Լրահոս
Օրվա լրահոսը

«Ահազանգեր ենք ստանում տարբեր երկրներից, որ տանը մնալուն ուղղված միջոցառումների հետ կապված աճում են ընտանեկան բռնությունները. սա մտահոգիչ է». ԱՀԿ գլխավոր տնօրեն

Ապրիլ 10,2020 16:44

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը « 9 ½ կորոնավիրուսի օրենքները» խորագրով անցկացվող Պետերբուրգյան իրավական առցանց ֆորումի լիագումար նիստին փաստեց՝ այսօր լրանում է 100-րդ օրը, երբ իրենք առաջին անգամ իմացան այն մասին, որ մի նոր վիրուս է ի հայտ եկել աշխարհում:

Հիշեցմանը՝ առողջապահության նախարար եղած ժամանակահատվածում իրեն հաջողվել է կտրուկ նվազեցնել տուբերկուլյոզի, մալարիայի, մանկական մահացությունների դեպքերի թիվը և հարցին՝ ինչպե՞ս է այժմ իրավիճակը, և այս հարցում իրավաբաններն օգնո՞ւմ են, թե՞ խանգարում, նա պատասխանեց. «Հիմնական սկզբունքն այն է, որ բոլոր սահմանափակումները պետք է կատարվեն՝ մարդու իրավունքների պաշտպանությունը հաշվի առնելով: Իրավունքի գերակայությունն այս համավարակի դեմ պայքարում լուրջ դերակատարություն ունի: Շատ դեպքերում պետք է ձերբազատվել կարանտինային հին մեթոդներից, մշակել նոր սցենարներ»:

Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի վստահեցմամբ՝ պայքարը կլինի արդյունավետ, եթե շրջանառության մեջ դրվող նորմերը, սահմանափակումները միանգամից ընդունվեն կառավարությունների կողմից և կատարվեն ողջ աշխարհով մեկ՝ սահմանված ժամկետներում:

ԱՀԿ գլխավոր տնօրենը կարևորեց երկրների կառավարությունների թափանցիկ աշխատանքը. «Պետք է կառավարությունները պարբերաբար տեղեկացնեն հասարակությանը, թե համավարակի կանխարգելման ինչ միջոցներ են ձեռնարկվում: Նաև պետք է վստահեցնեն քաղաքացիներին, որ հենց այս ճգնաժամն ավարտվի, նման սահմանափակումները կվերացվեն, և կյանքը բնականոն հուն կվերադառնա»:

Նա մտահոգություն հայտնեց, որ այս օրերին տարբեր երկրներից ահազանգեր են ստանում ընտանեկան բռնությունների աճի միտումների մասին՝ կապված այն միջոցների հետ, որոնք ուղղված են տանը մնալուն. «Հատկապես երկրների կառավարությունները պետք է ուշադրություն դարձնեն այս միտումներին և կատարեն անհրաժեշտ քայլեր: Այս սահմանափակումներն արդեն լուրջ ազդեցություն են թողնում հասարակական կյանքի վրա: COVID-19-ը մեր հասարակությունը խաթարում է, սակայն այս համավարակը չի կարող մեր հիմքերը խաթարել: Մենք նաև այս ուղղությամբ աշխատում ենք փորձագետների հետ օրենսդրական ոլորտում»:

Ամփոփելով խոսքը՝ Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն ասաց. «Պատմությունը մեզ կդատի այն առումով, թե ինչ ենք արել կատարվածը կանխարգելելու համար, որ այն չկրկնվի: Այս համավարակը կանցնի, բայց միլիարդավոր մարդկանց մոտ կշարունակեն մնալ առողջական խնդիրները: Մենք պետք է մտածենք այս ուղղությամբ, որ միլիոնավոր մարդիկ բուժօգնություն ստանալու հնարավորություն չունեն: Մեր հիմնական նպատակն է անել այնպես, որ բոլոր մարդիկ ունենան բժշկական օգնություն ստանալու հնարավորություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930