Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնման գործընթաց, որպես այդպիսին, չի էլ մեկնարկել և, հետևաբար, Վահագն Հարությունյանի վերաբերյալ հանձնման միջնորդություն ՌԴ գլխավոր դատախազություն չի ներկայացվել. պարզաբանում

Ապրիլ 10,2020 16:50

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««2008թ. մարտի1-ի» քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ ՔԿ նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանի նկատմամբ հարուցված հետախուզման և դրա շուրջ տեղի ունեցած իրադարձությունների շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի անվան շրջանառմամբ տեղի են ունենում անհարկի, անհիմն, մանիպուլյատիվ շահարկումներ, որոնք ոչ մի առնչություն չունենալով իրավաբանության հետ, պարզապես մատնում են էքստրադիցիայի քրեադատավարական ընթացակարգերից շահարկողների անտեղյակությունը:

Հանրությանն այդ շահարկումների ծուղակն ընկելուց զերծ պահելու նպատակով հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը:

Վահագն Հարությունյանին նշված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացվել է 2018թ. հոկտեմբերի 30-ին: Որոշումը կայացվել է այն ապացույցների համակցության հիման վրա, որն այդ պահին ձեռք էր բերել նախաքննությունն իրականացնող մարմինը՝ ՀՔԾ-ն: Վերջինի գտնվելու վայրը պարզ չլինելու և քննությունից թաքնվելու հիմքերով նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և նույն օրը նաև միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Վ. Հարությունյանի մեղադրանքը 2 անգամ լրացվել է հետագա նախաքննության ընթացքում, որոնց հիման վրա դատարաններին ներկայացվող՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդությունները մերժվել են: Դատախազի կողմից ներկայացվող՝ ստորադաս դատարանների կայացրած այդ մերժման որոշումների դեմ բերվել են վերաքննիչ բողոքներ, իսկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից՝ վճռաբեկ բողոքներ, որոնք մերժվել են:

Շահարկվում է այն հարցը թե ինչո՞ւ մեղադրանքի ծավալը չի ավելացվել Վ. Հարությունյանի կողմից ավելի ուշ ժամանակահատվածում հնարավոր կատարված հանցավոր արարքներով, որպեսզի ռուսական կողմը հնարավորություն չունենար իրենց օրենսդրությանը հղում կատարելով մեղսագրվող հանցավոր արարքի վաղեմությունն անցած լինելու հիմքով Վ. Հարությունյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնել և նրան ձերբակալումից ազատ արձակել: Որպես «երկաթյա» փաստարկ՝ հղում է կատարվում, ենթադրաբար Վ. Հարությունյանի կողմից անձանց նկատմամբ խոշտանգում իրականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:

Ըստ քրեադատավարական ընթացակարգերի և ամենապարզ տրամաբանության՝ անձի նկատմամբ չի կարող հետախուզում հայտարարվել կամ մեկ այլ երկրին անձին հանձնելու պահանջ ներկայացվել՝ առանց վերջինիս որպես մեղադրյալ ներգրավվելու: Իսկ քրեական գործը, որին հղում է կատարվում վերոնշալ «փաստարկները» ներկայացնելիս, հարուցվել է 2019թ. հուլիսի 12-ին: Եվ նախաքննությունն իրականացնող մարմնի, տվյալ դեպքում ՀՔԾ-ի կողմից այդ դրվագներով Վ. Հարությունյանին մեղադրանք չի առաջադրվել այն պարզ պատճառով, որ դեռևս չի հաջողվել ձեռք բերել դրա համար անհրաժեշտ ապացույցները:

Իսկ ինչպես հայտնի է, ՀՀ դատախազությունը, առավել ևս ՀՀ գլխավոր դատախազը չեն քրեական գործերով ապացույցներ ձեռք բերող իրավասու սուբյեկտները:

Հուսով ենք, քրեական դատավարության և հանձնման գործընթացի «գիտակները» չեն առաջարկում անձին միայն նրա դեմ տրված հաղորդումների հիման վրա մեղադրանք առաջադրել, կամ մեղքը «հիմնավորող» անթույլատրելի, ապացույցներ ստեղծել՝ հանձնման գործընթացը բարեհաջող իրականացնելու արհեստական հիմքեր ստեղծելու համար:

Ինչ վերաբերում է Վ. Հարությունյանին հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը հրապարակելու անհրաժեշտության անհեթեթ պնդումներին՝ փորձելով դա չանելու մեջ տեսնելու Վ. Հարությունյանի հանձնման հարցում շահագրգռված չլինելու, նրա շահերից գործելու կոնսպիրատիվ մոտիվներ, ապա նման փաստաթուղթ չի կարող հրապարակվել, քանի որ այն պաշտոնապես դեռևս գոյություն չունի և չի կարող ունենալ, քանի որ հանձնման գործընթաց, որպես այդպիսին, չի էլ մեկնարկել և, հետևաբար, հանձնման միջնորդություն ՌԴ գլխավոր դատախազություն չի ներկայացվել:

Վ. Հարությունյանին ՌԴ ոստիկանության կողմից ձերբակալելու որոշման մասին ՀՀ ոստիկանությանը տեղեկացվելուց անմիջապես հետո ՀՀ գլխավոր դատախազությունը, անգամ չսպասելով ժամանակավոր կալանավորման որոշման կայացմանը՝ ձեռնամուխ է եղել նրան այդ փուլում հանձնելու մասին պահանջ ներկայացնելու նախապատրաստությանը: Սակայն ձերբակալման՝ օրենքով սահմանված ժամկետը դեռևս չավարտված, ընդամենը ժամերի ընթացքում ՌԴ դատախազությունը Վ. Հարությունյանին՝ վերջինիս մեղսագրվող արարքների վաղեմության ժամկետն իրենց օրենսդրությամբ անցած լինելու հիմնավորմամբ ազատ արձակելու որոշում է կայացրել:

Անկախ Պետությունների Համագործակցության «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայի (որի մաս են կազմում ինչպես ՀՀ-ն, այնպես էլ ՌԴ-ն) 57-րդ հոդվածի 1-ին մասի բ կետի իրավակարգավորումների համաձայն՝ հանձնում չի կատարվում, եթե «պահանջն ստանալու պահին, հարցվող Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն, քրեական հետապնդում չի կարող հարուցվել կամ դատավճիռը չի կարող ի կատար ածվել վաղեմության ժամկետն անցնելու պատճառով կամ այլ օրինական հիմքով»:

Ակնհայտ է, որ վաղեմությունն անցած լինելու հիմքով մերժման այսպիսի կոնվենցիոն իմպերատիվ պայմանի պարագայում նման միջնորդություն ներկայացնելն ուղղակի անիմաստ է, որովհետև ներկայացվելու դեպքում ենթակա է մերժման:

Ուստի հորդորում ենք Գլխավոր դատախազության գործողություններում դավադրություններ փնտրելու անիմաստ ջանքերի փոխարեն նման պնդումներ անելուց առաջ գոնե տարրական պատկերացումներ կազմել այդ ոլորտը կարգավորող իրավանորմերից ու ընթացակարգերից:

————————————

ՀԳ. Նկատի ունենալով, որ 1in.am-ը վերոնշյալի վերաբերյալ պաշտոնապես հարցում ուղարկած լինելու պարագայում, չսպասելով պատասխաններին, նախընտրել էր խիստ միակողմանի մեկնաբանությունների հիման վրա հոդված հրապարակել, կարող է սույն պարզաբանումն ընդունել որպես հարցման հրապարակային պատասխան»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930