Օդի աղտոտման հետեւանքով թուլացել է մարդը, ու COVID-19-ի հարուցած հիվանդությունն առավել ծանր է ընթանում, մյուս կողմից էլ հիվանդության տարածումը կանխարգելելու համար մտցված արգելքները հիմա մաքրում են օդը: Այս մասին հետազոտություն է հրապարակել National Geographic կայքը:
Կորոնավիրուսը տարածվում է ամբողջ աշխարհով՝ օգտվելով երկրագնդի տկարություններից. հավաստում են էկոլոգները: Այս վարակը տապալում է երկրների առողջապահական համակարգերը, ծայրահեղ սրում սոցիալական անհավասարությունը: Սակայն առավել խճճված են վարակի եւ աղտոտված օդի՝ տասնամյակներով անտեսված խնդրի փոխհարաբերությունները: Օդի աղտոտվածությունն ահագնացրել է համավարակը, բայցեւ հենց այս համավարակի արդյունքում էլ «ժամանակավորապես» մաքրվել է երկինքը:
Այս շաբաթ ներկայացվեցին ապացույցներ, որ կեղտոտ օդը COVID-19-ն ավելի մահացու է դարձնում, եւ այդ լուրը չզարմացրեց օդի աղտոտվածության մասին տեղյակ մարդկանց. սակայն, ըստ փորձագետների, իրականում, ցնցող էին այդ ազդեցության մասշտաբները: Ուսումնասիրությունը (այն դեռ պիտի մասնագիտական առավել մանրամասն քննության ենթարկվի) պարզել էր, որ PM2.5 կոչվող փոքրիկ աղտոտող մասնիկները, որոնք «շնչում էինք» տարիներ շարունակ, կտրուկ բարձրացնում են նոր կորոնավիրուսային վարակից մահանալու հավանականությունը:
Հարվարդի համալսարանի Չանի հանրային առողջության դպրոցի հետազոտողները ԱՄՆ-ի մոտ 3000 շրջանում (որ ներառում է ԱՄՆ բնակչության 98 տոկոսը) դիտարկել են PM2.5 մասնիկների եւ COVID-19 մահացության ցուցանիշների տվյալները, եւ արձանագրել, որ 1քմ-ում PM2.5-ի 1 միկրոգրամով ավելի լինելը կորոնավիրուսից մահացության ցուցանիշը բարձրացնում է 15 տոկոսով:
Կարդացեք նաև
«Եթե դուք, վարակված լինելով նոր կորոնավիրուսով, աղտոտված օդ եք շնչում, կարծես կրակի վրա բենզին եք լցնում»,- ասել է Հարվարդի կենսաբազմազանության պրոֆեսոր եւ այս հետազոտության ավագ համահեղինակ Ֆրանչեսկա Դոմինիչին:
Խնդիրն այն է, որ միկրոմասնիկները թափանցում են շնչառական համակարգի բոլոր անկյունները՝ նպաստելով հիպերտոնիայի, սրտի հիվանդությունների, շնչառության խնդիրների եւ շաքարախտի առաջացմանն ու զարգացմանը, իսկ դրանք կորոնավիրուսով հիվանդների մոտ հանգեցնում են բարդությունների: Մասնիկները նաեւ թուլացնում են իմունային համակարգը եւ մեծացնում COVID-19-ով վարակվելու հավանականությունը:
Դոմինիչին եւ նրա գործընկերները, որպես օրինակ՝ ներկայացրել են համավարակի ներկայիս էպիկենտրոն Մանհեթենը: Այնտեղ գրանցվել է մահվան 1904 դեպք: Հետազոտողները փաստել են, որ եթե մասնիկների մակարդակը միջինից ընդամենը մեկ միավոր ցածր լիներ վերջին երկու տասնամյակների ընթացքում, ապա վերջին մի քանի շաբաթների ընթացքում վարակակիրներից մոտ 250-ին հնարավոր կլիներ փրկել:
Մարդիկ այնքան են սովորել աղտոտվածությանը, որ այլեւս չեն էլ գիտակցում. «Իրականում ինչ հաճելի է մաքուր օդը: Կարծում եք` կարո՞ղ ենք դա պահպանել,- ասել է «Մաքուր օդ» իրավաբանական ընկերության հիմնադիր եւ տնօրեն Սիմոն Բիրքեթը:- Հիմա իրական հնարավորություն կա, որ մարդիկ մի պահ կանգ առնեն, շունչ քաշեն եւ մտածեն՝ ինչպե՞ս է իմ ասթման այս օրերին»:
Օդի աղտոտվածության քարտեզները պարզ են դարձնում, թե ինչ էական փոփոխություն է գրանցվել աշխարհում հունվարից մինչ մարտ: Էապես նվազել է ազոտի դիոքսիդի արտանետումը:
Առավել ակնհայտ է եղել այդ ազդեցությունը Չինաստանում, ուր «որակյալ օդով» օրերը փետրվարի ընթացքում 21.5 տոկոսով ավելին են եղել: Ըստ Էներգետիկայի եւ մաքուր օդի ուսումնասիրության կենտրոնի տվյալների, փետրվարի 3-ից մարտի 1-ը, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու միջոցառումների շնորհիվ CO2- ի արտանետումները կրճատվել են առնվազն 25%-ով: Չինաստանի մասնաբաժինը մոլորակի օդի աղտոտման «գործում» կազմում է CO2- ի գլոբալ արտանետումների 30% -ը: Արտադրության դադարեցման արդյունքում այս ընթացքում Չինաստանը չի արտանետել մոտ 200 միլիոն տոննա ածխածնի երկօքսիդ: Նավթի եւ պողպատի արտադրության կրճատումը, ներքին թռիչքների 70% -ի կասեցումը եւս նպաստել են արտանետումների նվազմանը: Սակայն այս առումով ամենամեծ ներդրումն ունի Չինաստանում ածուխի օգտագործման ծավալների կտրուկ անկումը:
Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: