Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ասիական զարգացման բանկը կանխատեսում է կյանքը կորոնավիրուսից հետո

Ապրիլ 10,2020 14:30

Կորոնավիրուսից հետո կյանք կա, բայց, ինչպես երկրների ղեկավարներն են ասում, տնտեսագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ՝ աշխարհն այլեւս այն չի լինելու, ինչ կորոնավիրուսից առաջ էր:

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ)՝ «Ասիական զարգացման հեռանկարներ» թեմայով հրապարակմամբ որոշ կանխատեսումներ է արել, թե COVID-19-ի հետեւանքներն ինչ ազդեցություն են ունենալու Ասիական տարածաշրջանի երկրների վրա եւ նաեւ՝ Հայաստանի: Ըստ այդ կանխատեսման, Հայաստանում  2020 թ.-ին՝ COVID-19 բռնկման անբարենպաստ հետեւանքներով պայմանավորված, աճը կդանդաղի  սակայն 2021թ.-ին կվերականգնվի։ Ակնկալվում է, որ 2020թ.-ին գնաճը եւ ընթացիկ հաշվի դեֆիցիտը մի փոքր կբարձրանան՝ նախքան 2021թ.-ին միջինանալը։ Ըստ այդմ  բանկի մասնագետների համոզմամբ, պետական ներդրումների ավելացումը շատ կարեւոր է ներառական եւ կայուն աճ ապահովելու համար։

Ըստ նույն աղբյուրի, կանխատեսվում է, որ 2020թ.-ին աճը կդանդաղի 2.2%-ի՝ սպառման ավելի դանդաղ ընդլայնման պայմաններում, իսկ հետո՝ 2021թ.-ին, կհասնի 4,5%-ի, քանի որ բարեփոխումները, որոնք սկսել են 2019թ.-ին եւ 2020թ.-ին, կամրապնդեն եւ կբարելավեն ենթակառուցվածքները, մարդկային ռեսուրսները, կապիտալը, ֆինանսները եւ պետական կառավարումը:

Այսպես՝ կանխատեսումների համաձայն, ՀՀ արդյունաբերությունը եւ ծառայությունները կհանդիսանան աճի հիմնական շարժիչ ուժը. «Նախատեսվում է, արդյունաբերությունը, այդ թվում նաեւ շինարարությունը կաճեն 1.4%-ով 2020թ.-ին եւ 4.0%-ով 2021թ.-ին, որոնց կնպաստի արտադրության հետագա ընդլայնումը եւ մասնավորապես սննդի մշակման ուղղությամբ, մինչդեռ հանքարդյունաբերության եւ բաց եղանակով հանքանյութի մշակման ընդլայնումը միջին տեմպով կլինի՝ 2019թ.-ի աճի տեմպի արագ վերականգնումից հետո»։

Նախատեսվում է, որ գյուղատնտեսությունը 2020 թ.-ին կնվազի 1.8% -ով եւ 2021թ.-ին կավելանա 2.6%-ով, ենթադրելով, որ կլինեն բարենպաստ եղանակային պայմաններ եւ կշարունակվեն արդյունավետությունը խթանելուն եւ արդիականացնելուն ուղղված կառավարության ջանքերը՝ վարկերի սուբսիդավորման եւ բերքի ապահովագրության ներդրման միջոցով։ Չնայած հայաստանյան որոշ տնտեսագետների կանխատեսումներին, որ շինարարության ոլորտը զգալի անկում կապրի եւ բնակարանաշինության հաշվին աճ արձանագրած ոլորտն այս տարի զրոյին հավասար ցուցանիշներ կունենա, Ասիական զարգացման բանկի կանխատեսումների համաձայն, 2020թ.-ին շինարարության ծավալները կավելանան 3.3%-ով եւ 4.8%-ով 2021թ.-ին՝ տնային տնտեսությունների կողմից հետագա շինարարության եւ պետական ներդրումների ավելացման միջոցով։ Այդուհանդերձ բանկը ծառայությունների ոլորտում է աճի նվազում կանխատեսում:

Հիշեցնենք, որ նախորդ տարի 7,6 տոկոս տնտեսական աճի մեջ մոտ 2,5-ից 3 տոկոսը ծառայության ոլորտն էր: ԱԶԲ-ի հաշվարկներով, ծառայությունների աճը 2020թ.-ին կնվազի մինչեւ 2.6%-ի եւ 2021 թ-ին կբարձրանա՝ հասնելով 5.6%-ի, որին կնպաստեն հիմնականում ֆինանսների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները։

Ըստ նույն աղբյուրի, պահանջարկի մասով աճը կգլխավորեն սպառումը եւ ներդրումները։

Ըստ հրապարակման. «2020թ.-ին նախատեսվում է 3.9%-ի չափով մասնավոր սպառման աճ, իսկ 2021թ.-ին՝ 5.9%, որին կնպաստեն 2020թ.-ի հունվարից նվազագույն աշխատավարձի եւ կենսաթոշակների ավելացումը, ավելի բարձր վարկավորումը բանկերի կողմից, տրանսֆերտների միջին ավելացումը, սպառողների սպասումների հետագա բարելավումները եւ 2020թ.-ի հունվարից ներդրված ավելի ցածր եկամտային հարկը՝ 23% հավասար դրույքաչափով, որը 2021թ.-ին կնվազի՝ կազմելով 22%»։

Սոցիալական ծառայությունների համար, ըստ բանկի մասնագետների, ավելի բարձր ծախսերի պայմաններում ակնկալվում է, որ հանրային սպառումը կնվազի 2020թ.-ին եւ փոքր-ինչ կավելանա 2021թ.-ին։ Նաեւ կանխատեսվում է, որ ներդրումները եւս կվերականգնվեն եւ կավելանան 2.1%-ով 2020թ.-ին եւ 2021թ.-ին՝ շահելով ենթակառուցվածքային ավելի բարձր ծախսերից, ինչպես նաեւ շահութահարկը 20%-ից 18% դարձնելուց եւ փոքր ընկերությունների պարզեցված հարկումից։

Ինչ վերաբերում է գնաճին, ապա  կանխատեսումների համաձայն գնաճը փոքր-ինչ կավելանա 2020թ.-ին՝ հասնելով 2.8%-ի. «Ակնկալվում է, որ գնաճը կնվազի՝ 2021թ.-ին՝ հասնելով 2.2%-ի։ Դեկտեմբերից դեկտեմբեր ընկած 12-ամսյա ժամանակահատվածի համար գնաճի դրույքաչափը կմնա Կենտրոնական Բանկի կողմից սահմանված 2.5%-5.5% թիրախային միջակայքում՝ առնվազն մինչեւ 2021թ.-ի վերջը»։

Բանկը նաեւ հարկային եկամուտների աճ է կանխատեսում: Ըստ այդմ, եկամուտները կավելանան 9.5%-ով՝ հասնելով ՀՆԱ-ի 22.6%-ին՝ հարկային վարչարարության հետագա բարելավումների, հարկերի պարզեցված ընթացակարգերի եւ հարկման ավելի լայն բազայի արդյունքում, որոնք կփոխհատուցեն շահութահարկի եւ եկամտային հարկի դրույքաչափերի կրճատման ու փոքր եւ միջին բիզնեսի հարկման սահմանաչափերը բարձրացնելու հետեւանքները: Ըստ նույն աղբյուրի, հավանաբար պետական պարտքը կնվազի՝ հասնելով ՀՆԱ-ի 50%-53%-ի։

Կանխատեսումների համաձայն ընթացիկ հաշվի դեֆիցիտը 2020թ.-ին կմեծանա ՀՆԱ-ի 8.6%-ի համարժեք չափով եւ 2021թ.-ին կնվազի 8.2%-ի: Ապրանքաշրջանառության դեֆիցիտը կմեծանա՝ 2020 թ.-ին հասնելով ՀՆԱ-ի 14.6%-ի՝ նախքան 2021թ-ին փոքրանալը՝ հասնելով 14.2%-ի՝ արտացոլելով միայն ներքին պահանջարկի համեստ ավելացումը, մեքենաների վերաարտահանման ավելի մեծ ծավալի անհետացող ազդեցությունները, ներկրման ավելի բարձր սակագները եւ ներկրվող բնական գազի գնի հնարավոր բարձրացումը, որը փոխհատուցվում է մասամբ գյուղատնտեսական եւ հանքարդյունաբերության ոլորտներում արտահանման ավելացմամբ։ Կանխատեսվում է, որ ապրանքների արտահանումը կավելանա 2.5%-ով 2020թ.-ին եւ 7.5%-ով 2021թ.-ին, իսկ ներկրումը կավելանա համապատասխանաբար՝ 7.5%-ով եւ 6.5%-ով։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930