Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն քննարկում է COVID-19-ի շրջանում «ժամկետանց» իշխանությունների լիազորությունների շրջանակը. Հովհաննես Իգիթյան

Ապրիլ 10,2020 17:31

Նոր կորոնավիրուսի  համաճարակով, տարբեր երկրներում գործող արտակարգ դրությամբ ու մի շարք սահմանափակումներով պայմանավորված, հետաձգվել է նաեւ ԵԽԽՎ-ի՝ ապրիլին կայանալիք լիագումար նիստը: Մինչ այդ, հետաձգվել էին նաեւ մարտ ամսի ընթացքում նախատեսված կոմիտեների նիստերը:

«Բայց դա չի նշանակում, որ այս իրավիճակում ԵԽԽՎ-ն չպետք է աշխատի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանը`մանրամասնելով, որ ԵԽԽՎ-ի ակտիվ պատգամավորերի մի խումբ, որում նաեւ ինքն է ընդգրկված, փորձում են ստեղծել աշխատանքային ձեւաչափ, որը հնարավորություն կտա ԵԽԽՎ-ին հեռավար աշխատելու, եւ այդ աշխատաոճն իրավական դարձնելու: «Արդեն պատրաստվում են ԵԽԽՎ-ի կանոնակարգի որոշ փոփոխություններ: Փորձում ենք գտնել իրավական հարթակ, որպեսզի կարողանանք ԵԽԽՎ-ին բնորոշ հարցերը, հատկապես նաեւ կորոնավիրուսի հետ կապված, քննարկենք: Իսկ հարցերը շատ են: Պարզ է, որ ԵԽԽՎ  անդամ բոլոր երկրներում առաջին անգամն են առնչվում այսպիսի իրավիճակի հետ եւ լուծումներում՝ արտակարգ դրություն, խստացված սահմանափակումներ եւ այլն, նաեւ մարդու իրավունքների սահմանափակումներ են լինում՝ այդպիսով խախտելով նաեւ ժողովրդավարական որոշ գործընթացներ: Մենք փորձում ենք հասկանալ՝ ո՞րն է ստեղծված իրավիճակում այն սահմանը, որտեղ սահմանափակումները ընդունելի կարող են համարվել՝ հաշվի առնելով մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը պետք է գործի բոլոր իրավիճակներում»,- ասաց մեր զրուցակիցը:

Այս ընթացքում ԵԽԽՎ նախագահը հայտարարություններով հանդես եկավ՝ քննադատելով որոշ երկրների կառավարությունների գործելաոճը: «Մենք քննարկել ենք որոշ երկրների, հատկապես՝ Հունգարիայի հարցը: Մտավախություններ կան, որ կառավարությունն այնտեղ մի քիչ չափն անցել է արտակարգ դրություն մտցնելով, թեկուզ այն առումով, որ այն անժամկետ է: Անընդունելի է այդպիսի  իրավիճակը, երբ խորհրդարանն ամբողջությամբ բոլոր լիազորությունները տալիս է կառավարությանը, այն էլ անժամկետ»,- մանրամասնեց Հովհաննես Իգիթյանը:

Մեր զրուցակիցը նաեւ նկատում է, որ ներկայում հայտարարված արտակարգ դրությունը էապես տարբերվում է մեզ քաջածանոթ արտակարգ դրություններից: Հիշեցնում է դեռ ԽՍՀՄ տարիներին Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը՝ իր բնորոշմամբ՝ իշխանությունը պահելու համար, ապա եղել են արտակարգ դրություններ՝ «իշխանությունը հայտարարում էր՝ կարգ ու կանոն հաստատելու համար»:

Ներկայիս արտակարգ դրությունը, ըստ մեր զրուցակցի, միտված է բնակչության կյանքի եւ առողջության պահպանմանը, հիմնված է մարդկանց պատասխանատվության զգացումի վրա եւ ուժային տարր դրանում չկա. «Սա չի արվում քաղաքական եւ այլ նպատակներով, արվում է մարդկանց կյանքը փրկելու համար եւ որեւէ պետություն չունի մեխանիզմ`մարդկանց ստիպելու՝ մնալ տանը: Այս տեսանկյունից, շատ կարեւոր է հասարակության վստահությունը իշխանության նկատմամբ եւ սեփական պատասխանատվության գիտակցումը»:

Հարցին՝ արդյոք ՀՀ կառավարությունը նույնպես չգերազանցեց իր լիազորությունները՝ խորհրդարանում ամեն կերպ ընդունելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ստացավ «տեղորոշման օրենք» անվանումը եւ քննադատվեց, քանի որ բացատրություններում այդպես էլ համոզիչ չդարձավ, թե ինչպե՞ս է հեռախոսազանգերը ֆիքսելու միջոցով կանխվելու վարակի տարածումը, մեր զրուցակիցը հակադարձեց, որ աղմուկը բարձրացել է «որոշ մամուլում» տարբեր մանիպուլյացիաների արդյունքում, քանի որ նախագիծն անվանվեց մարդկանց գաղտնալսելու կամ հետեւելու մասին օրենք:

«Իրականում, պարզ երեւում է, որ այն ուղղված է մեկ րոպե շուտ՝ վարակված մարդու շրջանակը հայտնաբերելուն: Շատ կարեւոր է, որ օրենքն ունի սահմանափակում՝ կապված կոնկրետ այս իրավիճակի հետ եւ այն գործում է միայն հաստատված վարակակիր անձի հանդեպ, իսկ այդ ամբողջ ինֆորմացիան պետք է ոչնչացվի»,-ասաց Հովհաննես Իգիթյանը՝ նկատելով, որ այդ տեղեկությունները բջջային կապի օպերատորները միշտ էլ ունեցել են, հիմա էլ ունեն:

Նա տարակուսում է, որ որեւէ ընդդիմադիր չի ըմբոստանում, թե ինչո՞ւ են բջջային կապի օպերատորները պահում այդ տեղեկությունները, այն էլ՝ ոչ արտակարգ իրավիճակում: Հովհաննես Իգիթյանն այդ տեղեկությունների օգտագործման անհրաժեշտությունը կառավարության կողմից այսպես է հիմնավորում. «Մարդը, որը տեղեկություն է ստանում վարակված լինելու մասին, կարող է տարբեր հոգեբանական եւ ֆիզիկական իրավիճակներում լինել: Պատկերացրեք այդ մարդու իրավիճակը, երբ նա պետք է փորձի հիշել, թե վերջին երկու շաբաթվա ընթացքում ինքն ո՞ւմ հետ է շփվել: Կարող է մարդը չկարողանա հիշել, թե որտե՞ղ է եղել ութ օր առաջ: Այս համակարգը կօգնի հայտնաբերել տվյալ անձի հետ շփված մարդկանց: Նպատակը մեկն է՝ կանխել վարակի տարածումը եւ չհասցնել այն մակարդակին, որտեղ մեր առողջապահության համակարգը ունակ չի լինելու սպասարկել այդպիսի մեծ քանակությամբ մարդկանց»:

Արտակարգ դրության պարագայում, Հովհաննես Իգիթյանը նկատում է նաեւ, որ սահմանափակումներն անխուսափելի են, բայց համամիտ է, որ դրանք պետք է լինեն խելամտության սահմաններում: Պնդում է, որ ՀՀ կառավարությունը չի օգտագործում այս իրավիճակը՝ անձնական կամ քաղաքական շահերն առաջ տանելու համար:

Որոշ երկրներում նաեւ ընտրությունները հետաձգվեցին՝ պայմանավորված այս իրավիճակով: Հովհաննես Իգիթյանը սա է համարում խնդիր, քանի որ, այդ դեպքում, օրենսդրությամբ, ինքնաբերաբար, երկարացվում են կառավարության կամ խորհրդարանի գործունեության ժամկետը: «Դա էլ ենք քննարկել ԵԽԽՎ-ում: Ես առաջարկեցի, որ նման երկրներում, գոնե «ժամկետանց» իշխանությունները սահմանափակ իրավունքներ ունենան եւ չկարողանան այնպիսի օրենսդրական փոփոխություններ անել, որոնք ուղղակի կապ չունեն համավարակի հետ: Օրինակ, իրավունք չունենան Սահմանադրական, ԸՕ-ի փոփոխություններ անել: Պարզ է նաեւ, որ մի օր մենք պետք է քննարկենք այն «կարմիր գիծը», որը, մարդու իրավունքների սահմանափակումների հարցում, պետությունները չպետք է անցնեն՝ նույնիսկ հաշվի առնելով մարդկանց առողջությունը: Պարզ է, որ այդ «կարմիր գծերը» կան, բայց պարզ չէ, թե դրանք որոնք են: Պետք է քննարկենք տարբեր երկրների փորձը, հաջողությունները եւ անհաջողությունները եւ գտնենք ոսկե միջինը»,-եզրափակեց Հովհաննես Իգիթյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930