Լրահոս
Օրվա լրահոսը

“We are the world”, թե՞ “Следи за собой”

Ապրիլ 10,2020 17:05

35 տարի առաջ այս օրերին ձայնագրվեց “We are the world” երգը, որը կարելի է ասել, դարձավ բարեգործության օրհներգը։ Այն մի գաղափարի շուրջ հավաքեց այնպիսի աստղերի, ինչպիսիք էին Մայքլ Ջեքսոնը, Բոբ Դիլանը, Սթիվի Ուանդերը և այլք։ Նպատակն էր աջակցել Աֆրիկային՝ մասնավորապես Եթովպիային, որտեղ 1983-1985թթ․ տեղի ունեցած սովի հետևանքով զոհվեց 1.2 մլն մարդ, որբացավ 400000 երեխա և փախստական դարձավ 400000 հազար մարդ։ Վաճառվեց երգի 10 մլն օրինակ, և բարեգործությանը ուղղվեց 63 մլն դոլար (այժմյան չափերով՝ 147 մլն դոլար)։

https://www.youtube.com/watch?v=M9BNoNFKCBI

Չնայած իր համաշխարհային հայտնիությանը, այս նախագիծն առաջինը չէր, սակայն կարելի է ասել այն բացառիկներից էր, որ կարողացավ հաջողությամբ համախմբել ժամանակաշրջանի ամենաազդեցիկ արտիստներին և բարձրացնել մարդկանց մեջ տեղեկացվածությունը տեղական ու համաշխարհային խնդիրների շուրջ։ Բացի նյութական առումից, կարելի է ասել, որ այդ նախագիծը նաև հոգեբանական աջակցություն ցույց տվեց տուժած ժողովրդին։

Առաջին նմանատիպ բարեգործական համերգը տեղի էր ունեցել 1971 թվականին։ Այդ տարին առավել ևս ծանր էր Բանգլադեշի համար, որտեղ ազգային ազատագրական պայքարին զոհ գնացին 30 հազար մարդ։ Նույն տարում Բանգլադեշի ցեղասպանության զոհերի քանակը տատանվում էր 300 հազարից 3 միլիոնի շուրջ։ Տեղեկատվության մակարդակը բարձրացնելու և բարեգործական միջոցներ հավաքելու համար Ջորջ Հարիսոնի (The Beatles) և հնդիկ հայտնի սիթառահար Ռավի Շանկարի շնորհիվ Նյու Յորքում կազմակերպվեց «Համերգ Բանգլադեշի համար (The concert for Bangladesh)» բացօթյա համերգը։ Կատարողների շարքում էին հայտնի աստղեր Էրիկ Քլեփթոնը, Բոբ Դիլանը, Բիլի Փրեստոնը, Ռինգո Սթարը և այլք։ Համերգին մասնակցել էր մոտ 40000 մարդ, իսկ ամբողջ հասույթը՝ 1.6 մլն դոլար, ամբողջությամբ ուղղվեց Բանգլադեշին։

Մեր ժողովուրդը նույնպես կարող է երախտագիտորեն հիշել Rock Aid Armenia նախագիծը, որը ստեղծվեց և կազմակերպվեց միջազգային բարերարներ Ջոն Դիի և Փոլ Լոուելի կողմից։ Այդ բարեգործական ալբոմում ներառվեցին այնպիսի լեգենդար խմբերի երգեր, ինչպիսիք են Deep Purple, Pink Floyd, Black Sabbath, Queen, Yes, Led Zeppelin, Iron Maiden և այլն։ Այս ծրագիրը նույնպես վառ օրինակ էր այն նյութական ու բարոյական աջակցության, որը ռոքը ցուցաբերեց Հայ ժողովրդին։

Բացի այդ ռոք ծրագրից, փոփ երաժիշտները նույնպես կարողացան նեցուկ լինել Հայաստանին՝ երկրաշարժի ծանր օրերին։ Շառլ Ազնավուրի գլխավորությամբ ձայնագրվեց «Քեզ համար  Հայաստան» երգը, որն աշխարհին ուշադրությունը սևեռեց հայ ժողովրդի արհավիրքին, ու էլ ավելի ամրապնդեց հայի վիրավոր հոգին։ Երգի առանձնահատկությունը կայացավ նրանում, որ այն հատուկ գրվեց և նվիրվեց հային ու Հայաստանին։

Այժմ, երբ ամբողջ աշխարհը կանգնած է համաշխարհային սոցիալական և տնտեսական ճգնաժամի առջև, առավել քան երբևէ անհրաժեշտ է գլոբալ մոտեցում, քանզի հենց ինքը խնդիրը-COVID-19 վիրուսը ունի համաշխարհային բնույթ ( Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն դասեց պանդեմիաների շարքին): Սկզբնական շրջանում այն ընդգրկում էր միայն Չինաստանի Հուբեյ նահանգը, սակայն մարտ ամսից այն անցավ երկրի սահմանները և «գրավեց աշխարհը»։

Նրա համաշխարհային տարածումը, մինչ այդ այդքան էլ չէր անհանգստացնում համաշխարհային գերտերություններին, հատկապես ԱՄՆ-ին։ Նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 25-ին իր Թվիթերյան պաշտոնական էջում[1] հայտարարում էր, որ մտահոգվելու կարիք չկա և ԱՄՆ-ին հաջողվում է պահել իրավիճակը հսկողության տակ։ ԱՄՆ-ն կարելի էր ասել ուներ իր դրդապատճառները շուտ չարձագանքելու և մարդկանց չմեկուսացնելու համար։ Նախ Թրամփը, որն առավել շատ աչքի է ընկում իր տնտեսական քաղաքականությամբ առիթը երբեք բաց չի թողնում շեշտելու համար, որ ներկայիս ԱՄՆ-ի համար առավել, քան երբևէ կարևոր է հենց ինքը՝ ԱՄՆ-ն ( America First կարգախոսը, Չինաստանի հետ առևտրային պատերազմը, Միգրացիոն քաղաքականության խստացումը, ԱՄՆ-ից այլ երկրներին տրվող օգնության նվազեցումը և այլն)։ Այս անգամ ԱՄՆ-ի ամենասիրելի «երգը» դարձավ ոչ թե “USA for Africa-We are the world”-ն էր, այլ “Следи за собой”-ը (Վիկտոր Ցոյի երգացանկից)։

Կարելի է ասել, որ այս անգամ նրանք «հարգելի պատճառներով» բացակայում էին միջազգային կազմակերպչական գործերից և զբաղված էին սեփական աշխատողների մասին մտածելով։ (2019-ի Սեպտեմբերին ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը իջավ  վերջին 50 տարվա մեջ ամենացածր մակարդակին՝ 3.5%[2])։

Համաշխարհային գերտերությունների միջև կարծես այս անգամ չստացվեց գլոբալ կոնստրուկտիվ կազմակերպվածությունը։ Ձեռնարկվեցին միջոցառումներ, որոնք սակայն հեռու են որոշիչ բնույթ կրելուց։ Մեծ Յոթնյակի երկրների ղեկավարները տեսակապի միջոցով կապվեցին իրար  հետ։ Նմանօրինակ հանդիպման անհաջողությունը կարելի է մեկնաբանել․ ազդող գործողները բազմաթիվ էին սկսած պատմականից մինչև աշխարհաքաղաքական․․․

Սակայն կան ոլորտներ, որոնք կարծես թե թաթախված չեն պատմա-աշխարհաքաղաքական գործընթացների մեջ և ունեն ավելի շատ անկախություն անհրաժեշտ պահին գաղափարի շուրջ համախմբելու համար։ Իմ կարծիքով, այդ ոլորտներից մեկը երգարվեստն է, որը կարողանում է միավորել միլիոնավոր մարդկանց՝ անկախ նրանց ազգային, քաղաքական ու կրոնական պատկանելիությունից։ Սկզբում տեսանք, որ այս ոլորտը բազմաթիվ անգամներ կարողացել է ինքնակազմակերպվել ու օգնել մարդկությանը։ Այժմյան ճգնաժամը, ըստ իս, ավելի շատ նման հոգեբանական աջակցության կարիք ունի, սակայն սահմանափակվում է միայն Իտալական տեղական երաժիշտների կատարումներով։ Աշխարհը կարիք ունի նոր Supergroup-ի, որը կկարողանա ցույց տալ, որ պետական քաղաքական անկազմակերպվածությունը նմանատիպ պանդեմիայի ժամանակ, կարող է որոշ չափով մեղմվել մշակութային կազմակերպվածությամբ։

Սիփան ՀՈՎՍԵՓՅԱՆ

[1] https://twitter.com/realdonaldtrump/status/1232058127740174339
[2] https://www.whitehouse.gov/articles/u-s-unemployment-rate-falls-50-year-low/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    “We are the world”․․․ 25 տ․ առաջ Ա՛յս երգի տողերով աղջիկս եզրափակեց իր շարադրությունը ։ Այն հաղթեց միջազգային մրցույթում, որը և եղավ որոշիչը մեր ընտանիքի հետագա ճակատագրում։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930