Լրահոս
Օրվա լրահոսը

Սեփականության իրավունքի խախտման վերաբերյալ սա 20-րդ վճիռն է ընդդեմ Հայաստանի, 12-ը միայն Հյուսիսային պողոտայի գործով է. «Ժամանակ»

Ապրիլ 10,2020 11:47

Կառավարության երեկվա նիստում գործադիրը «Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով տուժած քաղաքացիներին ավելի քան 158 միլիոն դրամ (259 000 եվրո) հատկացնելու որոշում կայացրեց։

Հիշեցնենք, որ այս գործով ՄԻԵԴ-ը որոշում էր կայացրել 2019-ի հոկտեմբերին։ Դիմումատուները ամուսիններ են, որոնք 2001-ին Երևանի կենտրոնում գնել են 125 քառակուսի մետր տարածքով բնակելի տուն ու 222 քառակուսի մետր մակերեսով հողամաս։ Գույքը գնվել է ավելի քան 84 միլիոն դրամով։ Հյուսիսային պողոտայի կառուցման ընթացքում Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը դատարանով հասել է նրան, որ ամուսինները 55 միլիոն դրամով ստորագրել են փոխհատուցման համաձայնագիր։ Տևական բողոքներից հետո գույքը վերագնահատվել է 60 միլիոն դրամ, ամուսինները հասել են մինչև Վճռաբեկ դատարան, սակայն Հայաստանում նրանք այդպես էլ հաջողություն չէին ունեցել։ ՄԻԵԴ-ում նրանք պահանջել էին պարտավորեցնել պետությանը իրենց վճարել 480 միլիոն դրամ օտարված գույքի և եկամտի կորստի համար։ ՄԻԵԴ-ը ամուսինների բողոքը ընդունելի է համարել՝ նշելով, որ փոխհատուցումն արդարացի չի եղել։

«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ գործընթացը կաղում է, բայց դրան զուգահեռ տեսնում ենք, թե ինչպես է մեկը մյուսի հետևից կառավարությունը փոխհատուցում նախորդ իշխանությունների պատճառով մարդկանց խախտված իրավունքների համար։ Սեփականության իրավունքի խախտման վերաբերյալ սա 20-րդ վճիռն է ընդդեմ Հայաստանի, 12-ը միայն Հյուսիսային պողոտայի գործով է: Կիրակոսյանի տվյալներով՝ այս գործերով միայն Հայաստանի բյուջեից հատկացված գումարը 2 միլիոն 420 հազար եվրո է կազմում: Կան նաև բազմաթիվ այլ քաղաքացիներ, որոնք հնարավորություն չունենալու պատճառով այդպես էլ ՄԻԵԴ չդիմեցին, և նրանց խախտված իրավունքները այդպես էլ մնացին չվերականգնված։ Այդ քաղաքացիներից ոմանք մինչ օրս կառավարության դիմաց պահանջում են իրենց բնակարանները կամ համարժեք փոխհատուցում։

Սեդրակ Բաղդասարյանի խոսքերով՝ Եվրոպական դատարան գնացել են այն գործերը, այն քաղաքացիների հարցերը, որոնք չեն վախեցել, դիմադրել են, դիմել են դատական ատյանների, որը նախորդ իշխանության ժամանակ միայն թղթի վրա էր գործում, բացառված էր արդար դատաքննությունը։ «Շատ-շատ քաղաքացիներ առաջին ատյանից հետո հիասթափվեցին և չշարունակեցին պայքարը, քանի որ այդ ժամանակվա կառավարությունը մի այնպիսի սխեմա էր մշակել, որ եթե քաղաքացին համաձայնվում էր կառուցապատողի կողմից գնահատված գումարին, որը իրականությանը չէր համապատասխանում, բայց եթե քաղաքացին համաձայնում էր դրան, ստորագրում էր պայմանագիրը, ապա նրան 30-50 տոկոս գումար էին ավելացնում, իսկ եթե քաղաքացին հրաժարվում էր, ապա նրան դատի էր տալիս կառուցապատողը և կտրում էր այդ խրախուսման գումարը։ Կոնկրետ ինձ 14 հազար դոլար գումարից զրկեցին։ Ուզում եմ շեշտել նաև, որ այդ բոլոր գումարները տալիս էր կառուցապատողը, իսկ պետությունը իր բյուջեից մի կոպեկ չէր տալիս։ Հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ ՄԻԵԴ ներկայացված վճիռների քանակը շատ քիչ է։ Իսկ հիմա, ՄԻԵԴ վճիռներից հետո պարտադրված, ՀՀ պետական բյուջեից հսկայական փոխհատուցումներ է տրամադրվում քաղաքացիներին»,- ասաց Բաղդասարյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ ցավալին այն է, որ մինչ օրս Հյուսիսային պողոտայի այդ աղմկահարույց գործերով խայտառակ որոշումներ կայացրած դատավորներից դեռ ՀՀ դատական համակարգում կան ու շարունակում են որոշումներ կայացնել։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930