Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ՀՀ մտնող բոլոր անձինք չեն թեստավորվում. նախարարը՝ նոր ստացած թանկ թեստերի մասին

Ապրիլ 10,2020 13:25

«Սկզբնական շրջանում, երբ թեստերի քանակը բավարար չէր, սահմանին մարդիկ չէին թեստավորվում: Երեկ Չինաստանից 60 000 թեստ ստացանք, հիմա ժամանակը չէ՞, որպեսզի սահմանին վարակի ներթափանցումը կանխենք ու բոլորին թեստավորենք: Վրաստանից եկած վարորդի վարակման դեպք եղավ: Իսկ Մեղրիում հնարավոր չէ՞ իրանական բեռները դատարկել, փոխադրել, որպեսզի իրանցի վարորդները չհասնեն Երեւան»,-ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին նման հարցադրումներ հղեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նախարարը պարզաբանեց՝ ՀՀ եկող բեռները հնարավոր չէ դատարկել, իսկ այլ բեռներ Հայաստան չեն մտնում. «Բիտում, կլինկեր, ապակի… այլ բեռ Իրանից չի գալիս: Այդ ամենը քննարկել եւ որոշել ենք: Այդ բեռները դատարկվում են միայն գնորդի մոտ, օրինակ՝ արտադրական տարածքում, ոստիկանության ուղեկցությամբ: Այլ տարբերակ հնարավոր չէ: Նախկինում բեռները բերվում էին մեկ պահեստ, եւ վարորդները շփվում էին աշխատակիցների, այլ վարորդների, տարածքի բնակիչների, լցակայանների աշխատողների հետ: Իսկ մյուս տեսակի բեռները դատարկվում են միջսահմանային գոտում: Այսինքն, բեռնատարը կանգնում է, բեռը փոխանցում այլ բեռնատարի: Շփումը հասցված է նվազագույնի: Մեղրիի մաքսակետում թողունակությունը օրական մոտ երեսուն մեքենա է»:

Արսեն Թորոսյանի խոսքով՝ այս ընթացքում իրանցի վարորդներից կորոնավիրուսի տարածման դեպք չի գրանցվել. «Եթե անկեղծ ասեմ, Իրանի հետ սահմանն ավելի կառավարելի է, քան հյուսիսային սահմանը: Ինչ վերաբերում է հարցադրումներին, թե ինչու սահմանին չենք թեստավորում մարդկանց, նշեմ՝ խնդիրը ոչ թե այն է, որ թեստ չունենք, այլ այն, որ դա անիմաստ է բժշկագիտական տեսանկյունից: Իսկ 60 000 թեստերը ՀՀ բյուջետային փողերով են գնվել: Այդ թեստերից յուրաքանչյուրն արվում է մոտ հինգ ժամում՝ հատուկ լաբորատորիաներում, որոնք մի քանիսն են: Հետեւաբար, սահմանին թեստ անելը չի երաշխավորում, որ օրեր անց մարդու մոտ ախտանշաններ չեն լինի: Այդ պատճառով բոլոր ՀՀ եկողները մեկուսացվում են»:

Նախարարի խոսքով՝ հիմա մտածում են նաեւ արագ թեստեր կիրառել ՀՀ եկող բոլոր վարորդների դեպքում. եթե կորոնավիրուս հաստատվի, վարորդը ՀՀ չի մտնի. «Չհաստատված դեպքերի պարագայում, միեւնույնն է, վարորդը մեկուսացվում է, ենթադրենք, հինգ օր, եթե պետք է վերադառնա հինգ օր անց: Հիշեցնեմ, որ արագ թեստերը ճշգրիտ չեն: Իսկ մեկուսացումից դուրս եկող մեր քաղաքացիները ենթարկվում են թանկ եւ ճշգրիտ թեստավորման, ինչից հետո միայն նրանց բաց ենք թողնում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930