Ռուսական քաղաքականությունից Փաշինյանի եւ Լուկաշենկոյի հրապարակային դժգոհությունից հետո Մոսկվայից հիշեցրին՝ գազի գինը պետք է բարձրանա, սպասենք հայ-ռուսական բանակցությունների արդյունքներին:
Ռուսական գազի թեման կրկին ասպարեզում է: Ապրիլի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նրանք քննարկել են Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր: «Տեղեկատվություն են փոխանակել Covid-19 համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ տարվող քայլերի մասին: Նշվել է, որ երկու երկրներում էլ իրավիճակն այդ առումով լիովին վերահսկելի է: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումների անխափան իրականացումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկած քայլերի եւ Ռոսպոտրեբնաձորի հետ արդյունավետ համագործակցության համար: Կողմերը պաշտպանել են տեսակոնֆերանսի միջոցով Եվրասիական բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու գաղափարը: Զրուցակիցները կարեւորել են ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում մշտական շփումների իրականացումը»,- ասվում էր կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում:
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ հայկական կողմի նախաձեռնությամբ Բելառուսի նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջեւ կայացել է հեռախոսազրույց: Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նիկոլ Փաշինյանը քննարկել էին տնտեսության գործունեությունը ներկայիս ծանր պայմաններում՝ նշելով առկա լուրջ խնդիրներն ու դժվարությունները: Նրանք կարծիքներ էին փոխանակել ածխաջրածինների գների վերաբերյալ, որոնք Բելառուսն ու Հայաստանը ներմուծում են Ռուսաստանից: Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նիկոլ Փաշինյանն արձանագրել էին բնական գազի գնի բարձր մակարդակը, նշելով, որ այն ակնհայտորեն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին եւ, ընդհանուր առմամբ, ստեղծված իրավիճակին:
Բելառուսի նախագահը եւ ՀՀ վարչապետը քննարկել էին ԵԱՏՄ ղեկավարների հանդիպման հնարավորությունը՝ տնտեսական զարգացող մարտահրավերները քննարկելու համար: Նման հանդիպում անցկացնելու նախաձեռնությունով հանդես էր եկել Ալեքսանդր Լուկաշենկոն՝ որպես Եվրասիական տնտեսական միությունում նախագահող երկրի ղեկավար: Բելառուսի առաջնորդն ընդգծել էր հրատապ հարցերի առկայությունը, որոնք պահանջում են մանրամասն քննարկում ամենաբարձր մակարդակով: Բելառուսի ղեկավարը հանձնարարել էր ԵՏՀ Խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին՝ յուրաքանչյուր կողմի հետ մշակել այդ հարցը եւ նրանց հասցնել քննարկված դիրքորոշումները: Եթե պետությունների ղեկավարները համաձայնեն, Բելառուսը կառաջարկի հանդիպումը անցկացնել բացառապես նեղ կազմով՝ երաշխավորելով ժամանած պատվիրակությունների յուրաքանչյուր անդամի լիակատար անվտանգությունը:
Կարդացեք նաև
Փաշինյանն ու Լուկաշենկոն, այսպիսով, դժգոհել էին ռուսական գազի գնի բարձր մակարդակից, համարելով, որ այն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին եւ ստեղծված իրավիճակին:
Արձանագրենք ավելին՝ Ռուսաստանը Հայաստանի եւ Բելառուսի գործընկեր, ռազմավարական գործընկեր է համարվում, էլ ե՞րբ, եթե ոչ հիմա Ռուսաստանը պետք է աջակցի դաշնակից պետություններին: Բայց ինչպես Ռուսաստանի շահն է թելադրում՝ Մոսկվան նախընտրում է օգնել օրինակ՝ Իտալիային ու Միացյալ Նահանգներին:
Ինչո՞ւ Փաշինյանը նախընտրեց Հայաստանի դժգոհությունը Բելառուսի ղեկավարների հետ հրապարակային ներկայացնել… Նկատենք, որ Լուկաշենկոն պարբերաբար դժգոհում է ռուսական քաղաքականությունից՝ տարբեր թեմաներով: Ժամանակ առ ժամանակ նա քննադատության դոզան ավելացնում է, կամ նվազեցնում, հետո հանդիպում է Պուտինին, ջերմորեն գրկախառնվում եւ ռուս-բելառուսական հերթական «լարումը» մնում է անցյալում:
Ընդհանուր առմամբ, Փաշինյանի եւ Լուկաշենկոյի հաղորդագրությունից կարելի է եզրակացնել, որ Փաշինյանն ու Լուկաշենկոն նախընտրել են հրապարակային դժգոհություն հայտնել, ինչը, թերեւս, նշանակում է, որ կամ նրանք Պուտինի հետ նման քննարկում չեն կարողացել մինչ այդ նախաձեռնել, կամ էլ՝ նախաձեռնել են, բայց այնքան էլ բավարարված չէին արդյունքներից, կամ էլ՝ որոշել են միանգամից թեման հրապարակայնացնել՝ նպատակ ունենալով նրա վրա այդ ձեւով ազդեցություն թողնել: Բայց արժե՞ր, որ Փաշինյանը Բելառուսի ղեկավարի հետ, որը պարբերաբար Ռուսաստանի հետ խնդիրներ է ունենում, այսպես ասած՝ հանդես գար միասնական դիրքերից՝ Կրեմլից դժգոհելու հարցում… Սա մի հարց է, որն արդեն վերաբերում է ոչ միայն հայ-ռուսական գազային թեմային, այլ՝ հայ-ռուսական հարաբերություններին: Իսկ գազի գնի բարձրացման մասին խոսվում էր դեռ ամիսներ առաջ, հետեւաբար, այստեղ արդեն պետք է հաշվել՝ թե ինչ ենք շահում եւ ինչ կորցնում: Հուսանք, որ այդ հաշվարկը ՀՀ իշխանություններն արել են:
Հայտնի էր արդեն, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով էր դիմել «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Նամակում, մասնավորապես, ասվում էր. «Արդեն ակնհայտ է, որ կորոնավիրուսի հետեւանքները բացասական ազդեցություն կունենան մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վրա, եւ դա կհանգեցնի էներգառեսուրսների սպառման ծավալի անկմանը: Մենք, իհարկե, ամեն կերպ կխթանենք արտադրության եւ սպառման աճը, բայց նշված միջոցառումների արդյունավետության համար անհրաժեշտ է ապահովել մրցակցային միջավայր: Մենք բոլորս հասկանում ենք, որ Հայաստանում գազի գինը այս իմաստով ունի մեծ նշանակություն: Մենք նաեւ հասկանում ենք, որ մեր երկրների բարեկամական հարաբերությունների մասշտաբներն ու մակարդակը թույլ են տալիս մեզ եւ պահանջում են մեզնից ժամանակին բարձրացնել եւ քննարկել մեր երկրների, այդ թվում` առեւտրատնտեսական համագործակցության կայուն զարգացման համար համակարգային նշանակություն ունեցող հարցեր»:
Փոխվարչապետը նամակում ընդգծել էր նաեւ, որ հաշվի առնելով կանխատեսումներն ու համաշխարհային շուկաներում էներգառեսուրսների, այդ թվում՝ նավթի եւ գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը` ՀՀ կառավարությունը նպատակահարմար է համարում սկսել նոր բանակցություններ Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ: «Մասնավորապես, մենք պատեհաժամ ենք համարում Հայաստանի եւ Վրաստանի սահմանին հազար խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաեւ գազի համար վճարումը ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի քննարկումը», – նշված է նամակում:
Փաշինյանի դժգոհությանն ու փոխվարչապետի նամակին անմիջապես հետեւեց ռուսական կողմից, այսպես ասած՝ կայծակնային պատասխան: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազի սակագների սահմանման կամ վերանայման համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մասին հայտարարություն տեղադրեց ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։ Ըստ այդ հայտարարության՝ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է 2020թ. հուլիսի 1-ից սպառողների համար բնական գազի գինը բարձրացնել 36 տոկոսով։ Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչեւ 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի գործող սակագինը 100,000 դրամ է։ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է սակագինը դարձնել 135,909.6 դրամ։ Ընկերությունը, սակայն, նախատեսում է որոշ չափով նվազեցնել ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող գազի սակագինը՝ յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի դիմաց առաջարկելով 135,909.6 դրամ` գործող 139 000 դրամի փոխարեն։
Ռուսաստանի վարած քաղաքականությունից Փաշինյանի եւ Լուկաշենկոյի հրապարակային դժգոհության առիթով ստացվեց հրապարակային պատասխան-հիշեցում, որ գազի գինը պետք է բարձրանա: Մնացյալը կրկին կտեղափոխվի բանակցությունների դաշտ:
Հատկանշական է, հայ-բելառուսական դժգոհությունից մեկ-երկու օր անց տեղեկություն ստացվեց այն մասին, որ ապրիլին Բելառուսը ծրագրում է Ռուսաստանից ստանալ 2 միլիոն տոննա նավթ՝ մեկ բարելի դիմաց շուրջ 4 դոլար գնով: Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, ինչպես հաղորդում էին լրատվամիջոցները, նշել էր. «Այսօր ես կարծում եմ, որ «Բելնեվտոքիմ»-ը կավարտի բանակցությունները ռուսաստանյան ընկերությունների հետ՝ ապրիլ ամսվա ընթացքում նավթի մատակարարման վերաբերյալ», – ավելացրել է նա: БЕЛТА գործակալության փոխանցմամբ, Ռումասը հաստատել է, որ ռուսական նավթային ընկերությունների կողմից առաքումը կլինի առանց հավելավճարների: «Կառավարության խիստ եւ հետեւողական քաղաքականությունը՝ առանց հավելավճարների ռուսական նավթ գնելու մասին, պահպանում է մեր կառավարությունը: Այս կոշտ դիրքորոշման արդյունքն այն գինն է, որով մենք ապրիլին ՌԴ-ից կստանանք նավթ՝ մեկ բարելի դիմաց 4 դոլար արժեքով»,- հավելել էր Բելառուսի վարչապետը:
Ամփոփումը՝ վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 09.04.2020