Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արա Բաբլոյան. «Որքան վատ իրեն պահի մեր հասարակությունը, քաղաքացին, այնքան երկար է տեւելու այս խնդիրը». «Հրապարակ»

Ապրիլ 10,2020 11:41

«Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին այս օրերին շատ է մտահոգում այն, որ հասարակությունը թշնամաբար է սկսել տրամադրվել վարակակիր անձանց նկատմամբ։ Ուստի նա կոչ է անում խտրական վերաբերմունք չցուցաբերել եւ հանդուրժող լինել վարակակիրների հանդեպ։

Ի դեպ, «Արաբկիրը» դեռ մարտ ամսին կորոնավիրուսային վարակով կասկածելի, կոնտակտավոր ընտանիքից երեխայի է վիրահատել։ Հարցրինք նրան՝ ինչպե՞ս են կազմակերպել այդ վիրահատությունը, չկա՞ր վախ, որ երեխայի մոտ վարակ կլինի, եւ նա բժշկական հաստատությունում վարակի տարածման աղբյուր դառնա:

«Մենք` բժիշկներս, պետք է պայքարենք վիրուսի դեմ եւ խուսափենք վիրուսից, ոչ թե խուսափենք այն կրող մարդուց: Մենք կոչված ենք բուժելու մարդուն, եւ կապ չունի, թե ինչ խնդիրներ կարող է նա ունենալ, մարդն ունի առողջության, բժշկական օգնություն ստանալու իրավունք: Այո, COVID 19-ի կոնտակտավոր ընտանիքի երեխային մենք վիրահատել ենք մարտի 23-ին, եւ այդ պահին շատ դժվար էր դա իրականացնել, որովհետեւ, ինչպեսեւ մնացած բոլորը, մենք էլ պատրաստ չէինք այն գործընթացին, որ հիմա է տեղի ունենում: Բայց պետք է տալ արժանին եւ բարձր գնահատել այն պրոֆեսիոնալիզմը, որ ցուցաբերեցին մեր բժիշկ-համաճարակաբանը, գլխավոր բուժքույրը՝ իր թիմով, եւ տնօրինությունը` կազմակերպելով եւ ապահովելով բոլոր պայմանները, որպեսզի մասնագետները կարողանան իրականացնել վիրահատությունը` միաժամանակ լինելով պաշտպանված վարակից: Ամեն ինչ արվեց խիստ մեկուսացման պայմաններում, որպեսզի որեւէ վտանգ չստեղծվի շրջապատի համար: Այս ամենից հետո նորից եմ ուզում կրկնել` այո, մենք պետք է խուսափենք վիրուսից, ոչ թե մարդկանցից, որոնք կրում են այդ վիրուսը: Ինձ համար անընդունելի են խարանն ու խտրականությունը»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Բաբլոյանը։

Մենք այսօր արդեն մոտ հազարի հասնող դեպք ունենք, ի՞նչ եք կանխատեսում, դեռ որքա՞ն կշարունակվի այս վիճակը, եւ ե՞րբ մենք կհասնենք պիկին։

– Տեսեք, ես ամեն անգամ չեմ զլանում, որ նույն բաները կրկնեմ, քանի որ ամբողջի հիմքում դա է դրված։ Քանի որ այս պահին միակ ազդեցիկ մեխանիզմն այն է, որպեսզի կանխարգելվեն շփումը եւ հիվանդից առողջին վիրուսի փոխանցումը, ապա որքան վատ իրեն պահի մեր հասարակությունը, քաղաքացին, այնքան երկար է տեւելու այս խնդիրը։ Հարցը հիմնովին կարգավորելու համար, իհարկե, պետք է ունենալ վակցինան եւ համատարած կանխարգելել վարակի տարածումը, բայց քանի որ այդ վակցինան այս պահին դեռ չկա, մենք լավ տեսնում ենք, որ ամբողջ աշխարհով մեկ այն երկրները, որոնք ուշացնում են, որտեղ այնքան էլ չեն ենթարկվում կարգուկանոնին, ավելի դժվար է լինում հասնել այն բալանսին, որտեղից պետք է սկսի արդեն նվազել նոր հիվանդացողների թիվը։ Այսինքն՝ այս պահին ինչքան մենք խիստ հետեւենք այդ նորմերին, որոնք այսօր պետք են վարակի տարածումը կանխարգելելու համար, այնքան ե՛ւ պիկը ցածր կլինի, ե՛ւ կորուստները քիչ կլինեն։

Իսկ կառավարության, առողջապահության նախարարության ջանքերն ինչպե՞ս եք գնահատում՝ վարակի տարածման առաջին օրվանից մինչ այսօր։

– Տեսեք, անընդհատ այդ խոսակցությունը կա՝ ինչպե՞ս ենք գնահատում, ճի՞շտ են կողմնորոշվել, թե՞ ճիշտ չեն կողմնորոշվել։ Գիտե՞ք, ամենասկզբից նույնիսկ ամենազարգացած եւ խոշոր երկրներն իրենց ամբողջ հզորությամբ պատրաստ չեն եղել եւ չեն էլ պատկերացրել էս ամեն ինչը։ Այս խոսքերը կարող են հասկանալ այն մասնագետները, որոնք զբաղվում են հանրային առողջապահությամբ։ Հանրային առողջապահության մեջ լինում են այնպիսի իրավիճակներ, որոնք ընթացքում են գնահատվում եւ նոր որոշումներ ընդունվում։ Հիմա այս երեւույթը, որ զարգացել է, այնպես չէ, որ մարդիկ պետք է պատրաստ լինեին եւ պատրաստ չէին։ Բայց, ամեն դեպքում, կարծում եմ, որ այն, ինչ հիմա արվում է, պետք չէ մեր պարտավորությունները կամ պարտականությունները հանել, դնել ուրիշի վրա։ Այսօր հստակ ասվում է, չէ՞, ինչ պետք է արվի։ Ու եթե դու գնում ես սուպերմարկետ ու տեսնում ես՝ մարդիկ իրենց համար, հանգիստ, սիրուն, շատերը ո՛չ դիմակ են կապել, ո՛չ ձեռնոց են հագել, իրենք չեն էլ ընկալում, որ ամեն րոպե կարող են վարակվել կամ վարակի աղբյուր հանդիսանալ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930