Մոնիկա Բելուչին՝ ինչպես որ կա
Մոնիկա Աննա Մարիա Բելուչին տղամարդկանց կուռքն է, նաեւ շատ աղջիկներ երազում են նրա նման կանացի լինել:
Իտալացի մոդելն ու հոլիվուդյան աստղը շարունակում է սրտեր գերել ու պահանջված լինել իբրեւ արտիստ:
Kulturologia.ru-ն մի քանի կարեւոր փաստ է առանձնացրել նրա կյանքից:
Կարդացեք նաև
Մոնիկա Բելուչին ծնվել է Իտալիայում՝ 1964թ.-ին: Նա ընտանիքի սպասված եւ միակ երեխան է եղել: Ու չնայած ամերիկյան հռչակին՝ Բելուչին երբեք չի դավաճանել իր հայրենիքը: Նա այժմ էլ շարունակում է մնալ Իտալիայի քաղաքացի:
Իր մոդելային կարիերան Մոնիկա Բելուչին սկսել է դեռահասության տարիքում, ինչի արդյունքում էլ նրան նկատել են հայտնի ռեժիսորները: 1990-ից Բելուչին սկսում է նկարահանվել ֆիլմերում` «Կյանքը որդիների հետ», «Ավազակները», «Չարաշահում», հիմնականում հանդես է գալիս էպիզոդիկ դերերում: 1992թ. Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան նրան հրավիրում է իր ֆիլմում նկարահանվելու, եւ Դրակուլայի հարսնացուի դերը «Դրակուլա» ֆիլմում դառնում է Բելուչիի առաջին լուրջ դերը, որից հետո բազմաթիվ առաջարկներ է ստանում ամենահայտնի ռեժիսորներից եւ կինոստուդիաներից:
1996թ. Մոնիկա Բելուչին նոմինացվում է «Սեզարի»՝ «Բնակարան» ֆիլմում խաղացած դերի համար: Նա ամենատարբեր կերպարներ է մարմնավորում՝ սկսած էրոտիկ տեսարաններով ֆիլմերից, վերջացրած հոգեւոր ֆիլմերից մինչեւ Ջեյմս Բոնդի «աղջիկ»:
2003թ. դերասանուհին խաղացել է իր ամենահայտնի դերը՝ «Մատրիցա» ֆիլմում՝ մարմնավորելով կրքոտ Պերսեֆոնային: Նրա համբույրի տեսարանը համարվել է լավագույնը՝ ըստ MTV Movie Awards-ի: Շարունակելով նկարահանվել ֆիլմերում, արդեն աշխարհով մեկ հայտնի մոդելը դառնում է նույնքան աշխարհահռչակ դերասանուհի՝ բազմաթիվ կինոմրցանակներով։ Նրա լուսանկարները հայտնվում են սնդուսափայլ ամսագրերի շապիկներին։ Իսկ Ջուզեպե Տորնատորեի «Մալենա» ֆիլմում նրա դերասանական տաղանդը բացահայտվում է ողջ շքեղությամբ։
Ի դեպ, մինչ մոդելային կարիերան՝ Մոնիկա Բելուչին երազում էր դատավոր դառնալ եւ հետաքրքրված էր իրավաբանությամբ: 1990թ. դերասանուհին ամուսնանում է հայտնի լուսանկարիչ Կլաուդիո Բասոյի հետ, սակայն զույգը չորս տարի անց բաժանվում է: 1999-ին դերասանուհին ամուսնանում է դերասան Վենսան Կասելի հետ: Վերջինիս հետ աստղը հանդիպել է 5 տարի մինչեւ ամուսնությունը։ Զույգը համատեղ երկու դուստր ունի: 2013 թվականին Մոնիկա Բելուչին կրկին բաժանվում է։ Մինչեւ 2019թ. հանդիպել է գործարար Թելման Իսմայիլովի հետ, այնուհետեւ Նիկոլաս Լեֆեվրի հետ, որից նույնպես բաժանվում է:
2012-ին Մոնիկա Բելուչին դարձել է Dolce & Gabbana բրենդի գլխավոր դեմքը, դրա համար էլ ոչ մի տաբլոիդ ձեռնպահ չի մնացել նրա գեղեցիկ դեմքը հրապարակելուց: Մոնիկա Բելուչին նաեւ խոստովանել է, որ երազել է երգչուհի դառնալ, նաեւ չի թաքցրել, որ իր սիրելի դերասանուհիներն են Սոֆի Լորենն ու Կլաուդիա Կարդինալեն:
Գեղեցկության խորհրդանիշը սիրում է կրկնել, որ գեղեցկությունը կնոջ համար խնդիր է դառնում, երբ այն գոյություն չունի կամ կինը գեղեցկությունից բացի, ոչինչ չունի: Նա կանանց նման խորհուրդ է տվել. «Դու գեղեցիկ ես, եթե քեզ այդպիսին ես համարում, ու կարեւոր չէ, թե ինչ են մտածում ուրիշները»:
Պատրաստեց Գ. ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
09.04.2020