Aravot.am-ն այսօր «Վեոն Արմենիա» ընկերության պատասխանատուներից մեկնաբանություն խնդրեց «Յուքոմ» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հարցրինք նաեւ, թե ինչպե՞ս կմեկնաբանեն «Ազատություն» ռադիոկայանի տեղեկությունը, որ «Beeline» գործադիր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Յուքոմի» բաժնետերերին է փոխանցել իր ղեկավարած ընկերության ներքին ինֆորմացիան, որպեսզի դրա դիմաց ստանա միավորվող ընկերության տնօրենի պաշտոնը։
«Վեոն Արմենիա» ընկերությունից որեւէ տեղեկություն չհայտնեցին Պյատախինի՝ ինֆորմացիա փոխանցելու եւ միավորված ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու մտադրության վերաբերյալ:
Մեր հարցին ի պատասխան` ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նաիրա Նազարյանն ասաց, որ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը եւ չի նախատեսում լքել այն. «Հայաստանում Beeline-ը շարունակում է աշխատել սովորականի պես՝ կատարելով իր պարտականություններն հաճախորդների եւ շահակիրների առջեւ: Մեզ մոտ որեւէ փոփոխություն չի եղել, ինչպես աշխատում էինք, այնպես էլ աշխատում ենք»:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ՝ դեկտեմբերի 31-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հաստատել էր, որ երկու ընկերությունները գնման մասին դիմում են ներկայացրել հանձնաժողով: ՀԾԿՀ ղեկավարը նաեւ հայտնել էր, որ գործընթացը բարդ է եւ պետք է անցնի այլ գերատեսչություններով, նախարարություններով, եւ որ իր համաձայնությունը պետք է տա նաեւ Ազգային անվտանգության ծառայությունը:
Կարդացեք նաև
Խոսքն այդ ժամանակ «Վեոն Արմենիա» ընկերության, որը հանրությանն առավել հայտնի է «ԱրմենՏել» անունով՝ «Յուքոմ» ընկերությանը վաճառելու մասին էր: Սակայն այսօր արդեն կարծես թե հակառակ գործընթացի մասին է խոսքը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարը՝ Անդրեյ Պյատախինի ֆեյսբուքյան էջից