Այսօր ԱԺ տարածաշրջանային եւ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարողական զեկույցը:
Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը, խոսելով ներդրումների մասին, ասաց, որ թեեւ օրենսդրության առումով Հայաստանը լավ պայմաններ է առաջարկում, բայց ուղիղ ներդրումները ոգեւորող չեն:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդվարդ Անդրեասյանին մտահոգում էր այն, որ Իրանից, Թուրքիայից էժան լոլիկ, վարունգ ու պղպեղ են ներկրում Հայաստան ու մեր տեղի արտադրողները չեն կարողանում մրցակցել: Անցյալ տարի էկոնոմիկայի նախարարը խոստացել էր արգելող մեխանիզմներ սահմանել ներկրողների համար. «Այս տարի մեր արտադրողները նորից պրոբլեմի առաջ են: Նախ` իրենք չեն կարողանում տեղում իրացնել ապրանքը, որովհետեւ ձեռնարկությունները, որոնք ընդունում էին լոլիկը եւ այլն, փակ են: Հիմա խանութներում վարունգ կա մոտ 700 դրամի կարգի, այն դեպքում, երբ մեր արտադրողների վրա վարունգը նստում է 700-1000 դրամի կարգի: Նախարարն ասեց, որ բլոկ դնելու մեխանիզմները կմշակի, որ ոչ ներկրողին ցավացնի, համ էլ մեր արտադրողին էլ թույլ տան, որ այն ժամանակահատվածում, երբ իր ապրանքը պետք է հանի վաճառքի, պաշտպանված լինեն: Մշակվեցի՞ն դրանք»:
Ավանեսյանը պատասխանեց. «Երբ մենք պաշտպանության մասին ենք խոսում, խնդիրը պետք է կարողանանք լավ ձեւակերպել: Եթե ցեմենտի դեպքում մենք 4 փաստ ենք ասում, որի համար պետք է պաշտպանել այն, ներկայիս դրությամբ պարենային անվտանգության տեսանկյունից պետք է կշիռ դնենք: Ենթադրենք, ծայրահեղության գնանք ու ասենք՝ արգելում ենք Թուրքիայից կամ ընդհանրապես լոլիկի կամ վարունգի ներմուծումը, դրա արդյունքը եթե լինի գների թանկությունը, մենք դրան պատրա՞ստ ենք: Եթե որպես հանրություն ասենք՝ չէ, պատրաստ ենք, մենակ հայկական վարունգով ապրենք, շատ լավ, կարող ենք քննարկել, ասենք՝ մենք պատրաստ ենք, որ վարունգի գինը 300 դրամով թանկանա, բայց հայկականը լինի: Դա որոշման խնդիր է: Եթե խոսքը վերամշակողների մասին է, մենք իրենց հետ կապի մեջ ենք ու վստահեցնում ենք, որ մթերումների ժամանակ խնդիրներ չեն լինի: Համենայնդեպս, այդ խնդիրները ներկայիս դրությամբ չեն երեւում»:
Կարդացեք նաև
Անդրեասյանն ասաց, որ խոսքը այն ժամանակահատվածի մասին է, երբ ջերմոցի համար մարդիկ գումար են ծախսում, գազ են ծախսում, գները գոնե հավասարեցված լինեն. «Եթե հավասար լինեն, մարդիկ սիրով հայկականը կգնեն: Բայց եկամուտը ստանալու պահին դրսից ներկրվում էր ապրանք ու հարվածում մեր ձեռնարկատերերին»:
Ավանեսյանն էլ պատասխանեց, որ կառավարության ընդունած փաթեթով զրոյացված հարկեր են լինում գյուղատնտեսության համար, իրենց ֆինանսական բեռը զգալիորեն թեթեւացվում է:
Նիստի վերջում հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն ընդգծեց, որ ԵԱՏՄ համագործակցության արդյունքում լավ արդյունք ունեն՝ այն ապրանքները, որոնց համար արտոնություն էր գործում մինչեւ 2020-ի հունվարի 1-ը, արտոնության ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2021-ի հունվարի 1-ը: Խոսքը շուրջ 600 ապրանքատեսակների մասին է՝ միս, բրինձ, բուսական յուղ, ոսպ եւ այլն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ