ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանի խոսքով՝ այս պահի դրությամբ իսկապես անհասկանալի է, թե այս շրջանում ինչը դրդեց «Գազպրոմ Արմենիա»-ին սակագինը բարձրացնելու հայտ ներկայացնել՝ հաշվի առնելով, որ ամբողջ աշխարհում էներգակիրների գները իջնում են։ «Գիտեք, որ գազի գինը որոշակի կախում ունի նավթի գնից։ Նավթի գինը նվազել է, և վաղ թե ուշ դա բերելու է նաև գազի գնի նվազման։ Ինչևէ, կարծում եմ, որ Հայաստան-Ռուսաստան բանակցությունների արդյունքում հարցը կլուծվի։ Ամեն դեպքում, «Գազպրոմ»-ի ակնկալիքը, որը նա դրել է իր հայտի մեջ, չափազանցված է, հաշվի առնելով էներգետիկ բալանսը և մի շարք այլ հանգամանքներ»,- ասաց Գևորգյանը։
Նշենք, որ երեկ վարչապետը հիշեցրեց, որ Հայաստանն առաջարկել է Ռուսաստանին ներմուծած գազի դիմաց վճարել ռուբլով։ «Մենք ԵԱՏՄ-ում խոսում ենք դոլարիզացիայի բարձր մակարդակից, բայց ռուսական գազի դիմաց վճարում ենք դոլարով: Մեր առաջարկությունն է գազի դիմաց վճարել ռուբլով: Ես այդ առաջարկն այսօր ևս հնչեցրել եմ, և սա ավելի տրամաբանական է նաև ԵԱՏՄ համատեքստում»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ բանակցությունները հաջողությամբ կպսակվեն:
Ընդհանրապես, Փաշինյանի կարծիքով՝ գազի գնի հարցը Հայաստանում նախկինում մշտապես եղել է քաղաքական շահարկումների ու մանիպուլյացիաների առարկա: «Որքան էլ տարօրինակ թվա, բայց դա առաջին հերթին արվել է Հայաստանի կառավարության մակարդակով»,- ընդգծեց նա: «Հայաստանի կառավարությունն օգտագործել է հարցը քաղաքական նկատառումներով՝ հաշվի չառնելով գազային համակարգի զուտ տնտեսական գործունեության կարևորությունը: Այսօր, երբ մենք նման իրավիճակների ենք բախվում, դա նախորդ կառավարությունների վարած անհեռանկար, ոչ տնտեսական քաղաքականության հետևանք է: Մենք այսօր գազամատակարարման համակարգի արդյունավետ շահագործման խնդիր ունենք և դրանք պետք է անպայման լուծենք» – ընդգծել էր վարչապետը:
Հայկ Գևորգյանի խոսքերով՝ էներգակիրները բոլոր երկրների հարաբերությունների հարցում էլ ավելի շատ քաղաքական բաղադրիչ են ունենում, քան տնտեսական, և ասել, որ առհասարակ հնարավոր է բացառել քաղաքական բաղադրիչը, չեն կարող։ «Ի վերջո, ԵԱՏՄ համաձայնագրերով այնպես է, որ 2025 թվականից միասնական շուկա է լինելու էներգակիրների ԵԱՏՄ շրջանակներում։ Կարծում եմ, որ գոնե այդ ֆոնի վրա քաղաքական բաղադրիչը դուրս կգա»,- ասաց պատգամավորը։
Կարդացեք նաև
Գևորգյանից հետաքրքրվեցինք՝ իրատեսական համարո՞ւմ է այն սցենարը, որ բանակցությունների արդյունքում սահմանին գազի գինը չի նվազի, կպահպանվի, դրա դիմաց էլ ՀԾԿՀ-ն կմերժի «Գազպրոմ»-ի՝ սպառողի համար գազի սակագինը բարձրացնելու հայտը, կամ կբավարարի նվազագույն չափով։ «Զուտ տնտեսական առումով շատ տրամաբանական կլինի, որ սահմանի վրա գազի գինը նվազի։ Ես անձամբ հույս ունեմ, որ մեզ կհաջողվի բանակցությունների արդյունքում հասնել հաջողությունների»,-եզրափակեց Հայկ Գևորգյանը։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: