Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկում ենք խմբագրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 182.3-րդ հոդվածը. ՀՔԱՎ

Ապրիլ 10,2020 15:40

2020 թ. մարտի 16-ից՝ 18։30-ից մինչև ապրիլի 14-ը՝ 17։00-ն, ՀՀ-ում հայտարարվել է արտակարգ դրություն, որով պայմանավորված՝ սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը։

Առանց պարետատան սահմանած փաստաթղթերի տեղաշարժման և անձնական տրանսպորտային միջոցներով երկուսից ավելի անձանց տեղափոխման դեպքում քաղաքացիները կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով տուգանքի, իսկ նշված սահմանափակումները պահպանելու նկատմամբ վերահսկողություն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում արտակարգ դրությամբ պայմանավորված պետական մարմինների կողմից իրականացվող վարչարարության ընթացքում առավել հաճախ վարչական վարույթներ հարուցվում են վերը նշված պահանջների խախտման դեպքերով, ՀՔԱՎ-ը այս վերլուծության շրջանակներում անդրադառնում է ՀՀ ոստիկանության կողմից իրականացվող վարչարարության իրավաչափությանը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համատեքստում։

ՀՀ ոստիկանության կողմից հրապարակված տեղեկությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ հրապարակումները տեղեկություններ են պարունակում այն դեպքերի վերաբերյալ, երբ տեղաշարժման կանոնները խախտած անձանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ: Նշված հրապարակումներում անդրադարձ չի կատարվում այն դեպքերին, երբ անձը խախտել է տեղաշարժման կանոնները, սակայն դրա վերաբերյալ վարչական իրավախախտման արձանագրություն ոստիկանության կողմից չի կազմվել և առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում առ այն, որ քննարկվող զանցանքը կատարող բոլոր անձանց նկատմամբ ՀՀ ոստիկանությունը դրսևորում է միատեսակ վարքագիծ՝ վերջիններիս վերաբերյալ կազմելով վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրություն: Մինչդեռ, նման փաստը հերքվում է լրատվական կայքերում հրապարակված որոշ տեղեկություններով:

Ամփոփելով արտակարգ դրության պայմաններում վարչարարութուն իրականացնող ՀՀ ոստիկանության վարքագիծը՝ արձանագրում ենք, որ տեղաշարժման կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու ընթացքում ՀՀ ոստիկանությունը խախտում է վարչարարության հիմնարար սկզբունքներից օրինականության և կամայականության արգելքի սկզբունքները, միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ դրսևորում է կամայական և անհավասար մոտեցում, որը բերում է անձանց՝ սահմանադրությամբ երաշխավորած իրավահավասարության իրավունքի խախտմանը:

Առաջարկություններ

Ամփոփելով սույն վերլուծությամբ բացահայտված խնդիրները, առաջարկում ենք՝

✅Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 182.3-րդ հոդվածը 10-րդ մասը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝

«Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում որպես սահմանափակում նախատեսված պարտադիր մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը»։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 182.3 հոդվածը լրացնել նոր մասով հետևյալ բովանդակությամբ՝

«Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում  ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումները խախտելը՝ բացառությամբ սույն օրենսգրքի 182.3 հոդվածի 10-րդ  մասով նախատեսված իրավախախտումների»:

✅ Իրավախախտումն առաջին անգամ հայտնաբերելու դեպքում բավարարվել բանավոր դիտողությամբ:

✅ Հետևել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմանը։

✅ Բացառել քաղաքացիների նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերելը:

ՀՔԱՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930