ֆեդերացիայի կողմից չհաստատված անձանց մոտ: Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակված անձ կա նաեւ հավաքական թիմում: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության տակ»:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից էլ Aravot.am-ին տեղեկացրել էին, որ Լոնդոնի վարկանիշային մրցաշարի դադարեցումից հետո Հայաստան վերադարձած բռնցքամարտի հավաքականը հենց օդանավակայանում ստուգում է անցել, եւ դրա հետեւանքով է բացահայտվել տվյալ մարզիկի վարակված լինելու հավանականությունը (անուն-ազգանուն չեն հրապարակել): Իսկ հավաքականի մյուս մարզիկները եւ մարզիչները ներկայում պատշաճ մակարդակով ինքնամեկուսացված են եւ գտնվում են բժիշկների հսկողության ներքո:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ