Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ սուպերմարկետներում հայկական ապրանքները հայ տնտեսվարողից չեն վերցնում. Քննարկում՝ ԱԺ-ում

Ապրիլ 10,2020 15:34

Այսօր ԱԺ տարածաշրջանային եւ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը ներկայացրեց «ՀՀ-ի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի եւ դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» արձանագրությունը վավերացնելու հարցը:

Պատգամավորները հետաքրքրվեցին, թե գաղտնի տեղեկատվություն ասելով՝ ի՞նչ նկատի ունեն: Գեղամ Գեւորգյանը պարզաբանեց, որ բիզնես շահերին առնչվող տեղեկատվությունն է, շրջանառությանը, հարկային գաղտնիք պարունակող տեղեկատվությունը, բացառությամբ պետական գաղտնիք համարվող տեղեկատվության:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը հարցրեց, թե մեր հայկական ապրանքները՝ փաթեթավորում, մակնշում, հավասար պաշտպանվա՞ծ են. «Օրինակ, հայկական ապրանքները Ղրղըզստանի վաճառասեղաններում դրված հավասա՞ր պաշտպանված են, ինչ Հայաստանում»: Գեղամ Գեւորգյանը պատասխանեց. «Օրենքի տեսանկյունից՝ այո, կյանքում մենք մի քանի դեպք ենք ունեցել, երբ մենք ենք ուղարկել, 2-3 վարույթ ունեցանք անցյալ տարի: Ոնց որ իրենց ապրանքները այստեղ պետք է հավասար ռեժիմում լինեն, այնպես էլ մերը, օրենքով այդպես է»:

Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը մի խնդրի մասին հետաքրքրվեց. «ՌԴ-ում՝ Մոսկվայի սուպերմարկետներում հայկական ապրանքները միանգամից չեն ընդունում, պիտի միջնորդավորված կազմակերպություններով անեն: Մենք ապրանք ենք արտահանում Մոսկվա ու սուպերմարկետում ուղղակի մեր տնտեսվարողից չեն ընդունում այդ ապրանքը, պետք է միջնորդավորված ինչ-որ կազմակերպություններ տան՝ որոշ գումարի դիմաց»:

Գեղամ Գեւորգյանը պատասխանեց, որ իսկապես, այդ խնդիրը կա. «Հարցի առաջին կողմն այն է, որ, իհարկե, մեր տնտեսվարողներին սահմանափակում են: Այդ ամենը թղթի վրա չի արտացոլվում: Երկրորդ կողմն այն է, որ մենք երբեմն արտահանում ենք որոշակի ապրանքներ, որոնք ստանդարտների չեն համապատասխանում»:

ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ ՌԴ-ի տնտեսական մրցակցության պաշտպանությունը ղեկավարող հանձնաժողովի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ խնդիրը լուծեն կա՛մ ԵԱՏՄ շրջանակներում, կա՛մ կոնկրետ խնդրի դեպքում իրենց հանձնաժողովին դիմելով. «Ռուսաստանում խաղի կանոնները, դաշտը մի փոքր այլ է օրենսդրությամբ, իրական կյանքում՝ այլ: Բայց մենք մեր տնտեսվարողներին ասել ենք՝ եթե տնտեսվարողն արդար է, խնդիր չունի, մենք նույնիսկ անվճար ծառայություն ենք մատուցում, երբ հայց չկարողանան գրել ԵԱՏՄ, մենք կգրենք, իրենց տեղը ձեւակերպումներ կտանք: Պետք է փաստաթղթեր լրացվեն, մի քիչ իրավագիտակցության խնդիրներ ունեն տնտեսվարողները, մենք իրենց փոխարեն կանենք»:

Համաձայնագիրը վավերացնելու հարցին հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930