Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ուղղակի ընդվզում է, «Յուքոմի» դիմում գրած աշխատակիցները մի բան են ասում՝ թողեք գոնե մի բանն այս երկրում լինի հայկական. Դիանա Մնացականյան

Ապրիլ 10,2020 14:20

«Չեմ կարող պատասխանել՝ ինչու է դա տեղի ունենում, քանի որ պաշտոնական տեղեկատվություն չունեմ: Անգամ, եթե ունենայի, այն հայտնելու իրավասություն չունեմ, որովհետեւ 3 ամիս է՝ չեմ աշխատում ընկերությունում: Բայց այսօր, եթե անգամ աշխատեի, միանշանակ կլինեի դիմում գրած այն աշխատակիցների ցանկում, որովհետեւ այնպես է ստացվել, որ ընկերությունում միշտ ավելի կարեւոր է եղել գաղափարը»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ են «Յուքոմի» աշխատակիցները նման քայլի գնացել, ասաց «Յուքոմ» ընկերության նախկին աշխատակից Դիանա Մնացականյանը, որն այդ ընկերությունում զբաղեցրել է PR եւ հաղորդակցության ծրագրերի ղեկավարի պաշտոնը:

Երեկ լուր տարածվեց, որ Ֆիքսված եւ շարժական կապի ծառայություններ մատուցող «Յուքոմի» ընկերության ավելի քան 500 աշխատակից աշխատանքից ազատման դիմում է գրել, որի պատճառը բաժնետերերի միջեւ առաջացած տարաձայնությունն է: Այս տեղեկության վերաբերյալ, «Յուքոմն», առայժմ պաշտոնապես հանդես չի եկել:

Aravot.am-ի հարցին՝ այսօր արդեն տեղեկություններ են շրջանառվում եւ, կարծես թե, հաստատվում է այն տեղեկությունը, որ ոչ թե «Յուքոմն» է ցանկանում գնել «beeline»-ը, ինչպես ամիսներ առաջ հայտարարվեց, այլ հակառակը՝ «Վեոն Արմենիան» է գնում «Յուքոմը», ի՞նչ կասեք այս մասին, Դիանա Մնացականյանն ասաց՝ չեմ ուզում այդ ձեւակերպումը ոչ հաստատել, ոչ հերքել, «Որովհետեւ չգիտեմ՝ ինչ է տեղի ունենում, չկա պաշտոնական պատասխան, դեռ պետք է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր պատասխանը տա, այլ պետական հիմնարկներ դեռ պետք է արձագանքեն այդ ամենին, ինչը որ տեղի է ունենում»:

Հետաքրքրվեցինք՝ քաղաքական ենթատեքստ կա՞ այս հարցում: Ի պատասխան տիկին Մնացականյանն ասաց՝ չի կարող այդ հարցին պատասխանել. «Սակայն, եթե անգամ լինի քաղաքական ենթատեքստ, կուզեի, որ այդ ամենը մի կողմ դրվեր եւ մենք մտածեինք երկրի մասին: «Յուքոմի» դիմում գրած աշխատակիցները մի բան են ասում՝ թողեք մի բանը գոնե այս երկրում լինի հայկական»:

Դիանա Մնացականյանի խոսքով, «Յուքոմի» բոլոր աշխատակիցները, այդ թվում՝ «Օրանժ Արմենիայից» այս ընկերություն տեղափոխվածները, միջազգային փորձն ու ջանքերը ներդրել են, որպեսզի ստեղծեն կապի հայկական օպերատոր:

«Մենք ուղղակի գաղափարապես համոզված էինք, որ աշխարհի ամենալավ բանն ենք անում, երբ ստեղծում ենք հայկական ընկերություն, հայկական կապի ծառայություններ, հայաստանյան օպերատոր եւ, որ որեւէ երկրի կապի ծառայություններից, քմահաճույքներից կախված չէր լինելու այդ ընկերությունը: Եվ նրանք, որոնք այսօր դիմումներ են գրում, վստահ եմ, հենց այդ գաղափարից ելնելով են գրել: Սա ուղղակի ընդվզում է: Այս երկրում ստացվել է, որ 7 հոգանոց ստարտափը կարողացել է դառնալ 1800 հոգանոց ընկերություն: Նշանակում է այդ մարդիկ կարող են այնպես աշխատել ու այնպես անել, որ ընկերությունը շարունակի բարգավաճել եւ երկրի տնտեսությանն օգուտ բերի: «Յուքոմը» կարեւոր մագիստրալ էր տարածաշրջանում եւ մեր տարածքով կարող էր արտահանվել եւ արտահանվում էր ինտերնետն այլ երկրներ, եւ Հայաստանին դա տնտեսական առումով միայն օգուտ էր բերում: Հիմա կախված լինել օտար երկրների մատակարարումից, ստրատեգիական առումով սխալ քայլ ու որոշում կլինի: «Յուքոմում» բոլորը գիտակցում են, որ ինչ անում են՝ այս երկրի տնտեսության համար են անում, իրենց ընտանիքների, սերունդների համար են անում»,-ասաց Դիանա Մնացականյանը:

Նրա խոսքով. «Գաղափարապես ես այն մարդկանց կողքին եմ, որոնք դիմումները գրել՝ դուրս են եկել, որոնք համարում են, որ գոնե կապը պիտի լինի հայկական»:

Տեղեկացանք, որ դիմում գրած տեխնիկական անձնակազմն ապահովում էր «Յուքոմի» ցանցի անվտանգությունն ու կապ հասանելիությունը:«Տեխնիկական անձնակազմը դուրս է եկել, հիմա Աստված գիտի՝ ինչ կարող է լինել, տվյալները ով կարող է ստանալ, դեպի այդ տվյալներ ով կարող է մուտք ստանալ: Ես նկատի չունեմ միայն ռուսական կողմը, նկատի ունեմ շատ ավելի վտանգավոր հարեւանների: Իսկապես, ազգային անվտանգության խնդիրներ են, որովհետեւ այսօր մի շարք պետական հիմնարկներ, այլ ընկերություններ նույնպես օգտվում են «Յուքոմի» ծառայություններից»,-մտահոգություն հայտնեց Դիանա Մնացականյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը՝ Դիանա Մնացականյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930