Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան մոբիլիզացվում է Իտալիայի կողքին. Չէին գիտակցում, որ այս հարաճարակը կարող ենք հաղթահարել միայն միասնաբար

Ապրիլ 09,2020 23:20

Վերջին ամիսներին Իտալիան միջազգային մամուլի առաջին էջերին է: Անշուշտ պատճառը բոլորիս հայտնի նոր կորոնավիրուսի հսկայական արագությամբ տարածումն է և դրա հետևանքները տարբեր ոլորտներում՝ տնտեսականից մինչև կրթական ու սոցիալական: Առաջին դեպքը Իտալիայում գրանցվել էր հունվարի 30-ին, որին էլ հաջորդեց հիվանդության աննախադեպ աճը: Այսօր էլ իրավիճակը դեռ շարունակում է մնալ մտահոգիչ:

Հարկ է նշել, որ Իտալիայի առողջապահական համակարգը իրապես լավագույններից է աշխարհում: 2018 թ.-ի ՏՀԶԿ-ի տվյալների համաձայն  այն համարվել է Եվրոպայի ամենաարդյունավետ առողջապահական համակարգերից մեկը, սակայն այս հարաճարակի տարածմանը զուգընթաց սկսվեց բարձրաձայնվել այն փաստը, որ վերջին տարիներին Իտալիայի կառավարությունը մեծապես կրճատել էր այս ոլորտի համար նախատեսված ֆոնդերը: Gimbe անկախ հետազոտական կենտրոնի տվյալներով  2011-19 թթ.-ին  կրճատումները կազմել են 37 միլիարդ: Սկզբնական շրջանում Իտալիայում հարաճարակի արդյունքում ստեղծված քաոսային իրավիճակը և իրապես դժվար վերահսկելի իրադրությունը արդյունքն էր նաև հենց այս կրճատումների:

Հարաճարակի ուժգնացմանը զուգահեռ Իտալիայի կառավարությունը հանդես եկավ մի շարք առաջարկներով, որոնք հնարավորինս կմեղմացնեին ճգնաժամի հետևանքները: Սակայն, հարկ է նշել, որ առաջին փուլում Իտալիան իրապես միայնակ էր կորոնավիրուսի դեմ պայքարում, և ԵՄ-ից սպասված  օգնությունը ուշանում էր: Սա մի շարք ներքաղաքական քննարկումների առիթ դարձավ: Իտալիայի որոշ քաղաքական ուժեր, ինչպես օրինակ Fratelli d’Italia-ն հաճախ կասկածի տակ էին դնում Իտալիայի ԵՄ անդամակցության արդյունավետությունը: Այս օրերին վերլուծաբանները խիստ քննադատության էին արժանացնում Եվրոպական միությանը Իտալիայի կողքին չկանգնելու և չաջակցելու համար: Il Tempo թերթը գրում էր. «Մեզ թողեցին միայնակ: Բոլորը՝ առանց բացառության: Ամեն կերպ մի հսկայական Կոլիզեյ կանգնեցրին, որի կենտրոնում կորոնավիրուսի քաղցած առյուծներն էին, իսկ մենք բոլորս փակված էինք ներսում »:

Ավելին, մամուլը բարձրաձայնում էր այնպիսի դեպքերի մասին, երբ որոշ եվրոպական երկրներ խոչընդոտում էին Իտալիայի համար նախատեսված բժշկական պարագաների մուտքը երկիր: Նման խնդրի է անդրադարձել La Stampa թերթը՝ մեջբերելով Լացիո շրջանի առողջապահության գծով խորհրդական Alessio D’Amato-ի զեկույցը: Խոսքը գնում է Լացիո շրջանի համար պատվիրված 23.000 FFP2 բժշկական դիմակների մասին, որոնք  առգրավվել էին Լեհաստանի մաքսակետերից մեկում:  D’Amato –ն այս միջադեպն աննախադեպ է համարում՝ նշելով, որ այդ մասին անմիջապես տեղեկացրել է Ազգային քաղաքացիական պաշտպանության կենտրոնին և խնդրել դիվանագիտական կառույցների միջամտությունը խնդրին լուծում տալու համար:

Վերջին օրերին նկատելի է, որ Եվրոպան մի շարք քայլեր է ձեռնարկել լրացնելու այն բացը, որի մասին շարունակաբար բարձրաձայնում էին քաղաքական գործիչները: Իտալիա-ԵՄ հարաբերությունների վերջին զարգացումները ավելի հստակ են արտացոլվում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նամակում, որը նա գրել էր իտալական Repubblica թերթին և Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի կողմից գրված պատասխան նամակում: Եմ հանձնաժողովի նախագահի նամակը վերնագրված էր «Ներեցե՛ք մեզ, այժմ ԵՄ-ն ձեր կողքին է»:

Նամակում  ասվում է. «Այսօր Եվրոպան մոբիլիզացվում է Իտալիայի կողքին: Ցավոք միշտ չէ, որ այդպես է եղել: Անհրաժեշտ է ընդունել այն փաստը, որ ճգնաժամի առաջին օրերին, շատերը մտածում էին միայն իրենց «սեփական տան» խնդիրների մասին, երբ կար ընդհանուր եվրոպական արձագանքի կարիք: Նրանք չէին գիտակցում, որ այս հարաճարակը կարող ենք հաղթահարել միայն միասնաբար, որպես Միություն: Սա վնասաբեր պահվածք էր, և կարելի էր դրանից խուսափել: Այս օրերին  անձերի միջև հեռավորությունը խիստ կարևոր է մեր անվտանգության համար, հեռավորությունը եվրոպական ազգերի միջև, հակառակը, վտանգի է ենթարկում բոլորին»:

Այս խոստովանությունից հետո Եվրոպական հանձնաժողովի նախագահը անդրադառնում է մի շարք հստակ գործողությունների: Խոսքը Sure ծրագրի մասին է , որով ԵՄ-ն հատկացնում է 100 միլիարդ եվրո՝ օգնելու  հարաճարակից առավել տուժած երկրներին: Դրանից բացի Ներդրումների եվրոպական բանկը օգնում է եվրոպական փոքր և միջին ձեռնարկություններին՝ գտնելու համար ֆինանսավորումներ, որոնց կարիքը մեծապես զգացվում է:

Իր նամակում Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խոսում է համերաշխության ու դրա կարևորության մասին, ապա ամփոփում.  «Բոլորս կնախընտրեինք ապրել ավելի հեշտ ժամանակներում: Բայց այսօր մեզ մնում է միայն որոշել, թե ինչպես արձագանքել խնդրին: Իմ մտքում համերաշխության վրա հիմնված Եվրոպան է` մեր ամենամեծ հույսն ու ներդրումը մեր ընդհանուր ապագայում»:

ԵՄ նախագահի նամակի պատասխանը իհարկե չի ուշանում: Իտալիայի վարչապետ Կոնտեն գրում է. «Իտալիան գիտի, որ այս դարակազմիկ մարտահրավերին դիմակայելու բաղադրատոմսը գտնելու համար տնտեսագիտության դասագրքերը բավարար չեն: Համերաշխությունը պետք է լինի այն թանաքը, որով պետք է գրենք պատմության այս էջը»:

Ապա Կոնտեն խոսում է իր առաջարկի մասին, որը կոչվում է European Recovery and Reinvestment Plan՝ այն ներկայացնելով որպես մի համարձակ ծրագիր, որը կարիք ունի նորարարական գործիքների, ինչպես նաև ֆինանսական աջակցության: Նա նշում է.  «Այնպիսի փոթորկի առաջ, ինչպիսին COVID-19-ն է, որը բոլորիս է վերաբերում, անհրաժեշտ չէ փրկօղակ Իտալիայի համար. անհրաժեշտ է ամուր, եվրոպական փրկանավակ, որը մեր երկրները դեպի ապաստան կտանի: Ոչ մեկին չենք խնդրում թիավարել մեզ համար. մեր բազուկներն ուժեղ են»:

Ամփոփելով նամակը՝ Կոնտեն  վերահաստատում է համերաշխության կարևորությունը այս դժվարին օրերին և գրում. «Քաջություն ունենալու և ապագային իրապես համերաշխության աչքերով, այլ ոչ եսասիրության ֆիլտրով նայելու դեպքում միայն  կկարողանանք 2020թ.-ը հիշել ոչ որպես  եվրոպական երազանքի ձախողման, այլ դրա վերածնման տարի»:

Անի Վարդանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930