Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ոստիկանապետի ժ/պ-ն ծեծի է ենթարկել, ասել՝ պիտի վերցնես քո վրա». Միջադեպեր, ծեծկռտուք Սիսիանում. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 10,2020 12:19

Օրերս քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ Սիսիանում տեղի են ունեցել միջադեպեր, որոնց կենտրոնում Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանն է:

Առաջին միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 6-ին, երբ ոստիկանները գողության կասկածանքով բերման են ենթարկել Սիսիանի բնակիչ, 60-ամյա Գառնիկ պապին, որի պնդմամբ՝ ոստիկանության բաժանմունքում իր նկատմամբ բռնություն է գործադրվել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գառնիկ պապի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Զեյնալյանը մանրամասնեց. «Նրան գողության կասկածանքով բերման են ենթարկել բաժին, որտեղ ոստիկանապետի ժ/պ-ն ծեծի է ենթարկել, ասել՝ պիտի վերցնես քո վրա, դու ես տարել, նա էլ ասել է՝ եթե ասեմ՝ ես եմ տարել, պիտի ասես՝ գողոնը բեր, բա եթե ես չեմ տարել, ո՞նց բերեմ, այս վեճի հանգամանքների շուրջ պապիկին ծեծել են, մի ամբողջ օր պահել ոստիկանությունում, այնուհետեւ անձնագիրը անօրինական ձեռքից խլելով՝ բաց թողել»:

Երկրորդ միջադեպը, որ դարձյալ վերաբերում է Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատարին, գրանցվել է ապրիլի 7-ին երեք քաղաքացու եւ ոստիկնների միջեւ: Քաղաքացիներից մեկը Սիսիանի ավագանու անդամ Մարտին Հարությունյանն է, մյուս երկուսը՝ նրա հայրը՝ Մայիս Հարությունյանը, եւ հորեղբոր որդին՝ Արմեն Հարությունյանը: Ըստ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության՝ եղբորորդիները խախտել են ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում հաստատված կարգը ու չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների՝ անձը հաստատող փաստաթղթերն ու տեղաշարժման թերթիկը ներկայացնելու օրինական պահանջներին, որի համար հրավիրվել են ոստիկանության Սիսիանի բաժին. «Իմանալով վերջիններիս՝ Ոստիկանության բաժին հրավիրվելու մասին՝ ժամը 15:30-ի սահմաններում ոստիկանության Սիսիանի բաժնի վարչական շենքի դիմաց են հավաքվել նրանց մտերիմները, ովքեր, հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, տևական ժամանակ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որը զուգորդվել է ոստիկանության ծառայողների նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ քաշքշելով և մարմնի տարբեր հատվածներին հարվածներ հասցնելով, հայհոյելով, երթևեկությունը խոչընդոտելով»,- ասված է հաղորդագրության մեջ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի  նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով:

Այս միջադեպի առթիվ եւս Ոստիկանության ՆԱՎ-ում նշանակվել է ծառայողական քննություն: Ինչ վերաբերում է ոստիկանների կողմից բռնություն գործադրելու վերաբերյալ մամուլի բազմաթիվ հրապարակումներին եւ քաղաքացիների հաղորդումներին, Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ՝ դրան ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ:

Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930