Լրահոս
Օրվա լրահոսը

Զավեշտալի դեպք՝ ԱԺ հանձնաժողովում. Փոխնախարարը վախենում էր դիպչել բարձրախոսին՝ կորոնավիրուսով չվարակվելու համար

Ապրիլ 10,2020 13:48

Այսօր ԱԺ տարածաշրջանային եւ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը: Նախարար Էրիկ Գրիգորյանի փոխարեն հանձնաժողով էր եկել շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանը: Նա սկսեց զեկուցել՝ առանց բարձրախոսը միացնելու, իսկ այդ դեպքում առցանց հեռարձակումը տապալվում է, ոչինչ չի լսվում: Երբ հանձնաժողովի անդամները հորդորեցին միացնել, փոխնախարարը զգուշացավ, վախենում էր կորոնավիրուս ձեռք բերի: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը կատակեց. «Ոչինչ, զգույշ միացրեք, խնդիր չկա»: Սա այն բացառիկ դեպքերից էր, երբ ինքը ձեռնոցով էր:  Հիշեցնենք, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասում էր, որ բարի մարդկանց ոչ կորոնավիրուս էլ չի կպնի:

Փոխնախարարին օգնության հասան ձեռնոցով պատգամավորները. «Դուք ասեք, կգանք ձեռնոցով կմիացնենք, կանջատենք»:

Խոսելով նախագծի մասին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը հարցրեց. «Հիմա Հայաստանում մենք ունե՞նք վտանգավոր թափոններ, որ ԵԱՏՄ տարածքով տեղափոխվում են երրորդ երկրներ: Հիմա խնդիրը որքանո՞վ է արդիական»: Ղափլանյանը պատասխանեց, որ այո, կան եւ տեղափոխվում են. «Խնդիրն այն է, որ մենք ՌԴ-ի հետ ընդհանուր սահման չունենք ու Վրաստանի հետ խնդիրների ենք առնչվում, քանի որ Վրաստանի ներքին օրենսդրությունը թույլ չի տալիս վտանգավոր թափոններ տեղափոխել իրենց ցամաքային տարածքով»: Փոխնախարարն ասաց, որ որպես կանոն, տնտեսվարողները դիմում են մի քանի լիցենզիայի համար՝ վերամշակման, վնասազերծման եւ տեղափոխման:

Թե ի՞նչ ենք մենք ստանալու՝ այս համաձայնագիրը վավերացնելու արդյունքում՝ Իրինա Ղափլանյանն ասաց, որ սա այս պահին ավելի շատ քաղաքական քայլ է Հայաստանի կողմից՝ հաշվի առնելով, որ բոլոր երկրները վավերացման փուլ են մտել:

Մելքումյանը հարցրեց՝ սրա մեջ մտնո՞ւմ են ռադիոակտիվ թափոնները. «Կան մարդիկ, որ ասում են՝ Հայաստանն ունի միջուկային զենք՝ նկատի ունենալով ռադիոակտիվ թափոնների առկայությունը: Ընդունենք, մեր գործընկեր պետություններից ուզում են այդ թափոնները, ցանկություն կա տանելու, դա խելամի՞տ է տեղափոխել, թե՞ պետք է մնա համապատասխան պայմաններում»: Փոխնախարարը պատասխանեց, որ Միջուկային անվտանգության կոմիտեն է զբաղվում ռադիոակտիվ թափոններով:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930