Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այստեղ պետք է հասկանալ, որ խնդիր կա փաստացի մեկ երկրի կողմից ամբողջությամբ վերահսկվելու. Սամվել Մարտիրոսյանը՝ «Յուքոմի» շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Ապրիլ 10,2020 17:20

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն Aravot.am-ի  խնդրանքով անդրադարձավ «Յուքոմ» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին:

Հիշեցնենք՝ երեկ լուր տարածվեց, որ ֆիքսված եւ շարժական կապի ծառայություններ մատուցող «Յուքոմ» ընկերության ավելի քան 500 աշխատակից աշխատանքից ազատման դիմում է գրել, որի պատճառը բաժնետերերի միջեւ առաջացած տարաձայնությունն է: Նշենք, որ այս տեղեկության վերաբերյալ «Յուքոմն» առայժմ, պաշտոնապես հանդես չի եկել:

Սամվել Մարտիրոսյանի խոսքով, այս իրավիճակում մի քանի խնդիր է առաջանում. առաջինը՝ որ կազմակերպության փլուզում չլինի. «Որովհետեւ իրական լուրեր են տարածվում, որ մեծ քանակի աշխատողներ դուրս են գալիս կազմակերպությունից, ինչը, ներկա տնտեսական իրավիճակը հաշվի առնելով, ընդհանուր տնտեսության եւ, նաեւ, ընդհանրապես տելեկոմի վրա լուրջ հետեւանքներ կունենա»:

Սամվել Մարտիրոսյանը մտահոգիչ է համարում շրջանառվող այն տեղեկությունները՝ «Յուքո՞մն» է առնում «Beeline»-ը, թե՞ հակառակը. «Այստեղ պետք է հասկանալ, որ խնդիր կա փաստացի մեկ երկրի կողմից ամբողջությամբ վերահսկվելու: Մեկ երկրի կողմից ամբողջությամբ վերահսկվող տելեկոմ ունենալը, երեւի թե, լավ բան չի»:

Պարոն Մարտիրոսյանն ասաց, որ ինքն, առհասարակ, դեմ է խոշորացմանը, քանի որ այդ պարագայում ոչ միայն վերահսկողության խնդիր է առաջ գալիս, այլեւ՝ մրցակցության բացակայության. «Ես գոհ չեմ, երբ խոշորացում է գնում: Տեսեք՝ հիմա ապրում ենք արտակարգ դրության պայմաններում եւ հանրությունը, կապված կորոնավիրուսի հետ, լուրջ վերահսկողության տակ է, եթե դու խոշորացնում ես եւ մի կազմակերպության ձեռքն ես տալիս, այդ ամենը շատ ավելի հեշտ է դառնում»:

Ինչ վերաբերում է «Յուքոմի»՝ ազգային օպերատոր մնալու վերաբերյալ քննարկումներին, Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ ինքն  ազգային օպերատորի, ազգային ուղեւորափոխադրողի այդ մոդելի կողմնակից չէ. «Որովետեւ երբեք չես կարող համոզված լինել, որ, նախ՝ բարեխիղճ կիրականացնի գործառույթները եւ, ընդհանարապես, պրոֆեսիոնալ կլինի: Մրցակցությունը գոնե ինչ-որ կերպ այդ հարցերը հարթում է»: Սակայն պարոն Մարտիրոսյանի խոսքով՝ տելեկոմը տնտեսության, կրթության տեսանկյունից կենսական նշանակություն ունի եւ բացի այդ՝ Ազգային անվտանգության խնդիր կա:

Հիշեցնենք, որ «Յուքոմ» ընկերության բաժնեմասերի  48,14 % -ը պատկանում է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիներին՝ Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյաններին՝ 11,9-ական տոկոս, եւ հորեղբոր որդուն՝ Արամ Խաչատրյանին, որը տնօրինում է 24,34 % բաժնեմասը։ Մնացած բաժնեմասերից 10,5 %-ը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի «Ֆորա-բանկ»-ին, 6,3 տոկոսը՝ Կարապետյանի քրոջ ամուսնուն՝ Սուրիկ Պողոսյանին: «Յուքոմ»-ի ղեկավար պաշտոններ զբաղեցնող Հայկ եւ Ալեքսանդր Եսայաններին պատկանում է բաժնետոմսերի  5,94 %-ը: Մնացածը՝ «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ընկերությանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930