«Ոչ, չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում է եւ հարյուր տոկոսով մարում: Ինչո՞ւ, որովհետեւ եթե առաջ ունենում էինք հիսուն նոր դեպք՝ մեկ աղբյուրից, ասենք՝ արտադրամասից, ապա հիմա ունենում ենք 16, 20 եւ 30 դեպք՝ տարբեր աղբյուրներից»,-ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով պատգամավորի հարցին, թե կարելի՞ է կորոնավիրուսի տարածումը հաղթահարված համարել:
Նրա խոսքով՝ վիրուսի շրջանառությունը վերահսկողությունից դուրս է եկել. «Բայց մեր խնդիրն է՝ ամեն հնարավոր դեպքը գտնել ու նույն գործողություններն անել՝ թեստավորել, մեկուսացնել, բուժել եւ դուրս գրել: Այս ամենը պետք է անենք այնքան, մինչեւ էլ ուժ չունենանք: Եթե ազգով եւ երկրով մեկ ուժասպառ լինենք, այդ ժամանակ միայն կթեստավորենք ու կբուժենք, իսկ մեկուսացում էլ չենք անի, որովհետեւ տարածումն արդեն շատ-շատ կլինի»:
Նախարարի խոսքով՝ սահմանափակող միջոցառումներն այդ ամենի համատեքստում պետք է դիտարկել եւ ոչ թե ասել, թե ամեն ինչ անցյալում է. «Շվեդիան, օրինակ, ոչինչ չարեց: Այդ երկիրն ունի տասը միլիոն բնակչություն եւ 800 մահ: Եթե մեր բնակչության առումով հաշվեմ, արդեն 200 մահ պետք է ունենայինք կորոնավիրուսից: Իսկ մենք քիչ թվով մահեր ունենք, ինչը մեր սահմանափակող միջոցառումների շնորհիվ է: Տնտեսության, մարդկանց հոգեբանության եւ բուժանձնակազմի ծանրաբեռնվածության առումով դա դաժան է, բայց արդյունքը կա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ