Լրահոս
Օրվա լրահոսը

«Միակ մխիթարանքս այն է, որ ընտանիքիս հետ եմ»

Ապրիլ 10,2020 13:30

Հարցազրույց ճանաչված օպերային բարիտոն, վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանի հետ

– «Առավոտի» հանդիպումը ձեզ հետ շուրջ մեկ տարի չէր ստացվում՝ հյուրախաղային խիտ գրաֆիկի պատճառով։ Տեղեկացված ենք, որ 2019թ. գլխավոր կերպարներ եք մարմնավորել հեղինակավոր օպերային թատրոններում, այդ թվում՝ «Բոլշոյ», «Կարլո Ֆելիչե», Թուրինի… 

-«Բոլշոյում» հանդես եմ եկել Գրիգորի Գրյազնոյի (Ռիմսկի-Կորսակով՝ «Թագավորի հարսնացուն»), Ջենովայում՝ Ալֆիի (Մասկանի՝ «Գեղջկական ասպետություն»), հետո՝ Տոնիի (Լեոնկավալո՝ «Պայացներ»), Սկարպիայի (Պուչինի՝ «Տոսկա») դերերգերով։ Վերջին ներկայացումը ղեկավարում էր ճանաչված մաեստրո Դանիել Օրենը։ Ի դեպ, մասնակցեցի նաեւ Լիսաբոնում Շեքսպիրյան փառատոնի շրջանակներում կայացած Վերդիի «Օթելլո» բեմադրությանը՝ Յագոյի դերերգով։ Հանդես եմ եկել Մազեպայի դերերգով՝ Չայկովսկու համանուն օպերայում։ Դա, իհարկե, համերգային կատարում էր, դիրիժորական վահանակի մոտ էր «Բոլշոյի» գլխավոր դիրիժոր Տուգան Սոխիեւը։ Ցանկություն կա հիշյալ օպերան «Բոլշոյ» թատրոնում 2021թ. ներկայացնել բեմադրության տեսքով եւս։

Աննա Պիրոձիի եւ Մարչելո Ավարեսի հետ

– «Բոլշոյ» թատրոնի հայտագրերից երեւում է, որ դուք ընդգրկված եք նաեւ խաղացանկային ներկայացումներում։

– Այո, դրանք Չայկովսկու չորս օպերաներն են։ Նշեցի «Թագավորի հարսնացուն» եւ «Մազեպան», հավելեմ նաեւ «Պիկովայա դամա» ու  «Իոլանտա» ներկայացումները։

– Գիտենք, որ համավարակի պատճառով բեմ չբարձրացաք Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թատրոնում…

– «Մետրոպոլիտենում» մարտի 17-ին նշանակված էր Վերդիի «Սիմոն Բոկանեգրան»։ Ամսի 13-ը կամ 14-ն էր, որ զանգ ստացա այդ թատրոնից, տեղեկացրին, որ թատրոնը անժամկետ փակվել է կորոնավիրուսի պատճառով։

Տեսարան Պուչինիի «Տոսկա» օպերայից

– Էլ ի՞նչ ծրագրեր չեղարկվեցին։

– Եվս մի քանի ծրագրեր, օրինակ՝ «Բոլշոյ» թատրոնի հետ մեկնելու էի եվրոպական մի քանի քաղաքներ, Ֆրանկֆուրտում պետք է ելույթ ունենայի…

– Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք տանում այս ամենը։

– Ե՛վ ծանր, ե՛ւ թեթեւ… Միակ մխիթարանքս այն է, որ ընտանիքիս հետ եմ, ինչը նախկինում, հասկանալի պատճառով, միշտ չէ, որ հաջողվում էր։ Հիմա քննարկելու շատ հարցեր կան։ Վերջապես ժամանակ ունեմ որդուս հետ խաղալու, ի՜նչ խաղ ասես խաղում ենք, նաեւ պահմտոցի։

Տեսարան «Գեղջկական ասպետություն» օպերայից

– Ի վերջո կգա այն օրը, երբ թատրոնները կբացեն իրենց դռները. կոնկրետ օպերային թատրոնի համար վերականգնել մեկ-երկու ներկայացում՝ երկար ժամանակ է պահանջվում, ինչպե՞ս եք պատկերացնում վերականգնման գործընթացը։

– Գիտեք՝ նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թատրոնները չեն փակվել, իսկ լավագույն արտիստներն էլ տարկետում են ստացել։ Դա արվել է, որպեսզի թատրոնը չկորցնի դերասանական լավագույն ուժերին։ Չերչիլն ասել է, հիմա բառացի չեմ հիշում՝ պատերազմները հենց մշակույթի համար են։ Ճիշտ է, այսօր աշխարհում ստեղծված իրավիճակը չես համեմատի այն ժամանակվա հետ, բայց միառժամանակ անց, անշուշտ, թատրոնները կբացեն իրենց դռները։ Պետք է աշխատենք, որ բեմադրությունների վերականգնման ընթացքը կարճ տեւի եւ ամենակարեւորը՝ հանդիսատեսը հաճախի թատրոն, որպեսզի վերականգնի կորցրած էմոցիաները… Եթե ուզում եք իմանալ՝ հենց թատրոնն է մշակույթի այն տեսակը, որի միջոցով կվերականգնվի կամ կկարգավորվի ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը։

– Այսօր էլ է հանդիսատեսը «հաճախում» թատրոններ։ Դուք՝ երգիչներդ, ինչպե՞ս եք պահում ձեր «մարզավիճակը»։

– Շատ դժվար է։ Թատրոնը փակ է, ստեղծված իրավիճակում չես կարող խնդրել կոնցերտմայստերին՝ պարապմունքներ անցկացնելու համար։ Իսկ տանը կարող ես փորձել այն մինիմումը, ինչը հնարավոր է, ասենք՝ ձայնավարժություններ անե…… Դա շատ քիչ է լավ «մարզավիճակ» պահպանելու համար։

– Կարծում ենք՝ ինտերնետով շփվում եք նաեւ արտասահմանցի գործընկերների հետ, հետաքրքիր է՝ նրանք ինչպե՞ս են տանում  ստեղծված իրավիճակը։

– Հարցին մեկ նախադասությամբ կարող եմ պատասխանել. շոկի մեջ են, չգիտեն ինչ է լինելու։

– Այս օրերին բոլոր մակարդակներով նշվում է, թե նոր աշխարհ ենք մտնելու։ Ձեր կարծիքով՝ մշակույթի մասով ո՞րն է այդ նոր աշխարհը։

– Չեմ պատկերացնում։ Նոր աշխարհ չի կարող լինել, քանի որ մարդու ինքնությունը ստեղծման օրվանից չի փոխվել, չգիտեմ՝ գուցե մշակույթի ոլորտում մեկ-երկու փոփոխություններ լինեն, բայց մի բան հաստատ կարող եմ ասել. մարդիկ սկսել են կարեւորել եւ էլ ավելի կկարեւորեն ընտանիքը։

– Շուրջ 30 տարի է՝ արվեստագետների, ինչպես նաեւ արվեստասերների շրջանում չեն դադարում դժգոհությունները պատվավոր կոչումներ շնորհելու առիթով։ Տեսեք՝ հայաստանյան երկու ակադեմիական թատրոններում՝ օպերային եւ Սունդուկյանի անվան, տարիներ շարունակ արտիստական խմբերում չկան ժողովրդականի կոչում ունեցողներ։ Ըստ ձեզ՝ այդ կոչմանն  արժանի արտիստներ չունե՞նք։

– Միանշանակ՝ ունենք։ Բայց մեր ենթագիտակցության մեջ արդեն տասնամյակներ շարունակ ժողովրդական արտիստը ասոցացվել է տարիքով մեծ արվեստագետի հետ… Կոչումները պետք է տրվեն ժամանակին եւ արժանի մարդկանց, որպեսզի այդ կոչումը թատրոնի մարդկանց եւ հենց ժողովրդի շրջանում չկորցնի իր իմաստն ու արժեքը։

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Գլխավոր լուսանկարում՝ Գեւորգ Հակոբյանը Ալֆիի կերպարում (Մասկանի՝ «Գեղջկական ասպետություն»)

«Առավոտ» օրաթերթ
09.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    Երբ ծնողներս երիտասարդ ուսուցիչներ էին, կառավարությունը ուղարկել էր Աբովյանի շրջանի Զառ գյուղում աշխատելու՝ ուսուցչություն անելու (դա՝ 1950- ական թվերի կեսերն էր): Լավ հիշում եմ, այնտեղ մի տարեց հարևանուհի ունեինք, անունը Քյուրիկ էր, նա պնդում էր, որ Ավագ Պետրոսյանը իր եղբայրն է (շատ ավելի ուշ պարզվեց, որ Մեծ երգիչը, այդ գյուղում քույր չի ունեցել) … Կարևորն այն է, որ այդ խուլ գյուղում, այդ թվերին, երբ հեռուստացույց չկար, ռադիոն, էլեկտրականությունը նոր – նոր էր, Ավագ Պետրոսյանին ճանաչում էին, քանի որ իրենց գյուղում համերգ էր ունեցել … Այսօրվա, Ժողովրդական արտիստներին, իսկի հարևանները չեն ճանաչում … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930