Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես սովորել օտար լեզու արագ և արդյունավետ կամ «քանի լեզու գիտես՝ այնքան մարդ ես» (մաս 1)

Ապրիլ 10,2020 16:33

Առանց օտար լեզուների իմացության անհնար է պատկերացնել մեր այսօրվա հասարակությունը: Ժամանակակից աշխարհի մարտահրավերներից մեկը նվազագույնը երկու օտար լեզվի լավ տիրապետումն է և դրանով ազատ հաղորդակցումը: Եթե դուք նույնպես որոշել եք արդյունավետ օգտագործել ձեր ազատ ժամանակն ու սովորել մի նոր օտար լեզու, ապա այս նյութը ձեզ համար է:

Բոլորս էլ բազմիցս լսել ենք «Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես» հայտնի ասացվածքը: Խոսքն, իհարկե, այս կամ այն լեզվով պարզապես գրելու, կարդալու կամ խոսելու մասին չէ, շատ կարևոր է նաև, թե ինչքանով է տվյալ լեզվի իմացությունը նպաստում մեր գիտելիքների զարգացմանն ու մտահորիզոնի լայնացմանը: Լեզուն արտահայտչամիջոց է ու գործիք այլ քաղաքակրթությունների հետ հաղորդակցվելու, այլ լեզվամշակութային իրականություններ ճանաչելու համար, որն էլ բերում է միջմշակութային փոխըմբռնման: Մեծ հաշվով՝ լեզուն փոխում է մեզ, այն ազդում է մեր մտածելակերպի ու կենսակերպի վրա, մեր մտքերի ու դրանց ձևակերպման վրա:

Եթե ցանկանում եք սովորել որևէ օտար լեզու, ապա հիշեք շարժառիթի (մոտիվացիա) մասին, առանց որի ուղղակի անհնար է առաջ շարժվել: «Ինչու եմ ուզում սովորել այս լեզուն» հարցը պետք է ունենա հստակ պատասխան, որն էլ հենց խթան կհանդիսանա սովորելու համար տվյալ լեզուն ու զարգացնելու համար մեր գիտելիքները: Մեկը նոր լեզու է սովորում որպես մասնագիտություն, մյուսի համար սա աշխատանքային անհրաժեշտություն է, երրորդի համար՝ ուղղակի հաճելի զբաղմունք: Օրինակ` երեկոյան դասընթացի մասնակիցներից մեկը մի անգամ նշեց, որ սովորում է հաճույքի համար ու ուղղակի վայելում այն: Շարժառիթներ կարող են լինել նաև տվյալ լեզվով առկա մասնագիտական գրականության ուսումնասիրումը, բնօրինակով գրականության ընթերցումը կամ ֆիլմերի դիտումը, ճամփորդելիս տեղի մարդկանց հետ հաղորդակցվելը, օտարերկրացի ընկերների հետ շփումը, արտերկրում բիզնես նպատակները և այլն:

Նպատակի հստակ գիտակցումը կարևոր է ոչ միայն ինքներս մեզ ոգևորելու համար, այլ նաև գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար: Լեզուն ամբողջովին ուսումնասիրել անհնար է, և կարևոր է հստակ պատկերացնել գիտելիքի որ տեսակն է մեզ անհրաժեշտ: Բիզնես նպատակով օտար լեզու սովորողի և մասնագիտական գրականություն կարդացող բժշկի լեզվական գիտելիքները տարբեր են:

Օտար լեզու սովորելը, իհարկե, այնքան էլ հեշտ բան չէ, դրա համար մեզ պետք են փոքրիկ շարժառիթներ: Անկախ մեր նպատակից փորձենք վայելել ամբողջ գործընթացը և ոչ թե սպասենք արդյունքին: «Այ հիմա չարչարվեմ, որ հետո կարողանամ հաղորդակցվել» մոտեցումը միանշանակ սխալ է: Ո՛չ, սիրով ու հաճույքով սովորելը հաջողության հասնելու գրավականն է և գլխավոր նախապայմանը: Մի անգամ սովորողներից մեկն ասաց. «Ես հանգստանում եմ դասերին լարված աշխատանքային օրվանից հետո»: Նման մոտեցումը շատ կարևոր է: Բացի դա հաղորդակցվել կարելի է հենց այս պահին մեր ունեցած գիտելիքի սահմաններում: Եթե դուք կարծում եք, որ հիմա պետք է գիտելիք կուտակեք մի օր խոսելու համար, այդ օրը երբեք չի գալու: Մի վախեցեք հաղորդակցվել տվյալ պահի ձեր գիտելիքի ու հմտությունների չափով:

Անշուշտ, կարևոր է նաև, թե նյութը մեզ ինչպես է մատուցվում, ինչ մեթոդներ են կիրառվում դասավանդողի կողմից: Դրանք կարող են մեծապես ոգևորել կամ հակառակը թևաթափ անել սովորողին: Սրա վերաբերյալ իր հարցազրույցներից մեկում Ն. Չոմսկին ասում է. «Ուսուցման այնպիսի եղանակներ կան, որ պարզապես վերացնում են ցանկացած խելամիտ մարդու հետաքրքրասիրությունն ու հետաքրքրությունը, անկախ նրանից, թե ինչ է ուսուցանվում»:

Իհարկե ոգևորությունը երբեմն նվազում է հատկապես դժվարությունների հանդիպելիս, բայց այն կարելի է արագ վերագտնել: Այստեղ ձեզ կօգնեն բազմաբնույթ տեսանյութերը, լեզվակրի հետ զրույցները, տվյալ երկրի խոհանոցին հատուկ ճաշատեսակների պատրաստումը և այլն: Այս ամենն անշուշտ կոգևորի ձեզ՝ առավել խորացնելու լեզվի ուսումնասիրությունը՝ այն դարձնելով հաճելի ու օգտակար գործընթաց:

Թու՜յլ տվեք, որ ընթացքը ձեզ զգացողություններ պարգևի, մի՛ կաղապարեք լեզուն, ստեղծե՛ք շփման հնարավորություն ձեր ներաշխարհի ու լեզվի միջև: Մտածեք օրինակ՝ ինչ զգացողություն եք ունենում U2 խմբի With or without you երգը լսելիս, կամ ասենք հին Հռոմի մասին կարդալիս: Լեզուն մի ամբողջություն է տվյալ երկրի քաղաքակրթության հետ միասին, մի՛ դարձրեք այն բառերի ու քերականական կանոնների կույտ:

Անի ՎԱՐԴԱՆՅԱՆ

Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930