Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ պիտի անենք, որ COVID-19 համավարակը չթուլացնի ժողովրդավարության հիմքերը». ԵԽ գլխավոր քարտուղար

Ապրիլ 10,2020 15:45

«Եթե Եվրոպայի խորհուրդը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված չլիներ, այսօր էինք ստիպված լինելու ստեղծել այն: Ուրեմն եկեք օգտվենք այն հանգամանքից, որ այսօր Եվրոպայի խորհուրդը կա և օգտագործենք նրա ներուժը»,-« 9 ½ կորոնավիրուսի օրենքները» խորագրով ապրիլի 10-11-ին առցանց տարբերակով անցկացվող Պետերբուրգյան իրավական ֆորումի լիագումար նիստին հայտարարեց ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:

Նշենք, որ 2011-ից անցկացվող ֆորումին մասնակցում են տարբեր միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, պետական պաշտոնյաներ, իրավական, տնտեսական ոլորտի փորձագետներ:

ԵԽ գլխավոր քարտուղարին հարց հղեցին՝ ի՞նչ եք կարծում, COVID-19 համավարակից հետո արդյոք եվրոպական առաջատար համալսարանների դիպլոմները մարդկանց պետք կգա՞ն: Նա պատասխանեց. «Եվրոպական դիպլոմները շարունակում են մնալ մեծ պահանջարկ վայելող՝ Ռուսաստանում և այլ երկրներում: Ես գոհ եմ, որ ԵԽ-ն կարողացել է այնպիսի հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, որ եվրոպական ինտեգրացիային վերաբերող ուսումնասիրությունները մեծ տարածում ունեն»:

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը վստահեցրեց՝ այս օրերին եվրոպական կրթական հաստատությունները, ինստիտուտներն ուսումնասիրություններ են կատարում եվրոպական միասնական ընկալման, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով: Նա հայտնեց. «Համավարակի այս օրերին՝ այս նոր իրավիճակում, Եվրոպայի խորհուրդը մարդու իրավունքների հարցերով նոր նախապատրաստական առցանց կուրս է մշակել: Առցանց ռեժիմով այս կուրսը իսկական բեսթսելլեր դարձավ: Սա նշանակում է, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցում չի կարելի մի կողմ դնել այն ջանքերը, որ մենք՝ որպես կազմակերպություն կատարում ենք: Լինելով մի կազմակերպության գլխավոր քարտուղար, որը ստեղծվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այն քաոսից հետո, որի հետ աշխարհը բախվեց, կարող եմ ասել, որ ամեն նման իրավիճակներից հետո նոր մարտահրավերների ենք բախվում: Այս ճգնաժամներն ավելի վառ են ցուցադրում միասնական գործելու անհրաժեշտությունը»:

ԵԽ գլխավոր քարտուղարը փաստեց՝ համավարակի այս օրերին եվրոպական օրակարգը հիմնականում մեկն է՝ հնարավորինս շատ մարդկանց կյանք փրկել, միևնույն ժամանակ շեշտեց՝ չպետք է մոռանալ եվրոպական հիմնարար արժեքների մասին. «Եվրոպայի խորհուրդը 70 տարի առաջ ստեղծվեց այն նպատակով, որ զարգացնի Եվրոպան, եվրոպացիների կյանքը բարելավի, հիմա Եվրոպան ինքն էլ աջակցության կարիք ունի, ինչպես ողջ աշխարհը: Միմյանց օգնելու, աջակցելու, ընդհանուր խնդիրները միասնական ջանքերով լուծելու ժամանակաշրջանում ենք ապրում»:

Խոսելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային այս օրերին հետևելու անհրաժեշտության մասին՝ Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարեց. «Կոնվենցիաները կարող են գործել հատուկ մոտեցման պարագայում: Մենք ունենք առաջարկություններ, որոնց միջոցով ենք հավասարակշռում կոնվենցիայի դրույթները: Մարդկային կորուստները մեզ իրավունք չեն տալիս մոռանալ մեր սկզբունքները և մարդու իրավունքները, որոնց պետք է շարունակենք դավանել՝ այս օրերին հատկապես բուժօգնության հավասար իրավունքը, որն ամրագրված է Կոնվենցիայում: Մենք պետք է հասկանանք, թե խոցելի խմբերն ինչ խնդիրների են բախվում՝ տարեցներ, տարբեր հիվանդություններ ունեցող մարդիկ, միգրանտներ, քանի որ այս պանդեմիան կարող է այնքան վատ ազդել այս մարդկանց վրա, որ հնարավոր չլինի փրկել նրանց կյանքը»:

ԵԽ գլխավոր քարտուղարը Եվրոպայում տիրող իրավիճակը բնութագրեց որպես տնտեսական ճգնաժամ և ահազանգեց՝ օրեր առաջ բարեկեցիկ համարվող անդամ պետություններում սրընթաց կերպով տարածվում է գործազրկությունը: Հետևաբար ըստ նրա՝ անխուսափելի են սոցիալական ցնցումները: Այս համատեքստում ասաց. «Պետք է անձանց սոցիալական իրավունքների պաշտպանության հարցը բարձրացնել: Այս հարցում մեզ կօգնի համակարգված, միասնական փոխգործակցությունը: Ամեն ինչ պետք է անենք, որ համավարակը չթուլացնի ժողովրդավարության հիմքերը: Բոլոր սահմանափակումները պետք է բխեն մարդու իրավունքների պաշտպանության , հասարակության բարեկեցության տրամաբանությունից: Մարդկային համերաշխությունը երբեք այնքան կարևոր չի եղել, ինչքան այս օրերին: Միակողմանի գործողությունները ոչ մի արդյունք տալ չեն կարող»:

ԵԽ գլխավոր քարտուղարն ասաց, որ ուշի ուշով հետևում են ԵԽ անդամ պետություններում ընթացող նաև քաղաքական, ժողովրդավարական գործընթացներին: Փաստեց, որ Ֆրանսիայում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը հետաձգվեց, ՀՀ-ում՝ սահմանադրական հանրաքվեն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930