Կոտայքի մարզի Գողթ համայնքում կորոնավիրուսով վարակված միակ քաղաքացին շարունակում է մնալ «Վարդաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցը, որն այս պահին գտնվում է Արտաշատի հիվանդանոցում: Այս մասին Aravot.am-ին ասաց Գողթ համայնքի ղեկավար Կարեն Գաբրիելյանը:
Ըստ նրա՝ վարակված երիտասարդի ընտանիքի անդամները շարունակում են ինքնամեկուսացված մնալ, սակայն նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:
«Խոսել եմ հետը, ասում է գալիս են, ջերմությունս չափում են, ջերմություն չունեմ, սրտխառնոց չունեմ, ամեն ինչ նորմալ է, ուտում, խմում, իմ համար հանգիստ ապրում եմ, մինչեւ կարանտինն ավարտվի: Մեր համայնքում կորոնավիրուսով վարակված այլ անձ չկա, այս տղան էլ քրեակատարողական հիմնարկից է վարակվել: Գյուղում նման դեպք չկա, մարդիկ իրենց հողի աշխատանքին են»,- ասաց գյուղապետը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ