Ապրիլի 10-ին և ապրիլի 11-ին Լուսավոր Հայաստան կուսակցության (ԼՀԿ) որոշ պատգամավորներ, փորձագետներ ժամը 11.00-18.00 կպատասխանեն քաղաքացիների՝ ՀՀ կառավարության սոցիալական աջակցության ծագրերին վերաբերող հարցերին:
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ քաղաքացիները կարող են զանգել 010523901, 099523901 հեռախոսահամարներով, գրել կուսակցության ֆեսբուքյան էջին և ԼՀԿ մեյլով իրենց հուզող հարցերի վերաբերյալ նամակներ ուղարկել:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ այս օրերին բազմաթիվ քաղաքացիների կողմից ստանում են զանգեր, երբ ներկայացնում են իրենց իրավիճակը և հետաքրքրվում, թե ինչպես կարող են սոցիալական աջակցություն ստանալ: Ըստ ԼՀԿ խմբակցության ղեկավարի՝ հասկանալի է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թե′ թեժ գիծը, թե′ ֆեյսբուքյան էջը չեն կարող միանգամից հազարավոր քաղաքացիների հարցերին պատասխանել, դրա համար էլ փորձում են օգնել:
Այս առիթով ասաց. «Որոշեցինք ինչ-որ չափով բեռ վերցնել մեզ վրա, որը հիմա կրում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և քաղաքացիներին ուղղորդել, թե ինչպես ճիշտ դիմել և արագ ստանալ այդ սոցիալական աջակցությունը ու հոգալ իրենց շտապ կարիքները: Լուսավոր Հայաստան կուսակցության գրասենյակում մեր մասնագետները, նաև պատգամավոր Անի Սամսոնյանը կպատասխանեն քաղաքացիների զանգերին, ինչպես նաև ԼՀԿ ֆեյսբուքյան էջի միջոցով եկած հարցերին և կուղղորդեն քաղաքացիներին, թե ինչպես օնլայն դիմել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքով նշված ծրագրերին: Նաև իրավիճակներ ունենք, երբ մարդիկ չեն կարողանում օնլայն դիմել, ու կարիք կունեն հեռախոսով խոսելու և բացատրություն ստանալու, թե ինչպես դիմել: Բացի այդ մենք կհավաքագրենք նաև տեղեկություններ այն անձանց մասին, որոնք գտնվում են կարիքների մեջ, բայց այս փաթեթների չափանիշներին չեն համապատասխանում»:
Կարդացեք նաև
Էդմոն Մարուքյանը նաև տեղեկացրեց՝ կառավարությունը մասամբ բավարարել է իրենց առաջարկությունը ԴԱՀԿ-ի՝ հաշիվների վրա կալանք չդնելու առնչությամբ. «Տարբեր իրավիճակների պատճառով ԴԱՀԿ-ի կողմից մարդկանց հաշվեհամարները գտնվում են կալանքի տակ: Դիմել էի կառավարությանը, արդարադատության նախարարությանը, որ մինչև կես միլիոն դրամի դեպքում ԴԱՀԿ-ն ազատի հաշիվները: Այդ առաջարկությունը մերժվել է, բայց բավարարվել է մի հատվածով, որ եղած սոցիալական աջակցության գումարները, որոնք կառավարության այս փաթեթների միջոցով փոխանցվելու են մարդկանց բանկային հաշիվների վրա, դրանք ԴԱՀԿ-ի կողմից չեն բռնագանձվի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ