Լրահոս
Օրվա լրահոսը

«Դժվար կյանք եմ անցել ու հասկացել՝ շատ քիչ բան կա աշխարհում, որ մեր ձեռքում չէ». Անահիտ Դիլբարյան

Ապրիլ 10,2020 13:00

«Նախագահի մրցանակը շատ կարեւոր է եղել իմ կյանքում: Մինչ այդ միջազգային շատ մրցույթների էի մասնակցել ու միշտ պատվավոր տեղերով վերադարձել, իսկ երբ քո պետությունում ես ստանում, այն էլ՝ նախագահի մրցանակ, որն ամենապատվավորն է Հայաստանում, հասկանում ես, որ քո երկրի մասնագետներն էլ են գնահատում արածդ: Մրցանակը պատասխանատվության զգացումն է շատացրել, մի օր նվագելուց հետո հանկարծ չասեն՝ սա ա՞յն աղջիկն է, որը մրցանակ է ստացել նախագահից, փորձում ես ստատուստը պահել». Անահիտ Դիլբարյանի, Վիգեն Հարությունյանի եւ Ավետիք Ղազարյանի դաշնամուր-ֆագոտ-կլարնետ արտասովոր տրիոն 2015-ին արժանացավ նախագահի երիտասարդական մրցանակի: Արտասովոր, որովհետեւ դաշնամուրային տրիոյի կազմը սովորաբար այսպիսին է՝ ջութակ-թավջութակ-դաշնամուր:

Անահիտ Դիլբարյանը որոշել էր, որ մրցույթից հետո տրիոն կշարունակի իր կյանքը, անուն կունենա, համերգներով հանդես կգա: Բայց դեռ չեն հասցրել, ասում է՝ ընտանիք եմ կազմել, երեխաներ ունեցել, տրիոյի գործերը հետաձգել: Մրցանակաբաշխության գումարը, Անահիտի խոսքով, շատ լավ բանի է ծառայել. «Ես շատ երկար տարիներ չէի հանգստացել, ու գերհոգնածություն կար, հենց դա ստացվեց, ես որոշեցի, որ մի մասը գոնե պետք է օգտագործեմ ուժերս վերականգնելու համար ու ծախսեցի հանգստիս վրա»:

Հարցին՝ ինչպե՞ս եք հաղթահարում արտակարգ դրության այս օրերը՝ Անահիտ Դիլբարյանը պատասխանեց. «Ես արդեն չեմ հիշում, թե երբ եմ վերջին անգամ տնից դուրս եկել, երեւի 13 օր է՝ ընդհանրապես դուրս չեմ եկել, անգամ խանութ չեմ գնացել: Սա նպաստում է, որ նոր գաղափարներ ծնվեն: Ես չափից դուրս բուռն գործունեություն եմ ծավալում, տարբեր երեխաների հետ եմ աշխատում, տարբեր երաժիշտների, նվագախմբերի հետ համագործակցում: Հիմա, երբ դադար է, շատ լավ մտքեր են ի հայտ գալիս իմ հիմնադրամի հետ կապված, որը ստեղծել ենք իտալաբնակ իմ ընկերոջ՝ Տարիել Բիշարյանի հետ. «HighArt» մշակութային հիմնադրամն է, զբաղվում ենք պատանի երաժիշտների հարցերով»:

Հարցրի՝ ձեր տունը պատշգամբ ունի՞, ինչպես Իտալիայում էին երաժշտությամբ փորձում հաղթահարել ինքնամեկուսացումը, կարո՞ղ է դուք էլ նման մի բան անեք։ Դիլբարյանը պատասխանեց. «Ցավոք, չեմ կարող այդպես անել, նախ, մենք պատշգամբ չունենք, երկրորդը՝ այնպես է ստացվել, որ մեր շենքում համարյա բնակիչ չկա, երկու ընտանիք է ապրում»:

Մեր օրերում հազվագյուտ երեւույթ է, որ նման հաջողությունների հասած արվեստագետը դասավանդում է երաժշտական դպրոցներում՝ Բարսեղ Կանաչյանի անվան, Աշտարակի Արտեմի Այվազյանի անվան, Հեքիմյանի դպրոցներում, Առնո Բաբաջանյանի երաժշտական ուսումնարանում, Մալունցյանի անվան արվեստի դպրոցում, ի՞նչ է դա նրան տալիս. «Դա սեր է, ես սիրում եմ սովորեցնել մարդկանց: Մարդիկ կան, որ իրենց գաղտնիքները չեն սիրում բացել, ես՝ հակառակը: Դասավանդելն իմ տարերքն է, հատկապես շատ փոքր բալիկների՝ 4-5 տարեկանների հետ ես ինձ երջանիկ եմ զգում: Ինձ միշտ հարցնում են՝  չե՞ս հոգնել, այդքան ժամանակ ես ծախսում այդ երեխաների հետ, հո բոլորը երաժիշտ չե՞ն դառնալու: Ասում եմ՝ ես իրենց եմ սիրում, իրենք՝ ինձ, ցավոք, գիտակցում եմ, որ շատերը գալիս են ինձ համար, ոչ թե դաշնամուրի, ու շատ քիչ մարդ կա, որ կարող է շարունակել, բայց ինձ համար դասապրոցեսն ուղղակի երջանկություն է»:

Կարանտինի այս օրերին առցանց ուսուցումը հաջողվո՞ւմ է իրականացնել, հատկապես երաժշտական դասերի հետ կապված համացանցում բազմաթիվ հումորներ կան, ասում են՝ նվագիր, երեխան պատասխանում է՝ չեմ կարող, տատիս քնած է. «Ես տարիների փորձ ունեմ առցանց դասեր անցկացնելու, ունեցել եմ վարպետության դասեր, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում ապրողների հետ: Փորձի պակաս չեմ ունեցել ու ինձ համար դա ոնց որ սովորական հերթական դաս լինի, կորուստ ընդհանրապես չեմ նկատում: Պոզիտիվ բաներ լինում են: Մի բալիկ ունեմ, իր փոքրիկ քույրիկը շատ է սիրում դաշնամուր նվագել, ու հենց պարապում ենք, գալիս է։ Մի օր ոչ մի կերպ չէր հաջողվում իրեն բռնել ու դասն ավելի շատ իր հետ անցկացրի, քան աշակերտիս»:

Երեխաներին դասավանդելն ու հիմնադրամով աջակցելը խորը դրդապատճառներ ունի: Անահիտն անկեղծացավ. «Ես իրականում շատ-շատ դժվար ճանապարհ եմ անցել, չեմ ունեցել բարեկամ, ծանոթ, չեմ ունեցել այնպիսի պապա-մամա, որ կկարողանան ինձ առաջ տանել, ուղղակի ծնողներս ամեն ինչ արել են, որ ես սովորեմ Երեւանում: Բայց մյուս հարցերում, օրինակ՝ այս համերգասրահում համերգ կտաս, որովհետեւ այս ծանոթն ունես, այդ խնդիրը միշտ եղել է: Շատ անգամ եղել է, որ զանգահարել են, ասել են՝ այսինչ համերգին կնվագե՞ս, հետո տեսել եմ, որ ինչ-որ մարդիկ են մեջ ընկել, ու ես չեմ նվագել: Ես հասկացա, որ այս ճանապարհով դեռ շատ երեխաներ են անցնելու, հիմնադրամը ստեղծեցինք, որ լավ երաժիշտները, լավ երեխաներն ու լավ պատանիները, որոնք չունեն ծանոթներ, բայց տաղանդաշատ են, կարողանան իրենց ճանապարհը գտնել, ես էլ մի փոքր լումա ունենամ իրենց ճանապարհ տալու գործում: Ես չեմ կարծում, որ մի օր «ծանոթովը» կվերանա աշխարհի երեսից, դրա համար փորձում եմ փոքր-ինչ մեղմել: Ցավոք, ես ինչքան շատ եմ կյանքս ապրում, այնքան հասկանում եմ, որ գուցե այդ խնդիրն իրականում կա բոլոր երկրներում, ուղղակի քանի որ փոքր երկիր ունենք, այստեղ ավելի վառ է արտահայտված»:

Անահիտի մայրը քանոնահար է։ Ինքը փորձում է հորը նմանվել. «Մայրս փխրուն էակ է, իսկ հայրս միշտ սովորեցրել է, որ շատ պինդ պետք է լինեմ: Ես մայրիկիս հետ Երեւանում էի ապրում, հայրս քույրիկիս ու եղբորս հետ՝ Սպիտակում: Շատ դժվար էր: Ընտանիքը կիսվել էր: Ու երբ ես նեղված զանգում էի հայրիկիս, կիսալացելով բողոքում՝ այսպիսի բան է եղել, մի խորհուրդ էր տալիս՝ եթե դու այդքան պինդ չես, ուրեմն թո՛ղ այդ ասպարեզը, քո տեղը չի, իսկ եթե ուզում ես մնալ, ուրեմն ամեն ինչին պարտավոր ես դիմակայել: «Չե՛մ կարող անել» բառերը երբեք չի ասել ինքը: Ինձ հաջողվել է իրեն նմանվել: Ճիշտ է, շատ դժվար կյանք եմ անցել, բայց հասկացել եմ՝ շատ քիչ բան կա այս աշխարհում, որ մեր ձեռքում չէ, երեւի թե միայն մարդկային կյանքը, մնացած ամեն ինչը կարելի է կազմակերպել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

ՀՀ նախագահի ամենամյա մրցանակը նախաձեռնել եւ ֆինանսավորում է Պողոսյան հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա)։ Մրցանակաբաշխությունը կազմակերպում է Հայաստան համահայկական հիմնադրամը։ Մրցանակներն ավանդաբար ՀՀ նախագահի նստավայրում հանձնում են Հանրապետության նախագահը եւ Պողոսյան հիմնադրամի ներկայացուցիչը։

 «Առավոտ» օրաթերթ
09.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930