Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ կորոնավիրուսն ավարտվի…

Ապրիլ 10,2020 10:00

Քանի որ համավարակը եւ նրա հետ կապված խնդիրներն արդեն շաբաթներ են տեւում, բոլորս, բնականաբար, ծրագրեր ենք գծում, թե ինչ ենք անելու, երբ այս պատմությունն ավարտվի: Ես, օրինակ, սիրում եմ աշխատել գրադարանում (գրքերի յուրահատուկ հոտը վայելելով), ինչպես նաեւ սրճարաններում, եւ կանխավայելում եմ այն պահը, երբ մի քանի շաբաթ հետո այդ հնարավորությունը կունենամ:

Ոմանք անհամբեր սպասում են այն պահին, թե երբ վերջապես կկարողանան հանդիպել ընկերներին կամ հարազատներին: Դատելով տարբեր ֆեյսբուքյան մեկնաբանություններից, կարծում եմ, որ շատ կանայք առաջին հերթին կշտապեն գեղեցկության սրահներ: Երեխաներն էլ երեւի արդեն սիրով դպրոց կշտապեն, քանի որ ընկերների եւ ուսուցիչների հետ միայն վիրտուալ միջավայրում շփվելը նրանց էլ է հոգնեցրել:

Շատերին էլ, կարծում եմ, կորոնավիրուսը խանգարում է լիաթոք զբաղվել «քաղաքական գործունեությամբ» կամ «քաղաքացիական ակտիվիզմով», որը Հայաստանում, համենայնդեպս, հասկացվում է որպես ֆեյսբուքում «հակառակորդների» եւ հատկապես «ազգի թշնամիների» «պորտը տեղը դնելով», նրանց «շշելով» եւ «շամփրելով»: Այսօր ոմանց, կարծես թե, այնքան էլ պատեհ չի թվում նման գործերով զբաղվելը:

Բայց ինձ թվում է, որեւէ դրական կամ բացասական մտադրություն հետաձգելը սխալ է, եթե դրա համար չկան անհաղթահարելի ֆիզիկական խոչընդոտներ (ինչպիսին կարանտինն է): Չիրականացված մտադրությունը մարդուն ուժասպառ է անում, նսեմացնում է նրա հարգանքն իր հանդեպ:

Դա ճիշտ է նաեւ հակառակ մտադրության դեպքում: Ինչ-որ լավ բան չանելու համար մարդիկ զանազան պատճառաբանություններ են գտնում: «Այ, երբ ստանամ 300, 500 հազար կամ 1 միլիոն դրամ աշխատավարձ եւ ունենամ 3,5 կամ 10-սենյականոց բնակարան, ահա այդ ժամանակ ես կդառնամ բարի, մեծահոգի, առատաձեռն, առավոտյան կմարզվեմ եւ օտար լեզու կսովորեմ»: Ծանոթ տրամաբանություն է, չէ՞: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ 1 միլիոնի կամ 10 սենյակի պատճառած հաճույքը խիստ ժամանակավոր է. մարդը կարող է 5 րոպե ուրախանալ դրանց առկայությամբ, որից հետո նրա մոտ անդիմադրելի ցանկություն կառաջանա ունենալու երկրորդ միլիոնը եւ 11-րդ սենյակը: Դա բնական է, այդ ցանկության մեջ ոչ մի վատ բան չկա: Պարզապես խելամիտ չէ մեր մտադրությունները կախվածության մեջ դնել մեր հարաճուն ցանկություններից: Այնպես որ «դուխով» արեք այն, ինչ մտադրվել եք, ձեր մեջ մի պահեք:

Այսօր Ավագ Ուրբաթն է: Անձամբ ինձ համար սա մի օր է, երբ առավելագույնս պետք է կենտրոնանալ այն արժեքների վրա, որոնք դավանում ես՝ ոչ այնքան դրանց ձեւակերպումները կրկնելով (ձեւակերպումները բոլորի համար պարզ են ու գրեթե համընդհանուր), այլ դրանք, այսպես ասած, կյանքի կոչելու առումով: Այս արժեքները ժամանակային սահմանափակումներ չունեն: Զարմանալի կլիներ, եթե հավատացյալն ինքն իրեն ասեր՝ «այ, հիմա Մեծ պահքը կվերջանա, եւ ես կսկսեմ հայհոյել, ատել եւ դիմացիններիս ցավ պատճառել»: Այդպես մտածողը ավելի լավ է՝ դա անի Պահքի ընթացքում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (13)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Կյանքը ցույց է տվել’ նրանք ովքեր խուսափում են փորձություններից ու վախենում չարից, նրանք էլ տուժում են անգամ փոքր փորձություններից ու աննշան չարից, որովհետեւ չեն պատրաստվել դրանց’ միշտ խուսափել են, եթե մենք մեր հայ կրոնն ունենայինք, մենք ամեն փորձություն’ լինի դա մարդու ստեղծածը թե բնության, կընունեինք այդ փորձությունները Արարչի կողմից մեզ որպես տնային աշխատանք այն լուծելու, իսկ չարին ստիպել դառնալ բարի’ որպես աստվածահաճո գործ:
    Կա երկու քաղաքակրթություն, մեկը չար, որը մասնագիտանում է մարդկանց թուլությունների վրա ու նրանց մեղքի տակ գցելով ստրկացնում ու վերացում նրանց, մյուսը’ բարի, որը մասնագիտանում է մարդու ուժեղ կողմերի վրա ու ավելի ուժեղ դարձնում: Որպեսզի ստիպենք չարին դառնալ բարի, առաջինը պետք է հաղթահարենք մենք մեր թուլությունները, որ չարը չկարողանա մեզ խոցել եւ հետո դժվար չի լինի նրան ստիպել դառնալ մեզ նման բարի եւ ուժեղ:

    • Ջորդանո Գալիլյան says:

      Կյանքը ցույց է տվել՝ նրանք, ովքեր 21-րդ դարում լուրջ են ընդունում կրոնական ծիծաղաշարժ հեքիաթներն ու անհեթեթությունները, կյանքից ետ են մնացել: Նրանք, ովքեր կուրորեն չեն նկատում ամենազոր “արարչի” կատարյալ անզորությունն ու ինքնամեկուսացումը մի չնչին մանրէի պատճառով՝ առնվազն ծիծաղելի իրավիճակում են հայտնվում: 🙂

      • Լավատես says:

        Ես այդ պարզունակ դասական կրոնի հետ ոչ մի կապ չունեմ, դրանք ազգային կրոններ չեն, կան ժողովուրդներ, որոնք սեփական տառեր չունեն, նրանց համար ստեղծում են ազգային երանգներով լայն սպառման տառեր ու տարածում ազգերի մեջ, հակառակ դեպքում այդ ազգերը կստեղծեն իրենց ազգային տառերը, նմանապես կրոնը, ազգային կրոն, ազգային պետություն, ազգային լեզու ու նման բաները ուժեղացնում են ազգին, եւ որպեսզի այդ ազգերը իրենց ազգային կրոնը չստեղծեն, ազգերին սկզբից վերածում են երկոտանիների հոտի ու նրանց գլխին իրենց հովիվներին նշանակում ու նրանց միջոցով ազգային երանգներով լայն սպառման կրոն հրամցնում: Ինձ հոգեհարազատ է հայտնի մենիշխանության հայտնի թագուհու կարգավիճակը, երբ նա է եւ իր ազգային կրոնի ղեկավարը, եւ իր հատուկ ծառայությունների ղեկավարը, թող հեքիաթ լինի, բայց երազում եմ, մենք էլ մեր հայ Արքան ունենանք, մեր հայ արքայությամբ ու մեր Արքան էլ լիներ մեր հայ կրոնի ու արքայության ղեկավարը եւ դա կլինի մեր հայ ազգի փրկության միակ միջոցը:

        • Ջորդանո Գալիլյան says:

          “Ես այդ պարզունակ դասական կրոնի հետ ոչ մի կապ չունեմ”

          Լավ է, որ չունեք: Բայց էլ ավելի լավ կլիներ, որ փորձեիք հասկանալ մի պարզագույն ճշմարտություն. «պարզունակ դասական» աղբը ոչնչով չի տարբերվում «ազգային» աղբից: Բոլոր տեսակի աղբի տեղը աղբարկղն է…

          “…կան ժողովուրդներ, որոնք սեփական տառեր չունեն…”

          Օրինակ՝ «խեղճ» անգլիացիներն ու ռուսները չունեն սեփական տառեր, բայց ոչ մի բարդույթ չեն զգում այդ առումով: Տառերը չգիտես ինչու չեն խանգարել նրանց երկրագունդն իրենցով անել: 🙂

          “…որպեսզի այդ ազգերը իրենց ազգային կրոնը չստեղծեն, ազգերին սկզբից վերածում են երկոտանիների հոտի… “

          Շատ կուզենայի իմանալ, թե որ մոլորակի վրա են բնակվում այդ դավադիր ստոր արարածները, որոնք զօր ու գիշեր աշխատում են հազարավոր «ազգային» կրոններ արգելելու ուղղությամբ: Ափսոս միայն, որ նրանց դավադիր ձեռքերը ոչ մի կերպ չեն կարողանում հասնել Անդամանյան կղզիներ. տեղական նեգրիտոսները անարգել շարունակում են զարգացնել իրենց ցեղային կրոնները: Ընդամենը երկու տարի առաջ նրանք հերոսաբար՝ նիզակի մի դիպուկ հարվածով, սպանեցին ամերիկացի մի միսիոների, որն անշուշտ դավադրաբար փորձում էր նրանց վրա տարածել քրիստոնեության սուրբ լույսը…

          “…թող հեքիաթ լինի, բայց երազում եմ, մենք էլ…”

          Իսկ մի՞գուցե փորձեք դուրս գալ հեքիաթների, առասպելների ու կրոնական ցնորքների աշխարհից: Փորձեք այնուամենայնիվ չխառնել կրոնը պետության եւ ազգի հետ՝ այն էլ 21-րդ դարում: Դա անիմաստ եւ վնասակար է թե պետության, եւ թե ազգի համար: Նորմալ պետություն ունենալու անհրաժեշտ եւ բավարար պայմանը կրոնը պատմության աղբարկղը նետելն է՝ որքան շուտ, այնքան լավ…

          • Լավատես says:

            Այդքան գրելու փոխարեն կարելի էր մի նոր գաղափար արտահայտել:

  2. Ջորդանո Գալիլյան says:

    Երբ կորոնավիրուսն ավարտվի, մարդկությունը կփորձի հասկանալ, թե ինչու է ինքը լիովին անզոր մի չնչին մանրէի առջեւ: Ո՞վ է ի վերջո մեղավոր, որ 21-րդ դարում մարդիկ փաստորեն անզեն են կանգնած կենսաբանական չափանիշներով մի պարզունակ խնդրի առաջ: Շատերն իհարկե կմեղադրեն բժիշկներին ու գիտնականներին, տրամպներին ու սորոսներին, մասոններին ու մոսսադներին՝ մոռանալով, թէ ով է այս համաշխարհային աղետի թիվ մեկ պատասխանատուն: Ո՞վ է դարեր շարունակ կաթվածահար արել գիտության եւ բժշկության զարգացումը, տանջամահ արել ու խարույկի վրա այրել ազատամիտ ու տաղանդավոր մարդկանց, արգելել նրանց նույնիսկ ուսումնասիրել մարդկային օրգանիզմը: Այո՛-այո՛, այդ համաշխարհային հանցագործի անունն է՝ կրոն-եկեղեցի-հավատ: Հենց այս «սուրբ երրորդությանն» ենք մենք պարտական մարդկության զարգացումը ավելի քան 1500 տարի հետ գցելու համար, հենց այս խավարամտության օջախն է, որ դարեր շարունակ վտանգավոր վիրուսի նման թունավորել է եւ այժմ էլ շարունակում է թունավորել մարդկանց գիտակցությունն ու կյանքը: Չլիներ կրոնի հազարամյա մռայլ տիրապետությունը՝ կորոնավիրուսն ու բազում այլ արհավիրքներ վաղուց արդեն մեր դռան շունը դարձած կլինեին…

  3. Ruben says:

    Երբ կորոնավիրուսն ավարտվի, քայլողները կսկսեն սողալով վազել և հերթական անգամ կգա փտած ցիկլոպատեսք վիրուսակրոնը ու նորից կասի, որ փոս փորեք և մեջը մտնեք:

  4. Ջորդանո Գալիլյան says:

    ”Այդքան գրելու փոխարեն կարելի էր մի նոր գաղափար արտահայտել:”

    Դե արտահայտեցի, էլի: Նորագույն ու թարմ, պարզ ու հրաշալի մի գաղափար. դեն նետե՛ք, ասում եմ, այդ նախնադարյան աղբը, եթե չեք ուզում գարշահոտությունից խեղդվենք: Ասում եմ՝ «էն էրեխուն էլ վերցրեք, գնացեք տուն, էլի…» 🙂

    • Լավատես says:

      Մի քիչ փակագծերը բացեք, հասկանանք, միգուցե մենք էլ համամիտ լինենք:

      • Ջորդանո Գալիլյան says:

        Մի քիչ փակագծերը բացեք, հասկանանք, միգուցե մենք էլ համամիտ լինենք:

        Քիչ առաջ բողոքում էիք, թե շատ եմ գրում, հիմա էլ ուզում եք, որ փակագծե՞րը բացեմ… 🙂

        Ինչեւէ՝ երբ կորոնավիրուսն ավարտվի, մարդիկ պետք է բացեն բոլոր փակագծերը ու բացեիբաց հայտարարեն բոլոր այդ տերտերներին ու պայծառատեսներին, աստղագուշակներին ու բախտագուշակներին, հոմեոպատներին ու օստեոպատներին, էքստրասենսներին ու տարատեսակ այլ խիրոմանտներին, որ այլեւս չեն հավատում իրենց անհեթեթություններին ու ապուշություններին եւ հրաժարվում են ֆինանսավորել այդ մեծապատիվ մուրացկանների, խաբեբաների ու շառլատանների գործունեությունը: Երբ այս կորոնավիրուսն ավարտվի ու սկսվի հաջորդը՝ մարդիկ բոլոր առումներով շատ ավելի քիչ կորուստներ կունենան…

      • Ջորդանո Գալիլյան says:

        Մի քիչ էլ բացեմ բոլոր փակագծերը, որ մարդիկ չմոռանան տերտերների դարավոր սխրանքները մարդկանց բթացնելու, ստրկացնելու ու տանջելու «սուրբ» գործում: Տերտերներն են միշտ քարոզել, որ մարդը մեղք է գործում՝ դիմելով բժիշկների եւ ոչ թե իրենց օգնությանը, որ բժշկական ցուցումները հակասում են աստծո կամքին ու երկնային զորությանը, որ հիվանդությունների պատճառը «չար ոգիներն» են, եւ դեղամիջոցներն հիվանդին օգուտ չեն կարող տալ: Բոլորովին էլ զարմանալի չէ, որ ընդհանուր քրիստոնեական «սրբերը» եղել են ծայրահեղ փնթի ու բառիս բուն իմաստով կեղտոտ մարդիկ՝ տարատեսակ վարակների ու գարշահոտության աղբյուր: Քրիստոնեությունն ընդհանրապես մեծ արժանիք է համարել տարրական հիգիենայի նորմերը խախտելը. չէ որ կարեւորը հոգին է, այլ ոչ թե մարմինը, երկնայինը, այլ ոչ թե երկրայինը…

        Ոմանց կարող է թվալ, թե սա չափազանցություն է կամ էլ անցած-գնացած ժամանակների նկարագրություն: Բայց իրականում եկեղեցու ինֆեկցիոն բնույթը մեր ժամանակներում էլ էապես չի փոխվել. միգուցե որոշ տերտերներ՝ անտեսելով Հակոբ առաքյալի ցուցումները, սկսել են հաճախել սաունաներ եւ այլ «սատանայական» սալոններ, բայց դե հակասանիտարական Ավետարանն ու անապատական փնթի հայրերը մնացել են անփոփոխ: Նույն տերտերները սաունայից ելնելով շարունակում են քարոզել «նարեկաբուժություն», այլ ոչ թե դոպլերային էխոկարդիոգրաֆիա, գովերգել աղոթքի, այլ ոչ թե սաունայի կամ այֆոնի զորությունը…

        • Լավատես says:

          Շնորհակալություն, որ փակագծերը բացեցիք: Շատ բաների հետ բնական է համաձայն եմ: Ես էլ որոշ փակագծեր բացեմ: Նախկինում ունեցել ենք կաշառակեր պետական համակարգ, բայց դա պատճառ չի հրաժարվել պետական համակարգից: Ես այսօրվա տերտերներին մեղադրում եմ նրանում, որ ունենալով հսկայական հնարավորություններ, չունեն սեփական հետախուզություն ու ընդհանրապես հատուկ ծառայություններ, ինչպես իրենց գործընկերներն ունեն, կարճ ասած, երբ առյուծները իրենց տուզիկի պես են պահում, նույն տուզիկներն էին նախկին պետական ղեկավարությունը, որոնք առյուծ էին իրենց ժողովրդի գլխին, բայց դրսում տուզիկ էին աշխատում:

          • Ջորդանո Գալիլյան says:

            ”…բայց դա պատճառ չի հրաժարվել պետական համակարգից…”

            Համեմատությունը տեղին չէր. մարդիկ առանց պետության չեն կարող ապրել, իսկ ահա առանց կրոնի՝ շատ հանգիստ, շատ ավելի բանիմաց, առողջ ու երջանիկ: Կրոնի ներկայությունը 21-րդ դարում կարելի է բացատրել միայն որպես ատավիզմ ու անաքրոնիզմ, եւ զարգացած երկրներում նրա ներկայիս կարգավիճակը (անկախ տերտերների հետ արարողական պաչ-պռոշտիից) մոտավորապես այդպիսին է. բոլորն էլ հասկանում են, որ դա ընդամենը քարեդարյան մի զավեշտալի բրածո է, մի թունավոր ու մարդակեր վիշապ, որի ժանգոտած ժանիքները քաշել են ու մարդամեջ են թողնում միայն զսպաշապիկով ու երախակալով: Եւ այժմ ահա տեսնում ենք մահամերձ գազանի գալարումները, լսում արդեն նրա օրհասական մռնչյունը…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930